«Հրապարակ». Փոխվարչապետը ծավալուն աշխատանքների մասին է զեկուցում, ԱԳ փոխնախարարը՝ դանդաղ ընթացքի

«Հրապարակ». Փոխվարչապետը ծավալուն աշխատանքների մասին է զեկուցում, ԱԳ փոխնախարարը՝ դանդաղ ընթացքի

2021 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Եվրոպական Միությունը պատրաստվում է աննախադեպ աջակցություն տրամադրել Հայաստանին՝ 2,6 մլրդ եվրոյի չափով։ Դրա մի մասը տրվելու է նվիրատվության տեսքով, մյուսը՝ վարկերի: Թե ինչպես էր այն օգտագործվելու, ինչ պայմաններով էր տրվում՝ չէր հստակեցվում։

Այն ժամանակ կառավարությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միայն ընդհանուր ուղղություններն էր նշում՝ պատերազմից տուժած Սյունիքի դիմադրողականության ամրապնդում, Հյուսիս-հարավ մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցում, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, թվային կառավարման եւ նորարարության խթանում, Երեւանի զարգացում՝ որպես կանաչ եւ խելացի քաղաք: Ի՞նչ ընթացք ունեցավ ԵՄ աջակցության նախագիծը, արդյո՞ք արդեն մշակված են նախագծեր, որոնք կառաջարկվեն եվրոպացիներին, գուցե պատրաստի առաջարկնե՞ր կան, 2,6 մլրդ եվրոյի ո՞ր մասն է վարկ, իսկ ո՞րը՝ պարտք, որն ավելացնելու է երկրի արտաքին պարտքը։ 

Մեր հարցերն ուղղել էինք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին, 2 օր առաջ ստացանք պատասխան։ Ըստ այդմ, ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակում մոբիլիզացվող 2,6 մլրդ եվրոն հատկացվելու է տարբեր ֆինանսական գործիքներով՝ վարկ, դրամաշնորհ, երաշխիքներ, մասնավոր հատվածում ներդրումներ եւ 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով։ Հայկական կողմը ձեւավորել է ծրագրային փաթեթ՝ մատնանշելով յուրաքանչյուր ուղենիշի ներքո առաջնահերթ ծրագրերը, եւ առաջարկել է նաեւ 2 հավելյալ ուղենիշ՝ աջակցություն կրթության հասանելիությանը, աջակցություն աղբի եւ ջրի կառավարմանը: «2021թ. սեպտեմբերին այս փաթեթը պաշտոնապես փոխանցվեց ԵՄ կողմին: Այնուհետեւ ձեւավորվեցին աշխատանքային խմբեր՝ կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր ծրագրային առաջարկ ԵՄ կառույցների եւ եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ ավելի մանրամասն մշակելու եւ իրականացնելու նպատակով»,- հայտնում են կառավարությունից։ Ամենածանրակշիռը, դատելով կառավարության պատասխանից,  Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության հետ կապված ԵՄ պլաններն են, որը, ըստ կառավարության, եվրոպացիներին կներկայացվի 2023-ին։ Դրան հատկացվելու է 900 մլն եվրո։ 

«Ծավալուն աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ծրագրի նախապատրաստման նպատակով: Մասնավորապես՝ իրականացվել են ծրագրի սոցիալական եւ բնապահպանական ազդեցության գնահատումները, ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիմնական մասը, ինչի արդյունքում ներկայացվել են մի շարք ռեկոմենդացիաներ: Շուրջ 900 մլն եվրո գնահատված ծրագիրն ակնկալվում է եվրոպական կողմին ներկայացնել հաջորդ տարի՝ վարկ-դրամաշնորհ խառը գործիքակազմով ֆինանսավորման նպատակով»։

Մյուս բոլոր ծրագրերին միասին, ըստ ներկայացված թվերի, հատկացվում է 1,2 մլրդ եվրո։ Ինչպես միշտ, եվրոպացիները նախընտրում են փող տալ փոքր ու միջին ձեռնարկություններին, գործարար կանանց։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ «ՓՄՁ մրցունակության բարձրացման նպատակով, եւ 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր՝ կանանց ձեռներեցության խթանման նպատակով»: 

