«Հումանիտար գաղթ». ինչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում մնալու դեպքում

«Հումանիտար գաղթ». ինչ է սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում մնալու դեպքում

Մինչեւ 2020 թ․ 44-օրյա պատերազմը եւ պարտությունը, շատերը Կոսովոն որպես հաջողված օրինակ էին ներկայացնում, թե ինչպես կարող է միջազգային հանրությունը ճանաչել ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ անկախությունը՝ առանց հաշվի առնելու մետրոպոլիայի կարծիքը: ԱՄՆ եւ ԵՄ երկրների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, չնայած Սերբիան շարունակում է այն իր տարածքի անբաժան մասը համարել, որը ժամանակավորապես բռնազավթված է: Պատերազմից եւ պարտությունից հետո եւս Կոսովոն կարող է լավ օրինակ լինել՝ այնտեղ մնացած սերբ փոքրամասնության հետ կատարվողի իմաստով: Բոլոր նրանք, ովքեր ուզում են պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե Արցախի բնակչությունը միջազգային երաշխիքների ներքո մնա Ադրբեջանի կազմում, թող ուսումնասիրեն Կոսովոյի կազմում մնացած սերբական փոքրամասնության ներկայիս վիճակը: 

Կոսովոյի հյուսիսում ապրում է մոտ 100 հազար սերբ՝ գրեթե այնքան, որքան ներկայիս Արցախի բնակչությունն է: 1999-ին ՆԱՏՕ-ն ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ զորքեր մտցրեց Կոսովոյի տարածք՝ փրկելու Կոսովոյի ալբանացիներին, իրականում՝ հերթական անգամ մասնատելու Սերբիան: Առաքելության հիմնական նպատակներից մեկն էլ Կոսովոյում մնացած ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն էր: Իսկ գիտե՞ք, թե ինչպես էին այդ առաքելությունն իրականացնում ՆԱՏՕ-ի եւ նրա դաշնակիցների խաղաղապահները՝ «հումանիտար գաղթ» կազմակերպելով: Նրանք սերբ փոքրամասնությանը Կոսովոյի տարածքից տեղափոխում էին ավելի անվտանգ Սերբիայի սահման, որպեսզի նրանց փրկեն ալբանացիների վրեժխնդրությունից:

Չնայած ՆԱՏՕ-ի կազմակերպած հումանիտար գաղթին, որոշ քանակությամբ սերբեր մնացին Սերբիային սահմանակից անկլավում: Հիմա Կոսովոյի իշխանությունները զբաղված են նրանց վերջնական տեղահանումը եւ էթնիկ զտումը կազմակերպելով: Վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցան մի քանի նշանակալի իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ սերբական փոքրամասնությունը հայտնվել է ֆիզիկական բնաջնջման կամ գաղթի միջեւ ընտրություն կատարելու առաջ: Կոսովոյի իշխանությունները մինչեւ սեպտեմբերի 1-ը ժամանակ էին տվել սերբերին՝ փոխելու իրենց փաստաթղթերը, որոնք տրվել էին Սերբիայի իշխանությունների կողմից, եւ ընդունելու Կոսովոյի քաղաքացիություն: Այդ ժամկետն անընդհատ մեկ ամսով հետաձգվում է, բայց դա չի կարող անվերջ լինել: Կոսովոյի իշխանությունները սպառնում են, որ չեն ճանաչի նաեւ Սերբիայի իշխանությունների կողմից տրված մեքենաների համարանիշները, եւ ստիպում են, որ սերբերը վերագրանցեն իրենց մեքենաները, այլապես կառգրավեն դրանք:

