Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Ճոճկանի, Ջիլիզայի հատվածներում

Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Ճոճկանի, Ջիլիզայի հատվածներում

Ալավերդի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանին ամիսներ առաջ Ալավերդի համայնքի ՔՊ-ական ավագանին անվստահություն հայտնեց: Օրենքի ոտնահարմամբ դադարեցվեցին նրա լիազորությունները, համայնքապետի պաշտոնը ստանձնեց ՔՊ-ական, նախկինում Շնողի համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանը։ Այս դեպքերից հետո Թամազյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։ Թամազյանի հետ զրուցել ենք, թե ինչ ընթացք ունեցավ դատարան դիմելու գործընթացը։

- Ի՞նչ փուլում է գտնվում Ձեր դատական հայցը։

- ՀՀ-ում այսօր արդարադատություն, մեծ հաշվով, գոյություն չունի, ինչ որ լինելու էր, եղավ։ Դատարանը մերժեց մեր դիմումը՝ առանց լուրջ հիմնավորումների, անիմաստ պատճառաբանություններով, ինչը մեզ համար սպասելի էր։ Պատրաստվում ենք այս անգամ էլ դիմել Վերաքննիչ դատարան, որից հետո կհասկանանք մեր հաջորդ անելիքները։

- Այս պահին ինչո՞վ եք զբաղվում։

- Սպասում ենք դատական պրոցեսին։ Ինքս պատրաստվում եմ իմ ներդրումն ունենալ մեր պետությունն այս իրավիճակից դուրս բերելու գործընթացներում։

- Ձեզ Ալավերդի համայնքի ղեկավարի պաշտոնից հեռացնելուց հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե Ձեր օրոք համայնք բերված միջհամայնքային երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցները Դուք Ձեզ հետ տարել եք։ Դա ի՞նչ պատմություն է։ Ձեր սեփականությո՞ւնն էր դա, թե՞ համայնքի սեփականությունը։

- Նախեւառաջ, համայնքը որեւիցե երթուղային ձեռք չի բերել։ Այդ տրանսպորտային միջոցները ձեռք է բերվել «Ապրելու երկիր» հիմնադրամի միջոցներով, որը նաեւ այլ ծրագրեր էր իրականացրել համայնքում։ Դրանք կիսատ մնացին, օրինակ, մարզադաշտը, որի կեսը մենք արդեն կառուցել էինք, եւ մեզ չթողեցին շարունակել, որն այս պահին գտնվում է անմխիթար վիճակում։ Իսկ երթուղային տրանսպորտը եւս հիմնադրամի միջոցներով էր ստեղծվել՝ իմ անձնական խնդրանքով, որը հիմնադրամի սեփականությունն էր։ Հիմնադրամի միջոցով բազմաթիվ ծրագրեր չիրականացվեցին, քանի որ բռնազավթվեց համայնքը։ Բայց, որպեսզի համայնքի բնակիչները երթեւեկեն ժամանակակից մեքենաներով, համայնքը բռնազավթած ղեկավարը պետք է պայմանագիր կնքի հիմնադրամի հետ, որը մինչ օրս չի իրականացրել։ Այսօր էլ հիմնադրամը պատրաստ է պայմանագիր կնքել համայնքի հետ, որպեսզի համայնքի բնակիչները երթեւեկեն ժամանակակից՝ հարմարավետ տրանսպորտով։ Այնպես չէ, որ ես գնացի, համայնքը պետք է ժամանակակից երթուղի չունենա։ Բայց իրականությունը ներկայացվում է այնպես, որ վարկաբեկեն մեր անունը, մեր գործունեությունը։

- Այս պահին ի՞նչ իրավիճակ է տիրում Ալավերդիում, հարակից գյուղերում, քանի որ մտահոգիչ լուրեր են ստացվում, թե Վրաստանի հետ սահմանագծումն էլ հօգուտ մեզ չի ընթանում, եւ մարդկանց մոտ խուճապ է առաջացել։

- Այո, նմանատիպ խոսակցություններ կան բնակչության մեջ,  կան մտավախություններ, եւ ոչ ոք չի կարող ասել, թե այս իրավիճակում ինչ կլինի։ Նույն վիճակը Տավուշի մարզում է՝ Նոյեմբերյանում։ Մեզ մոտ էլ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի Ճոճկանի, Ջիլիզայի հատվածներում։ Եվ այս ամենը ժողովրդի մոտ անորոշություն է առաջացնում, որին անդրադարձան լրատվամիջոցները, բազմաթիվ քաղաքացիներ, բայց կառավարության մասշտաբով ոչ ոք չի անդրադառնում այս հարցին՝ անգամ չհերքելով նմանատիպ լուրերը։