Ամփոփման փուլում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ԿԲ-ի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնել ՓՄՁ-ներին, տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային եւ ներառական զարգացում ապահովող բիզնեսներին: 
Հաստատվում է բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում 15.3 մլն եվրո դրամաշնորհ կհատկացվի Արարատի, Կոտայքի եւ Գեղարքունիքի բոլոր դպրոցների բնագիտական ուղղություններով (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ՏՀՏ) լաբորատորիաների վերակառուցմանը եւ վերազինմանը։ Սա մեզ առավել հետաքրքիր թվաց, քանի որ հենց այս մարզերը վերից վար ՔՊ-ական են՝ իշխող կուսակցության ազդեցության տակ։ 
Մեծ աջակցություն է նախատեսվում Սյունիքին։ Չի բացառվում, որ սա ադրբեջանցիների պահանջը լինի, որը եվրոպացիները թելադրում են Հայաստանին։ «Հաստատվել է «ԵՄ դիմակայունության գործիքը՝ Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում 9 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում գործող ՓՄՁ-ների աջակցության եւ Սյունիքում համայնքային փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, ինչպես նաեւ՝ նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից կառավարությունը նախատեսում է 14 մլն եվրո հատկացնել Կապանի 13 կրթահամալիրների վերանորոգման, գույքով ապահովման եւ ուսուցիչների վերապատրաստման համար, կրթության կազմակերպման նպատակով ձեռք կբերվեն 8 միկրոավտոբուսներ»:

Սյունիքում ոչ ֆորմալ նորարարական կրթության զարգացման նպատակով 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիր է հաստատվել (10 մլն եվրո դրամաշնորհ, 10 մլն եվրո վարկ), որով կստեղծվ 2 ՔՈԱՖ սմարթ-կենտրոն, այսինքն՝ ոչ ֆորմալ կրթական հաստատություններ։ 

Վերջապես՝ 25 մլն եվրո (5 մլն եվրո՝ դրամաշնորհ, 20 մլն եվրո՝ վարկ)  ուղղվելու է  «Երեւանի ավտոբուսներ» ծրագրին։ Երեւանի համար ձեռք կբերվի սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուս, որոնց առաջին խմբաքանակը մայրաքաղաքում կլինի 2023թ. սկզբին: Հիշեցնենք, որ այս գումարների իրացման տենդերներն արդեն հայտարարվել ու անցկացվել են։ 

«Ամփոփման եւ հաստատման փուլում է գտնվում Երեւանում էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը՝ ընդհանուր 37 մլն եվրո արժողությամբ (10 մլն եվրո՝ դրամաշնորհ, 25 մլն եվրո՝ վարկ, 2 մլն եվրո՝ համաֆինանսավորում), որով նախատեսվում է վերանորոգել Երեւանի 29 մանկապարտեզ եւ 6 պոլիկլինիկա»,- հայտնում են կառավարությունից՝ նշելով, որ այլ ծրագրեր էլ կան՝ մշակման տարբեր փուլերում։ 

Իհարկե, կառավարությունը չէր կարող եվրոպական աջակցությունից գոնե մի դիլիմ բաժին չհանել ոստիկաններին։ Հաստատվել է 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ 5.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված Հայաստանում պաշտպանության համակարգի բարելավմանը: 

Կառավարության պատասխանից տպավորություն է ստեղծվում, որ գործադիրը քրտնաջան աշխատել է ԵՄ խոստացած ներդրումների ուղղությամբ, ահա՝ ուր որ է, կհաստատի, բայց գործնական, առարկայական փուլին հասած ռեալ իրագործումներ չկան, ինչի մասին վկայում է նաեւ երեկ Բրյուսելում ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի ելույթն Արեւելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Նա խոսել է տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացման արագացման մասին․ «Վերջին տարիների գլոբալ եւ տարածաշրջանային ճգնաժամերը եւ անվտանգության մարտահրավերներն ազդել են երկրների վրա ու որոշակիորեն դանդաղեցրել են տնտեսական եւ ներդրումային ծրագրից բխող ուղենիշային նախաձեռնությունների իրականացումը»: Այլ կերպ ասած՝ ԵՄ ծրագրերի իրականացումը դանդաղ է ընթանում։ Թեեւ պարզ չէ, թե ինչ կապ ունեն «վերջին տարիների գլոբալ եւ տարածաշրջանային ճգնաժամերը» ԵՄ աջակցության ծրագրի հետ, որն ընդամենը ամիսներ առաջ է հաստատվել։ Չեն կարող, էլի, մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, որ վատ են աշխատել։