Մանվել Գրիգորյանի նկատմամբ էքսպերիմենտ են իրականացրել

Մանվել Գրիգորյանի նկատմամբ էքսպերիմենտ են իրականացրել
Մանվել Գրիգորյան

Վերջին օրերին կրկին լուրեր էին շրջանառվում, թե հնարավոր է փոխվի ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ մինչեւ 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել նրա խափանման միջոց կալանավորումը:

Պաշտպանական կողմը որպես հիմք ներկայացրել էր գեներալի առողջական վիճակի վատթարացումը, իսկ մեղադրողն առարկել էր միջնորդության դեմ՝ նշելով, որ բժշկական փորձաքննություն է նշանակվել: Թեեւ սա արդեն որերորդ բժշկական փորձաքննությունն է, որի արդյունքում փաստվում է, որ գեներալի առողջական վիճակը ծանր է։ Ավելին՝ բժշկական էքսպերիմենտ-պրոցեդուրա են իրականացրել՝ հոսանքահարման եղանակով վերջույթների զգայունությունը բարձրացնելու համար, եւ պարզվել է, որ մինչեւ ազդրերի վերին հատվածը ոտքերը ոչինչ չեն զգում։ Բայց դա չի խանգարում, որ նրան պահեն կալանքի տակ՝ հնարավորություն տալով, որ պաշտպանները խոսեն խոշտանգման մասին եւ Եվրադատարան դիմեն՝ միջանկյալ որոշում ստանալու համար։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։ Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի, եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող տներից մեկում պահելու մեջ:

Ի դեպ, երեկ ասուլիս էր հրավիրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանի մերձավոր ընկերը, ով «տուշոնկաների» պատմությունից անմիջապես հետո հրաժարվեց Մանվելից եւ դառը խոսքեր ասաց նրա հասցեին։ Երեկ նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի դատական գործին՝ նշելով, որ գործն ընթացքի մեջ է, եւ վերջնական եզրակացությունը կտա դատարանը:
Հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը պիտի փոխվի, Սարոյանն ասել է. «Ասենք, որ Մանվել գնա իրանց տուն, ի՞նչ պիտի լինի, ո՞ւր պիտի փախնի Մանվել»: Սարոյանի խոսքով՝ նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, իրականում ոչ թե փախել, այլ գնացել ու չեն եկել։