Պատկերացրեք՝ դա Սաֆարովն է, Թալեաթը կամ Էնվերը

Պատկերացրեք՝ դա Սաֆարովն է, Թալեաթը կամ Էնվերը

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարեց, որ միջազգային կառույցներին դիմում է ներկայացրել՝ առաջարկելով Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել Արցախում իրենց պատիժը կրող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։ Հայկական կողմից տարբեր գնահատականներ եղան Ադրբեջանի այս առաջարկին։ Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ առաջարկի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունենում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ առաջարկի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնեն Արցախի իշխանությունները։

«Հրապարակի» հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ է որոշվել Ադրբեջանի այս առաջարկի վերաբերյալ, արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանեց․

«Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից: Ասկերովի ու Գուլիևի հարցով կարող են դիրքորոշում հայտնել Արցախի իշխանությունները»։ 

Զրուցեցինք նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։ Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ ընթանում են Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերաբերյալ, սակայն որոշողը իրենք չեն․

« Նմանատիպ հարցերը, որոնք գտնվում են մարդասիրական ոլորտում, անչափ կարևոր են, և մենք իշխանությունների հետ քննարկում ենք մի շարք հարցեր՝ կապված այս մարդկանց ճակատագրերի հետ, սակայն որևէ մանրամասնություն մենք չենք փոխանցում, սա մեր աշխատանքի ձևաչափն է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր տված հարցին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ այդ մարդկանց վերաբերող մեր երկխոսությունը  շարունակվում է, սակայն որոշում կայացնելը մեր ձեռքերում չէ։ Ես չեմ կարող իշխանությունների որոշման վերաբերյալ որևէ մանրամասնություն հայտնել»,- ասաց Ամատունին։  

Հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ի՞նչ որոշում են կայացրել Արցախի իշխանությունները, զրուցեցինք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ․

«Մենք երբեք դեմ չենք ռազմագերիներին ռազմագերիների հետ փոխելուն, բայց մենք դեմ ենք, և մեզ համար անընդունելի է, երբ որ շահարկում են և փորձում են այդ 2 ահաբեկչին հավասարեցնել քաղաքացիական անձանց հետ, մարդկանց, որոնք որևէ հանցագործություն չեն կատարել»,- ասաց Բաբայանը՝ հավելելով՝ «Այստեղ խնդիրն այն է, որ իրենց տարածքում պատահական հայտնված , կամ մեր տարածքում պատահական հայտնված իրենց քաղաքացիներին կամ մոլորված զինծառայողներին, իհարկե, պետք է փոխանակել, բայց մենք չենք կարող փոխանակել տեռորիստների հետ։ Դա նույնը կլինի, եթե այդ մոլագար Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին,  հիմա Երևանում բանտարկված լիներ, և որոշում կայացվեր, որ այդ հանցագործին փոխանակենք մի հասարակ քաղաքացու կամ զինծառայողի հետ, որը մոլորվել է։ Ինչքան էլ որ դժվար ու բարդ է հոգեբանական առումով, հասկանալի է, որ հուզումներ կան, բոլորս էլ ուզում ենք հետ բերել, բայց պետք է հասկանալ, որ նման փոխանակումն անթույլատրելի է»,- ասաց Բաբայանը։

Այսինքն՝ վերջնական որոշում կա՞ արդեն, Արցախի իշխանությունները մերժե՞լ են առաջարկը․

« Մենք այդ 2 հոգուն փոխանակելու բազմաթիվ նմանատիպ առաջարկները միշտ մերժել ենք, և կարծում եմ, որ հենց նույնը լինելու է այս անգամ։ Կրկնում եմ՝ պատկերացրեք, որ դա Ռամիլ Սաֆարովն է, կամ Թալեաթն է, կամ Էնվերը, որևէ տարբերություն նրանց միջև չկա։ Ինչպե՞ս կարելի է դրանց փոխանակել, հետո գնալ Եռաբլուրում ծաղիկներ դնել»,-պատասխանեց Բաբայանը։