Թեհրանն ու Բաքուն փոխանակվել են նոր մեղադրանքներով

Թեհրանն ու Բաքուն փոխանակվել են նոր մեղադրանքներով

Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ 
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ադրբեջանում Իրանի դեսպանատան տարածած այն հաղորդագրությունը, ըստ որի՝ Թեհրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին և կոչ արել միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հակաիրանական հրապարակումները և հոդվածները կանխելու ուղղությամբ։

Հաջիզադեի խոսքով՝ ապրիլի 3-ին երկրի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ստացել Ադրբեջանում Իրանի դեսպանատնից։ Նույն օրը Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ իրանական կողմին տրվել է պատասխան բողոքի նոտա։

Բաքուն, մասնավորապես, պնդել է, թե ԶԼՄ-ների հրապարակումների մասին Իրանի դիվանագիտական ներկայացուցչության որակումները օբյեկտիվ չեն, ինչպես նաև իրանական կողմին ներկայացվել է իրանական լրատվամիջոցներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցանկ։

Ըստ Հաջիզադեի, Իրանի դեսպանին ասվել է, որ «Ադրբեջանի, նրա պաշտոնյաների մասին վիրավորական, կեղծ, զրպարտչական և կողմնակալ տեղեկատվությունը, ինչպես նաև Իրանի հասարակական և քաղաքական գործիչների հայտարարություններն ու ելույթները, որոնք պարբերաբար տարածվում են իրանական լրատվամիջոցներում, վնասում են երկու երկրների հարաբերություններին և սրում լարվածությունը»: