Նախարարները կամ տոտալ անգործության են մատնված, կամ միգուցե գործադուլ են անում

Նախարարները կամ տոտալ անգործության են մատնված, կամ միգուցե գործադուլ են անում

Այսօր վաղ առավոտից  «Դիմադրության շարժումը» Ֆրանսիայի հրապարակից սկսեց իր հերթական խաղաղ ակցիան և քայլերթը։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ շարժման մասնակիցների և ոստիկանական ուժերի միջև տեղի ունեցան բախումներ։ Hraparak.am-ը հետևելով «Դիմադրության շարժման» նախաձեռնություններին և նրանց կողմից ամենօրյա ծրագրերի իրականացմանը, այսօր ևս լուսաբանել է մայրաքաղաքային լարված բախումները և թեմայի շուրջ մեկնաբանություն ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանից։

«Ազգային Ժողովի պատգամավորներով նպատակ ունեինք մտնել Կառավարության 3-րդ մասնաշենքը, և այնտեղ նստող գերատեսչությունների ղեկավարներին շատ հստակ հարցադրումներ անեինք՝ կո՞ղմ, թե՞ դեմ են այն կետերին, որոնք նշված են այն օրակարգում, որ մենք ներկայացրել ենք։ Եվ  հայաստանյան քննարկման ենք դրել ու ասել՝ բոլոր քաղաքական, հասարակական գործիչները, կուսակցությունները, նույնիսկ Կառավարության անհատներն առանձին պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն։ Այդ նպատակով ժողովրդի հետ խաղաղ գնացել էինք, որպեսզի մեզ՝ պատգամավորներիս, թույլ տան մտնենք և  մեր հարցադրումները տանք։ Եվ այս ամենն իրականացնում էինք բավականին ցիվիլ, նորմալ մթնոլորտում։ Այստեղ որևիցե խնդիր չպիտի առաջանար»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով  մի խումբ պատգամավորներ պետք է մտնեին առողջապահության նախարարի մոտ, մի խումբը՝ տարածքային կառավարման նախարարի մոտ և այսպես համակարգված։

«Ժամանակը կգա և իրենք չեն կարողանալու հետագայում ասեն, թե ինչ կապ ունեին։ Այսօրվանից սկսած պետք է բոլորն իրենց հստակ դիրքորոշումները հայտնեին։ Ինչևիցե, տեսաք արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Նախ պատգամավորներին, ովքեր օրենքով սահմանված կարգով անխոչընդոտ իրավունք ունեին ներս  մտնել պետական շենք՝ ոստիկանները խոչընդոտեցին։ Որից հետո անհասկանալի կերպով իրավիճակը սրվեց և  խիստ անհամաչափ ուժի կիրառում տեղի ունեցավ։ Բավականին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին մեր հայրենակիցներին։ Հիմա ապօրինի կերպով կարծես թե  գործեր են կարվում նրանց վրա»,-ասաց պատգամավորը։

Բերման ենթարկվածների մեջ կայի՞ն պատգամավորներ, Գրիգորյանն ասաց, որ չկան, սակայն  ԱԺ պատգամավորների նկատմամբ հստակ ցուցումով բիրտ ուժ կիրառելու հրաման կա իրավապահ մարմինների կողմից։ Պատգամավորն իր խոսքում թվարկեց այն պատգամավորների անունները, որոնց նկատմամբ այսօր իրականացվել է բիրտ ուժի կիրառում։ Բիրտ ուժ է կիրառվել Աշոտ Սիմոնյանի, Գեղամ Մանուկյանի, Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի նկատմամբ։

«Ամեն բան անում են, որպեսզի իրենց պատկերացմամբ այս ցույցերը ցրվեն, բայց  հասկանալի է, որ մեր ժողովուրդը ընդհակառակը՝  հետ նահանջելու մտադրություն չունի։ Ընդհակառակը՝ ավելի է շատանալու այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են իրենց ընկերոջ կողքին գալ կամ փոխարեն գալ և կանգնել։ Եթե ոստիկանությունն ասում է այս  մեկ նախարարի հետ հնարավոր չէ կապ հաստատել և այլն, ապա  հիշեցնեմ, որ այդ շենքում գործում են մի քանի նախարարություններ։ Այսինքն, առնվազն մեկ նախարար պետք է այդ շենքում նստած լիներ։ Իսկ եթե որևէ նախարար այդ շենքում չկար, ուրեմն՝ կամ տոտալ անգործության են մատնված, կամ միգուցե գործադուլ են հայտարարել, դժվարանում եմ ասել»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ է նախատեսվում այսօր երեկոյան․ «Մենք երեկոյան քննարկում ենք ունենալու մեր հայրենակիցների հետ, որից հետո հասկանալու ենք նաև մեր քայլերի հաջորդականությունը և թե ինչ տրամաբանությամբ պետք է այն իրականացնենք»։

Մենք տեղեկացանք, որ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք եւ երթ է լինելու։