Ինչու հայաստանյան իշխանությունները ռազմական դրություն չեն հայտարարում

Ինչու հայաստանյան իշխանությունները ռազմական դրություն չեն հայտարարում

«Ես ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանի գործողությունները պայմանավորված են նրանով, որ տարածաշրջանում ձևավորվում է թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական նոր բևեռ։ Թուրքիան, հասկանալով, որ աշխարհակարգ  է փոխվում, և տեսնելով, որ աշխարհի տարբեր անկյուններում ձևավորվում են նոր բևեռներ, ինքը որոշել է մաս չկազմել Արևմտյան կամ ռուսական, կամ այլ ցանկացած բևեռի և ստեղծել սեփական բևեռը՝ հիմնված թյուրքական պետությունների վրա։ Եվ քանի որ այդ բևեռը ձևավորվում է մի տարածաշրջանում, որտեղ կա լուրջ մրցակցություն և որտեղ հիմնական դերակատարը Ռուսաստանն է, պարզվում է, որ Թուրքիան փորձելու է  օգտվել Ռուսաստանի ամեն թուլությունից, ամեն ձախողումից՝ հնարավորինս իր դիրքերը ապագա աշխարհաքաղաքական բևեռում ուժեղացնելու համար։ Կոնկրետ այս ռազմական գործողությունները, որ սկսվեցին գիշերը՝ պայմանավորված են Ուկրաինայում ռուսական զորքերի անհաջողություններով։ Հայտնի է, որ Խարկովի ուղղությամբ ուկրաինացիները կարողացել են մի քանի  քաղաք հետ գրավել և ուժեղ  հարված հասցնել Ռուսասատանին։ Սա դարձավ առիթ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշեց օգտվել Ռուսաստանի այդ թույլ պահից և ամրապնդել իր դիրքերը այնտեղ, որտեղ հետագայում լինելու է մրցակցություն Ռուսաստանի հետ», - ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը համոզված է, որ եթե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չկարողանան շատ հստակ ցույց տալ իրենց կարողությունը՝ իրավիճակը վերահսկելու և իրենց կամքը պարտադրելու Հարավային Կովկասում, լայնամասշտաբ պատերազմի մեծ վտանգ կա։ Եվ այս բախումները կարող են ներաճել ավելի կործանարար հետևանքների։ Թուրք-ադրբեջանական դաշինքը այս պահին փորձում է հասկանալ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հնարավոր քայլերը, նրանց պոտենցիալը, դրա համար շարունակում է իրավիճակը լարվածության տակ պահել։ «Եթե տեսնեն, որ կարող են հաղթահարել իմ նշած այդ կենտրոնների դիմադրությունը, ավելի քան համոզված եմ, որ որոշում են կայացնելու մարտական գործողությունները շարունակելու և  նոր հաջողություններ արձանագրելու։ Ցավոք սրտի նաև ասեմ, որ ես չեմ տեսնում այս պահի դրությամբ հստակ քայլեր կամ պարտադրանքներ Ադրբեջանին՝ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի կողմից, որպեսզի նման սցենար տեղի չունենա։ Ճիշտ հակառակը` բոլոր այն հայտարարությունները, որոնք մինչ այս պահը հնչում են հանրային դաշտում շատ փափուկ են և հնարավորություն են տալիս Անկարային և Բաքվին քիչ ուշադրութոյւն դարձնել դրանց։ Եթե պատերազմի մասշտաբները մեծացան՝ Երևանը դառնալու է հարվածների թիրախ։ Եվ պետք է ասեմ, որ դրա հավանականությունը չափազանց մեծ է»։

«Հրապարակի» այն հարցին, թե ինչու հայաստանյան իշանությունները ռազմական դրություն կամ մհամընդհանուր ոբիլիզացիա չեն հայտարարում, քաղաքագետն ասաց․ «Ուզում են գտնել ինչ-որ մի բան, որ կարելի կլինի զիջել Ալիևին և փոխարենը խաղաղություն մուրալ։ Իշխանությունների տրամաբանությունը գործողությունների միանգամայն այդ ուղեգծի մեջ է։ Եվ ասեմ, որ Փաշինյանի այսօրվա Ազգային Ժողովի ելույթը, ըստ էության, մակերեսային գնահատականներ էր պարունակում Ադրբեջանի նպատակների հետ կապված։ Ամենևին չէր ընդգրկում այն իրական զարգացումները աշխարհաքաղաքական, որ կան մեր տարածաշրջանում, դրանք նույնպես առիթ են տալու Բաքվին կարծելու, որ իրենց ընտրած մարտավարությունը ճիշտ է։ Եվ  նման բարդ պատերազմական իրավիճակից, էլ չեմ ասում մոբիլիզացիա կամ ռազմական դրություն և այլն, այս իշխանությունը վախենում է, ինքը դա չի ցանկանում»։

 Այնուամենայնիվ իրավիճակը ո՞վ կարող է զսպել՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը, քաղաքագետն ասաց․ «Տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանն ավելի շատ հնարավորություններ ունի։ Եվ նախկին փորձն էլ ցույց է տվել, որ Ռուսաստանը կարողացել է ինչ-որ տեղ զսպող մեխանիզմ կիրառել նման իրավիճակներում։ Մինչ այդ նման բան չէի ասի Ռուսաստանի մասին։ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին՝ Ադրբեջանը պարբերաբար նոր պահանջներ  է դնում  իր առջև և այդ խնդիրները լուծում է, ի հեճուկս Ռուսաստանի պահանջների կամ ցանկությունների։ Այսինքն, թուրք-ադրբեջանական դաշինքը համոզմունք ունի, որ կարող է անտեսել Ռուսաստանի դիրքորոշումը մեր տարածաշրջանում։ Սա մեծ անվտանգային խնդիր է Հայաստանի համար»։