«Ոսկե հորթը»․ նոր սթենդ ափ Էդգար Ղազարյանից՝ նվիրված Ալեն Սիմոնյանին

«Ոսկե հորթը»․ նոր սթենդ ափ Էդգար Ղազարյանից՝ նվիրված Ալեն Սիմոնյանին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պատրաստվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նվիրված սթենդ ափ ներկայացում բեմադրել, որի վերնագիրը կլինի «Ոսկե հորթը»։ Մեզ հետ զրույցում Ղազարյանն ասաց, որ նման գաղափարի առաջացման պատճառ է դարձել Ալեն Սիմոնյանի՝ Ղազարյանի դեմ ներկայացրած դատական հայցը՝ կապված զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելու պահանջի հետ։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Ղազարյանի հայց է ներկայացրել՝ իրեն «ամենամեծ կոռուպցիոներ» անվանելու համար․

«Երբ որ ես դատարանից ստացա գրությունը, որ իմ դեմ հայցադիմում կա և դատաքննություն է սկսվելու, որի օրը դեռ պարզ չէ, բայց դատարանը գործն ընդունել է վարույթ։ Մամուլից էլ տեղեկացա, թե ինչ պատճառով է դա եղել․ պարզվում է, որ դատական հայցի առարկան այն է, որ ես իրեն անվանել եմ «մեծ կոռուպցիոներ»։ Ես այստեղ, իհարկե, մի քիչ սխալվել եմ, որովհետև նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ինքը շատ մեծ կոռուպցիոներ է։ Երբ պատրաստվում էի դատարան հայցին ի պատասխան փաստարկներ ու հիմնավորումներ ներկայացնելու, և ուսումնասիրելով նրա անցյալն ու գործունեությունը, այս պահի դրությամբ առանձնացրել եմ առնվազն 20 ակնհայտ կոռուպցիոն դրվագներ Ալեն Սիմոնյանի գործունեության առաձին հանգամանքների վերաբերյալ։ Եվ քանի որ դրանք բոլորը փաստաթղթավորված են, այսինքն՝ հիմնավորված են իրավական ակտերով, որոշումներով, իր ինսթագրամյան և ֆեյսբուքյան էջերի, Ազգային ժողովի պաշտոնական էջի, նախագահականի պաշտոնական էջի լուսանկարներով, տեղեկատվությամբ, իր գործուղումների մասին որոշումներով և այլն, այդ հիմնավորումները, որոնք առարկայական են, ես որոշեցի մինչև դատական նիստը ներկայացնել սթենդ ափ ձևաչափում, այսինքն՝ փաստերը լուսանկարների հետ, իրականության հետ՝ ի տես հանրության, որովհետև շատ հարուստ նյութ է ստացվել։ Ես արդեն վերնագրել եմ այդ ներկայացումը, որը կոչվելու է «Ոսկե հորթը», և անդրադարձ է լինելու այդ ամբողջ կոռուպցիոն գործունեությանը, այսինքն՝ հիմնավորելու է այն պատասխանը , որը մենք պետք է ներկայացնենք դատարան։ Այսինքն՝ մինչև դատարան ներկայացնելը ես պատրաստվում եմ իմ ձեռքի տակ եղած ամբողջ նյութերը ներկայացնել հանրության ուշադրությանը»,- ասաց Ղազարյանը։

Հարցրինք՝ վայրը, օրը արդեն որոշե՞լ է, թե որտեղ ու երբ է լինելու, Ղազարյանը պատասխանեց․

«Ես, ճիշտն ասած, կուզենամ, որ դա լինի հանդիսատեսի առաջ, այսինքն՝ մարդիկ ներկա լինեն, կենդանի շփում լինի, բայց քանի որ դրա փորձառությունը չունեմ, այսինքն՝ երբևէ նման ձևով ես հանդես չեմ եկել, և որևէ համագործակցություն չեմ ունեցել որևէ կազմակերպության հետ․․․, գուցե հենց իրեն էլ դիմեմ, որովհետև ինքը մինչև ԱԺ նախագահ լինելը պրոդյուսեր է եղել, դերասանական գործունեությամբ է զբաղվել, կլիպեր է նկարել և այլն, իրեն կդիմեմ, կասեմ, որ այդպիսի գաղափար կա։ Իհարկե, որտեղ էլ լինի, իրեն անպայման կհրավիրեմ, իրեն և իր կոռուպցիոն դրվագների բոլոր հերոսներին, օրինակ՝ իր եղբորը՝ «Եվրոասֆալտ» ընկերության գլխավոր տնօրենին, որ այդ կոռուպցիոն դրվագի մի մասն է, իր մայրիկին, որը խուլիգանական պահվածք էր ցուցաբերել հանրության նկատմամբ, և միայն Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն ներգրավվածության հետևանքով ազատվեց պատասխանատվությունից։ Այսինքն՝ ես իրենց պատրաստ եմ հրավիրել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի կազմակերպական հարցերով իրեն դիմեմ, և կարծում եմ առաջիկայում կդիմեմ իրեն, որ ինքը իր փորձից ելնելով կազմակերպի, դառնա այդ նախագծի պրոդյուսերը, որովհետև ինքը այդ նախագծի գլխավոր հեղինակն է, լավ կլինի, որ պրոդյուսերական գործունեությունն էլ ինքը ծավալի, և դա կդիտիվի որպես ստեղծագործական աշխատանք, որը թույլատրելի է պատգամավորի պարագայում»,- ասաց Ղազարյանը։