Լեռնային Ղարաբաղ. ողբերգական, բայց կանխատեսելի արդյունք․ Le Monde-ի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղ. ողբերգական, բայց կանխատեսելի արդյունք․ Le Monde-ի անդրադարձը

Ադրբեջանում տեղի ունեցած շրջադարձը, որը հարուցեց հայ բնակչության տեղահանությունը, արտացոլում է աշխարհաքաղաքական ենթատեքստ, որտեղ ուժն ավելի ու ավելի է գերակայում օրենքին: Այս մասին իր խմբագրականում գրել է ֆրանսիական Le Monde պարբերականը։

«Հարավային Կովկասում խոշոր էթնիկական զտումների գործողություն է ընթանում, որն իրականացվում է կայծակնային արագությամբ։ Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը լիովին վերահսկողության տակ առան Լեռնային Ղարաբաղի անկլավը՝ ստիպելով այնտեղի անջատողական իշխանություններին վայր դնել զենքերը սեպտեմբերի 20-ին՝ լուծարելով իրենց ստեղծած ինքնավար հանրապետությունը և կանգնեցնելով նրանց արտագաղթի ճանապարհի առջև։ Ղարաբաղը լքել է 100,000 հայ կամ բնակչության ավելի քան 80%-ը․ նրանք պնդում են, թե ստիպված են եղել լքել իրենց տները, քանի որ այնտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում»,-ասվում է հոդվածում։

Հայաստանի համար սա ավելի քան երեսուն տարի առաջ Խորհրդային Միության փլուզումից ծնված նախագծի դառը և դաժան ավարտն է, երբ, օգտվելով Մոսկվայի խառնաշփոթից, Լեռնային Ղարաբաղի հայերը առաջինը փորձ արեցին ձերբազատվել նրանից, գրում է պարբերականը և հավելում, որ հաջորդ երեք տասնամյակները նշանավորվեցին երկու մահացու պատերազմներով, պատերազմող կողմերի ճակատագրի շրջադարձով։

«Տարածաշրջանի փորձագետներից քչերին է զարմացրել իրադարձությունների այս զարգացումը: Բաքուն 2020 թվականի պատերազմից ի վեր գտնվում է ուժեղ դիրքերում, որի ինքնիշխանությունը տարածքի նկատմամբ այժմ ճանաչված է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվրամիության կազմակերպած բանակցությունները վերածվեցին խուլերի երկխոսության հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պնդող պարոն Փաշինյանի և միայն տարածքային ամբողջականության մասին խոսող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ 

Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ երթուղին է և որը կազմակերպել էին ադրբեջանական ուժերը 2022 թվականի դեկտեմբերից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բոլոր մատակարարումներից, Բաքվի ցանկության հստակ նշան էր. վերջ հայկական ներկայությանը»,-գրում է Le Monde-ը։

Իր շրջադարձային քայլի համար Ալիևը ոչ միայն օգտվեց ավտորիտար ռեժիմի ներքաղաքական իրավիճակից, այլև խոսեց այն հանգամանքը, որ նա այն նախագահի որդին է, որը խորհրդային ռեժիմի օրոք երկաթե բռունցքով կառավարում էր Ադրբեջանը։ Նա նաև հասկանում էր, որ աշխարհաքաղաքական համատեքստը, որտեղ ուժն ավելի ու ավելի է գերակայում իրավունքին, իրեն ձեռնտու է, շարունակում է ֆրանսիական պարբերականը։
Ռուսաստանը, սպառված Ուկրաինայի դեմ տասնութ ամիս շարունակ մղած պատերազմով, հրաժարվել է Հայաստանի պաշտպանությունից։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված 2000 ռուս զինվորները, որոնք տեսականորեն պատասխանատու են 2020 թվականի բանակցված պայմանավորվածությունների կատարման համար, ոչինչ չեն արել Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կամ այնտեղ ապրող հայերին պաշտպանելու համար։ Իլհամ Ալիևը նաև գիտեր, որ կունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի աջակցությունը՝ միշտ ձգտելով հաստատել իր ազդեցությունը, նշված է Le Monde-ի խմբագրականում։

Ըստ թերթի, Բրյուսելից այս հակամարտությունը լուծելու խնդրանքը պատրանքային է: Մյուս կողմից, եվրոպացիները կարող են ապահովել փախստականներին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը և այս հարցում բեռնաթափել Երևանի ծանրաբեռնվածությունը։ Նրանք պետք է նաև, և դա նվազագույնն է, դադարեցնե՛ն գազ ներմուծել Ադրբեջանից, որը ոմանց համար փոխարինել է ռուսական գազին։