Թույլի ճակատագիրը

Թույլի ճակատագիրը

Վերջին տարիներին մենք գրեթե բոլոր կարեւոր ինֆորմացիաները ստանում ենք մեր հակառակորդներից՝ կա՛մ մեզ հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարներից, կա՛մ այդ երկրների լրատվամիջոցներից։ «Ժողովրդավարության բարձրագույն լիգա» մտած մեր իշխանություններն ամեն ինչ թաքցնում են՝ այնքան, որքան դա հնարավոր է թաքցնել, եւ իրականությունը հայ հասարակությանը ներկայացնում են, երբ արդեն թշնամին հրապարակել է։ Այս անգամ էլ օրեր շարունակ շոշափվում էր, որ ադրբեջանական կողմը նամակ-առաջարկ է հղել ՀՀ իշխանություններին, որտեղ 5 սկզբունք, ավելի շուտ՝ ուլտիմատում-պահանջ է ներկայացրել՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն այդ 5 սկզբունքները մերոնք գաղտնի էին պահում՝ մինչեւ որ Բաքուն գաղտնազերծեց։

Իրականում դրանք ընդունելու դեպքում հերթական կապիտուլյացիան է ստորագրվելու մեր կողմից․ փոխադարձաբար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային հավակնություններից հրաժարում, դելիմիտացիա եւ դեմարկացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլն։ Այս բոլոր պահանջները բխում են բացառապես 2020 թվականի պատերազմում հաղթած կողմի շահերից եւ նշանակում են Արցախի հանդեպ պատասխանատվությունից ու համագործակցությունից հրաժարում։ Ահա թե ինչ է տեղի ունենում այն պետությունների հետ, որոնք նախ պարտվում են ճակատամարտում, ապա ամեն օր զիջում են ու նահանջում՝ կտոր-կտոր թշնամուն հանձնելով իրենց հողը, սահմանները, արժանապատվությունը, ինքնիշխանությունը, սերունդների հանդեպ պատասխանատվությունը։ Թույլերին ու խեղճերին ոչ ոք չի սիրում, չի խղճում։ Թույլերին  ու թուլամորթներին տրորում են մինչեւ վերջ եւ ծնկի իջեցնում։ Խաղաղություն մուրացողների ճակատագիրը սա էր լինելու։