Գլխավոր «գորշ գայլը» դատապարտում է ահաբեկչությունը

Գլխավոր «գորշ գայլը» դատապարտում է ահաբեկչությունը

Նոյեմբերի 20-ին սևծովյան Սամսուն քաղաքում «Ազգայնական շարժում» կուսակցության հանրահավաքի ժամանակ Դեւլեթ Բահչելին ասել է, որ Թուրքիան մեծ ձեռքբերումներ է գրանցել ահաբեկչության դեմ պայքարում և ոչնչացրել ահաբեկչական կազմակերպությունների կողմից Սիրիայի սահմանի երկայնքով ստեղծված ահաբեկչական միջանցքը։ «Թուրքիան ոչնչացնում է, որտեղ էլ որ ահաբեկիչները լինեն։ Մեր թիրախն այնտեղ է, որտեղ ահաբեկիչներն են»,- ասել է նա՝ անուղղակիորեն քննադատելով ԱՄՆ-ին՝ ահաբեկիչներին աջակցելու համար: «Նոյեմբերի 13-ին Իսթիքլալ պողոտայի վրա արյունարբու հարձակումը ցույց է տալիս, որ Թուրքիայի թշնամիներն ակտիվ են: Մենք մինչև վերջ պաշտպանելու ենք Թուրքիայի ունիտար համակարգը։ Մենք գիտենք, որ մենք մեծ ընտանիք ենք, որն ընդգրկում է բոլոր թյուրքական գավառները».-ասել է նա:

Բահչելին իր լիակատար աջակցությունն է արտահայտել թուրքական բանակի անդրսահմանային օդային գործողությանը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների թաքստոցների դեմ՝ ի պատասխան անցյալ շաբաթ քաղաքի կենտրոնում PKK / YPG-ի կողմից իրականացված ահաբեկչությանը: 

Փաստորեն ստացվում է, որ ահաբեկչական կազմակերպությունը պայքարում է ահաբեկչության դեմ: Հիշեցնենք, որ «Գորշ գայլերը» ցեղասպան գործողություններ են իրականացրել արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ: Իսկ 44-օրյա պատերազմի օրերին նրանք առանձին ճակատ էին բացել Եվրոպայում ապրող հայերի դեմ, ահաբեկում էին նրանց, մահվան սպառնալիքով նամակներ եւ զանգեր ուղարկում: Իսկ վերջերս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մի անհայտ երիտասարդ սպառնում էր հայերին՝ ներկայանալով որպես գորշ գայլ: Բահչելլի գլխավորած կառույցը Թուրքիայում ակտիվորեն մասնակցել է 1970-ական թվականների քաղաքական բռնություններին։ Կազմակերպության գրոհայինները մեղադրվում էին մի շարք սպանությունների և ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։ «Գորշ գայլերի» ամենաակտիվ մասնակցությամբ 1970-ական թվականների երկրորդ կեսին Թուրքիայում տեղի են ունեցել լայնամասշտաբ քաղաքական բռնություններ, ահաբեկչություններ։ 1976-1980 թվականներին փողոցային բախումների և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 5 հազար մարդ։ 

«Գորշ գայլերի» մասնակցությամբ բռնության խոշորագույն ակտեր են համարվում.

- Կոտորած Բեյազըթ հրապարակում` 1978 թվականի մարտի 16-ին, զինված հարձակում Ստամբուլի համալսարանի ձախ ուսանողների վրա, սպանվել է 7 մարդ։

- Կոտորած Թաքսիմի հրապարակում՞ 1977 թվականի մայիսի 1-ին, Ստամբուլում մայիսմեկյան ցույցի վրա հարձակումը, ավելի քան 30 զոհ:

- Բահչելիեվլերյան կոտորած` 1978 թվականի հոկտեմբերի 9-ին, Անկարայում 7 ուսանողների սպանությունը։

-  Milliyet լևոլիբերալ թերթի խմբագիր Աբդի Իփեքչիի սպանությունը` 1979 թվականի փետրվարի 1-ին: 

Ցանկը կարելի է շարունակել: Սակայն զավեշտն այն է, որ թուրքական գլխավոր ահաբեկչական կառույցի ղեկավարն է խոսում ահաբեկչության դեմ պայքարից…