Մինչեւ 1999-ը Կոսովոն Սերբիայի մաս էր, եւ, բնականաբար, Կոսովոյի բնակիչները եւս ունեին սերբական քաղաքացիություն: 1999-2008 թթ․ Կոսովոն ուներ միջանկյալ կարգավիճակ, իսկ 2008-ին հռչակեց իր անկախությունը, որը ճանաչեց ՄԱԿ-ի անդամ մոտ 100 երկիր, չնայած դրանցից որոշները հետագայում հետ կանչեցին իրենց ճանաչումը: Կոսովոյի սերբ բնակչությունը, չճանաչելով այդ անկախությունը, հրաժարվեց ընդունել Կոսովոյի քաղաքացիություն եւ շարունակում է ապրել որպես Սերբիայի քաղաքացի: Նույն ձեւով սերբ փոքրամասնությունը շարունակում է շահագործել մեքենաները սերբական համարանիշներով: Որոշ ժամանակ Կոսովոյի իշխանությունները հանդուրժում էին նման «երկիշխանությունը», մինչեւ որ որոշեցին, որ պետք է սերբերին եւս ստիպեն ճանաչել Պրիշտինայի իշխանությունը:

Կոսովոյի ոստիկանությունն արդեն դիմում է կոնկրետ գործողությունների՝ պարտադրելու սերբերին, որ ընտրություն կատարեն հնազանդվելու կամ գաղթելու միջեւ: Կոսովոյի իշխանությունները հայտարարել են դեկտեմբերի 18-ին արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ սերբերով բնակեցված համայնքները հայտարարել են, որ չեն մասնակցելու՝ բոյկոտում են ընտրությունները: Դեկտեմբերի 6-ին Կոսովոյի ոստիկանական հատուկ ջոկատայինները կոտրեցին մի քանի ընտրատեղամասի դռներ, որ բռնի ուժով մուտքի հնարավորություն տան Պրիշտինայից նշանակված հանձնաժողովի անդամներին եւ այդպիսով ընտրությունների անցկացման իմիտացիա ստեղծեն: Վերջերս էլ Կոսովոյի հատուկ ջոկատայինները շրջափակել էին մեկ այլ սերբական քաղաքի՝ Կոսովկա-Միտրովիցայի մուտքերը՝ արգելափակելով սերբ բնակչության ազատ տեղաշարժը:
Սերբիայի իշխանություններն ինչ-որ կոչեր են անում, բանակի տեղաշարժեր, բայց չեն կարողանում հայրենակիցներին պաշտպանել: Սերբերը չեն վախենում Կոսովոյի հատուկ ջոկատայիններից, բայց վախենում են 1999 թվականի կրկնությունից, երբ ՆԱՏՕ-ի ռազմական ավիացիան 70 օր անընդմեջ ռմբակոծում էր Սերբիայի քաղաքներն ու ոչնչացնում ենթակառուցվածքը, սպանում խաղաղ բնակչությանը: Այն, ինչ հիմա անում է Ռուսաստանն Ուկրաինայում՝ ավելի մեծամասշտաբ: Միայն մի տարբերությամբ. Ուկրաինան ունի ՆԱՏՕ-ի եւ աշխարհի շատ երկրների աջակցությունը եւ կարողանում է հակահարվածներ հասցնել, սերբերը միայնակ էին մնացել ՆԱՏՕ-ի դեմ, իսկ ազգակից սլավոն Ռուսաստանը դատապարտող հայտարարություններ էր անում:

«Հումանիտար գաղթ»՝ ահա թե ինչ կարող են անել միջազգային եւ արեւմտյան դիտորդները, եթե Արցախի ժողովուրդը զրկվի ինքնապաշտպանության սեփական ուժերից եւ հույսը դնի նրանց տված երաշխիքների վրա: Երբ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հպարտ հայտարարում է, թե Հայաստանը չի հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, եւ բացի Հայաստան-Ադրբեջան ֆորմատից, քննարկվում է նաեւ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությունների ֆորմատը, նկատի ունի հենց այս սցենարը, որը ենթադրում է, որ ադրբեջանական եւ միջազգային երաշխիքներով՝ Արցախը զինաթափվում է, իսկ հետո Ադրբեջանը ստիպում է արցախահայերին հրաժարվել հայկական անձնագրերից, ավտոմեքենաների համարանիշներից, ցանկացած տիպի ընտրություններից, նաեւ՝ հայկական ինքնությունից, եւ միակ այլընտրանքը մնում է «հումանիտար գաղթը»` արցախցիներին մինչեւ Հայաստանի սահման հասցնելը:

Ավետիս Բաբաջանյան