«Սյունյաց ողջույնների» համար չեմ ներողություն խնդրել

«Սյունյաց ողջույնների» համար չեմ ներողություն խնդրել

ՔՊ-ի գրասենյակից կառավարվող իշխանական Civic.am կայքը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ իր իսկ աշխատասենյակում հարցազրույց էր արել՝ ցույց տալու, թե ինչպես է Զաքարյանը ներողություն խնդրում Նիկոլ Փաշինյանից, եւ դա իշխանական քարոզչամիջոցները ներկայացրել են որպես հայտնի «սյունյաց ողջույնների» համար ներողության հայցում Փաշինյանից։ Մինչդեռ Զաքարյանը ոչ թե ներողություն է խնդրում Նիկոլ Փաշինյանից, այլ ներողամտություն է հայցում իր հարցազրույցում Փաշինյանի կնոջը պառկեցնելու վերաբերյալ խոսքի համար՝ նշելով, որ ինքը, լինելով կովկասցի, արժանապատիվ տղամարդ, չէր կարող իրեն թույլ տալ որեւէ մեկի ընտանիքին վիրավորել, ու իր ասածը գուցե թյուրըմբռնման կամ տարընթերցման առիթ է տվել, ինչի համար էլ ներողություն է խնդրում։ Հիշեցնենք, որ նա ասել էր` Փաշինյանն անգամ իր կնոջը չի կարողանում պառկեցնել, ուր մնաց ինձ պառկեցնի, եւ ներողությունն էլ խնդրել է կնոջը վիրավորելու համար:

Երեկ մեզ հետ զրույցում Զաքարյանը շեշտեց, որ ինքը Մեղրիում տեղի ունեցած միջադեպի ու «սյունյաց ողջույնների» համար չի ներողություն հայցել։ «Տեսեք, էդ՝ քաղաքականություն, քաղաքական պայքար, վարչական աշխատանք, մի բան է, ընտանիքը, օջախը այլ բան է։ Եթե ցանկացած հայ տղամարդ, թեկուզ հակառակորդ լինի, թշնամի լինի, դույզն-ինչ կասկած ունի, որ ես իր ընտանիքին վիրավորելու նպատակ եմ ունեցել, ես պատրաստ եմ առաջ անցնել եւ ներողություն խնդրել։ Իմ բնույթում չկա որեւիցե հայի, ընտանիքի, որեւիցե տղամարդու` իր, իր ընտանիքի վերաբերյալ ինչ-որ վիրավորական բաներ ասել»։

- Այդ դեպքում ինչի՞ համար էիք զղջում։

- Նախընտրական օրերին, չեմ հիշում՝ որ լրատվամիջոցից ինչ-որ զանգ է եղել, հարցրել են՝ պառկեցնել եւ այլն, չեմ էլ ուզում կրկնել հիմա, էդպիսի թեմա է եղել, մեկնաբանել եմ ու կրկնում եմ՝ ես դրանով չեմ ուզել վիրավորել, թեման էնքան նուրբ է, որ ես չեմ էլ ուզում հիմա անդրադառնալ կամ խորամուխ լինել։ Եթե կա տենց կասկած, թեկուզ ինչ-որ մեկի ոչ բարի ցանկությամբ ստեղծվել է էդպիսի բան, անկախ ինձնից՝ հայտնվել եմ էդ թեմայի մեջ․․․

- Տպավորություն էր, որ իշխանական լրատվամիջոցը հատուկ էր եկել Ձեզ մոտ, որպեսզի կազմակերպեին այդ զղջման հարցազրույցը։ Ձեզ հետ համաձայնե՞ցված էր այդ հարցազրույցը։

- Չէ, ինձ դիմել է լրատվամիջոցը, մնացածը իրենց հարցրեք, ես չեմ լրատվամիջոցի կոորդինատորը։

- Ասացիք՝ Ձեր ներողությունը սյունյաց ողջույնների համար չէր։ Օգոստոսին, երբ ԱԺ դահլիճում ծեծկռտուք եղավ, կարծեմ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, թե «սյունյաց ողջույնի» պատասխանը դուք (ընդդիմությունը) ստացաք։

- Այո, ես լսել եմ դա, ես «Վարդաշեն» ՔԿՀ-ում էի այդ ժամանակ ու հասկացա, որ դրա պատասխանը (ժողովուրդը) քվեով, այսինքն, տվել է։

- Չէ, այդպես չէր, քանզի այնտեղ հայհոյանք էլ հնչեց ձեր թիմակիցների հասցեին, ու երեւի դա նկատի ուներ Ռուբինյանը։

- Դե, դա կռվի ժամանակ հայհոյանք է եղել, ի՞նչ է, պատասխան չի՞ եղել։

- Ամեն դեպքում, ես տեսա, որ այդտեղ ընդդիմությունը մի տեսակ պարտված դուրս եկավ։

- Քանակական առումով՝ գուցե ծեծկռտուքի մեջ․․․ բայց չեմ կարծում, էլի։ Ասենք՝ կռիվ անելիս եթե հայհոյել է, ու ինչ-որ մեկը լավ է զգում դրանից․․․

- Այսինքն, սյունեցիները հետ չեն կանգնել իրենց ասածից, «սյունյաց ողջույններն» ուժի մեջ են։

- Ես դրա ո՛չ մասնակիցն եմ, ո՛չ էլ․․․ Ընդհանրապես, սրա վերաբերյալ որեւիցե ասելիք չունեմ ու չեմ էլ ունեցել։ Ես հիշեցի դա էն կոնտեքստում, որ սա չկապեն դրա հետ։

- Ի դեպ, Դուք քաղաքական կերպար չեք ընկալվում, տպավորություն է, որ Դուք, գալով Ազգային ժողով, չգիտեք՝ որտեղ եք, ինչի համար եք եկել այստեղ։ Չե՞ք փոշմանել, որ մանդատ եք ստացել ու մտել եք խորհրդարան` հայտնվել այս միջավայրում։

- Ես եմ ընտրել դա, ինձ ոչ մեկը չի ստիպել այս ճանապարհով գնալ, փոշմանելու խնդիր չկա, բայց դիսկոմֆորտ, իհարկե, կա։ Ճիշտ նկատեցիք, ես իմ ունակությունները, իմ փորձը, գիտելիքներն իրացրել եմ գործադիրում աշխատանքի մեջ, վարչական աշխատանքում, եւ մեծ մասով՝ իմ պլաններում չկար քաղաքականություն մտնել։ Գուցե ինչ-որ տեղ իրավիճակը ստիպեց՝ սահման կորցնել, հող կորցնել։

- Հնարավո՞ր է ինչ-որ պահի թողնեք մանդատն ու գնաք այլ խրամատից պայքարեք։

- Եթե մեր թիմին պետք լինի դա, ես պատրաստ եմ գործուղվել այնտեղ, որտեղ ինձ կգործուղի մեր թիմը։