Հայատյաց դրացիություն

Հայատյաց դրացիություն

Ավելի անիրական եւ ցնորական մտահղացում, քան այսօրվա պայմաններում Ադրբեջանի հետ նորմալ դրացիությունն է, չեմ պատկերացնում: Հենց նորմալ եւ ոչ թե բարի դրացիություն: Ինչպե՞ս կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել մի երկրի հետ, որտեղ վաղուց որպես պետական քաղաքականություն է ընդունված հայատյացությունը: Եվ եթե դրան գումարվի մեր խայտառակ պարտությունը, ապա պատկերը կամբողջանա: Եվ որքան էլ ամուր նյարդեր ունենա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, չի կարող վերափոխել Իլհամ Ալիեւին: Որքան էլ նա խոսի խաղաղ դարաշրջանի մեկնարկի մասին, չի կարող ստիպել Իլհամ Ալիեւին, որ վերջինս հրաժարվի հայատյացությունից: Այն այնպիսի գաղափար է, որի վրա Իլհամ Ալիեւը կառուցեց իր իշխանությունը: Եվ դաստիարակեց մեկ-երկու տասնյակ սերունդ: Հընթացս էլ հզորացնելով բանակը՝ սպասեց հարմար ժամանակների: 2016-ի ապրիլին համարեց, որ այդ ժամանակը հասել է: Բայց սխալվեց: Իսկ հետո հարմար ժամանակն ինքն իրենով եկավ նրա համար՝ եկավ «ժողովրդավարության բաստիոնի հիմնադիր» Փաշինյան Նիկոլի տեսքով: Եվ ապահովվեց հաղթանակը՝ երրորդ պատերազմի հաղթանակը:

Բնականաբար, Իլհամ Ալիեւը չի հրաժարվի ոչ միայն հայատյացությունից, այլեւ նույնիսկ հայաստանյան այլ տարածքներ գրավելու գաղափարից: Եվ դա՝ այն ժամանակ, երբ ինքը հաղթանակ տարած գլխավոր հրամանատար է: Իսկ նման մեկին, այն էլ՝ ազգությամբ թուրք, ստիպել, որ իրական խաղաղություն հաստատվի, կարելի է միայն զենքի ուժով: Եվ ոչ թե հորդորով՝ էլ չեմ խոսում աղերսի մասին: Իսկ նման երազանք ունեցողը ոչ միայն ձեւականորեն է թերուս (խոսքը բուհ չավարտելու մասին է), այլեւ բացարձակ չի ճանաչում հարեւան ազգի բնույթը: Միաժամանակ չի պատկերացնում, թե որ տարածաշրջանում է գտնվում այն երկիրը, որի ղեկավարն է ինքը ոչ բարով-խերով: Այդ նույն անձը, կհիշեք, երկու-երեք տարի առաջ Տիգրան Մեծով էր ուզում խոսքի մակարդակում հաղթել Իլհամին: Իսկ հիմա խաղաղություն է մուրում: Ու անընդհատ, որպես պատասխան, հոխորտանք ու ստորացում է ստանում: Եվ իր հետ էլ՝ ողջ երկիրը: Իր առումով, ինչպես ասվում է, գլուխը քարը, բայց ես չեմ ցանկանում, որ ադրբեջանցին ինձ վիրավորի: Եվ, կարծում եմ, ինձ նման բազմահազար մարդիկ: Նույնիսկ նրանք, ովքեր այսօր համազգեստ են կրում եւ օրենքի ու օրինականության փոխարեն ծառայում են անձամբ նրան: Վկա` մեր այսօրվա իրականությունը: 

Երկրորդ անհեթեթ եւ «զարմանահրաշ» երեւույթը հայաստանյան գործիչների (եւ ոչ միայն նիկոլական չինովնիկների) համաձայնությունն է այդ դրացիության գաղափարին: Կրկնվեմ՝ այսօրվա պայմաններում: Հետաքրքիր է, որ ադրբեջանցու հետ դրացիության կողմնակիցներն այդպես ակտիվորեն չէին պաշտպանում այդ գաղափարը նախքան 2020 թվականի պատերազմում մեր պարտությունը: Եվ ընդհանրապես՝ ես չեմ հիշում, որ այդ հարցն այդքան ակտուալ լիներ նախկինների օրոք: Այն ժամանակ, երբ մենք մեզ վստահ էինք զգում այս տարածաշրջանում: Այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ այդ անձինք սկսեցին խոսել դրացիությունից եւ դրան այլընտրանք չլինելու հանգամանքից: Քիչ է մնում ենթադրեմ, որ նման գաղափար ունեցողները ունեն նույն այն զգացումները, ինչ ունենում է տիրոջ կողմից ծեծված շունը: Իսկ այն ավելի քան ակնհայտ է՝ ծեծ ուտելուց հետո ոչ թե փորձում է վրեժ լուծել եւ կամ գոնե փախչել, այլ քսմսվում է տիրոջ ոտքերին: Ահա, նման վերաբերմունք են ցուցաբերում ադրբեջանցու հետ դրացիության կողմնակիցները: Որքան էլ դա չգիտակցեն կամ գիտակցելով հանդերձ՝ չխոստովանեն, գոնե իրենք իրենց:
Ես ռազմատենչ անձնավորություն չեմ եւ ոչ էլ երազանքների գիրկն ընկնող:

Գիտակցում եմ, որ այսօրվա իրավիճակում եւ հատկապես Փաշինյան Նիկոլի վարչապետության պայմաններում իմաստ չունի խոսել վրեժի մասին: Ընդամենը պետք է փորձենք պահպանել այն, ինչ դեռ մնացել է: Որովհետեւ նիկոլական դրացիության հաստատման գործընթացում կարող ենք անընդհատ կորուստներ ունենալ: Ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում: Ասվածը վերաբերում է թե՛ կոմունիկացիաներ բացելուն եւ թե՛ հատկապես Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշտման խնդրին: Այնպես որ, պարտավոր ենք դրացիության հաստատման փորձերը թողնել ապագային: Այն ժամանակներին, երբ երկիրն ազատված կլինի Նիկոլից եւ նրա ուսապարկերից: Երբ այդ իշխանությունը մեզ կթվա գիշերային երազ, ու մենք հնարավորություն կունենանք վերագտնել մեր արժանապատվությունը: Իսկ որ այդ ժամանակը կգա՝ ես չեմ կասկածում: Չեմ կասկածում, քանի որ որպես թուրքի կողմից ցեղասպանված ազգություն՝ մենք նույն թուրքին 100 տարի առաջ Սարդարապատ պարտադրեցինք: 

Մեզ մնում է ընդամենը ճանապարհ գտնել Նիկոլին հնարավորինս արագ իշխանությունից հեռացնելու համար: Գտնել հնարավորինս անցնցում եւ խաղաղ ճանապարհ: Եվ այդ հարցում առաջնահերթ պարտավորություն ունի այն քաղաքական ուժը, որ անցյալ տարվա հունիսին ստացել է իմ եւ ինձ նմանների ձայները: Իսկ դրանից հետո մտածել հասարակության պառակտվածությունը վերացնելու եւ այնուհետ կամ զուգահեռաբար մեր բանակը վերականգնելու մասին: Այն բանակը, որ Արցախյան առաջին ազատամարտում հաղթել էր թշնամուն: Եվ երկրորդում (ապրիլյանում)՝ նույնպես: Եվ կրկին կանի դա: Դրանում եւս չեմ կասկածում: Եվ կիրագործվի Վազգեն Սարգսյանի պատգամն առ այն, որ 21-րդ դարը մերն է լինելու: