Եթե ինքը կարող է արդարադատության նախարար դառնալ, ես էլ կարող եմ Հռոմի պապ դառնալ

Եթե ինքը կարող է արդարադատության նախարար դառնալ, ես էլ կարող եմ Հռոմի պապ դառնալ

«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Հայաստանի գործող իշխանությունները կոշտացնեն իրենց դիրքորոշումը՝ արցախյան հարցի կարգավորման հետ կապված, եւ ներքին լսարանին ուղղված որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ վերադարձ «Վիեննա- Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ» օրակարգին, ինքնորոշման իրավունքի ամրագրումը, որպես հարցի կարգավորման սկզբունքներից մեկը, վերադարձնեն Մինսկի խմբի համանախագահների օրակարգ»,- պատասխանելով մեր հարցին, թե ինչ կարելի է ակնկալել  Մնացականյան-Մամեդյարով սպասվելիք հանդիպումից, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իսկ դա վերադառնում է, թե ոչ՝ կարող ենք դատել Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից։ Երեկ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, փորձեց վրայից մաքրել լավատեսություն առաջացնող մարդու պիտակը, ուզում եմ իրենց հիշեցնել, որ իրենք են այդ լավատեսությունն առաջացրել։ Հիմա իրավիճակը սրվել է, փոխվել է, որոշակի տհաճ զարգացումներ կան բանակցային գործընթացում, գուցե վարչապետը սկսել է հասկանա՞լ այդ ամենը, դրա համա՞ր էր երեկ ԱԺ-ում փորձում դիստանցվել լավատեսություն ներշնչող մարդու կերպարից, բայց այդ լավատեսությունն իրենք են ներշնչել՝ հատկապես երբ լայնաժպիտ նկարներ էին հրապարակում՝ Միլանի հնգակողմ հայտնի հայտարարության հետ կապված, եւ գովում էին, որ վերջապես, աննախադեպ․․․ եւ այլն, եւ այլն։

Նույնպիսի լավատեսություն Նիկոլ Փաշինյանը ներշնչել է միջազգային հանրության որոշ շրջանակների՝ խնդրի կարգավորման հետ կապված։ Հիմա ինքն իր լավատեսության զոհն է դառնալու, ցավոք սրտի, այդ գինը վճարելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ անցանկալի զարգացումների դեպքում, ինչի ականատեսը մենք լինում ենք, այդ գինը վճարելու են Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները։ Ես պահանջում եմ, որ մեր բանակցողները քաղաքական օրակարգ վերադարձնեն այս 2 կարեւոր դրույթները՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիշատակում, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնեւի բանակցությունների կատարման հրամայականը»,- հավելեց Աշոտյանը։

- Ձեր դիտարկմամբ, այժմ ինչպիսի՞ն են հարաբերությունները Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ։ Կարծիք կա, որ հարաբերությունները կարգավորվում են։

- Պետք է փաստենք, որ առաջին 1 տարվա մեջ անցանկալի զարգացումներ եղան Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունների մեջ։ Գործող իշխանությունները չեն հասկանում, չեն գիտակցում, եւ սա հանցավորություն է, այն կարեւորությունը, որ տրվում է 2 հայկական պետությունների միջեւ ոչ միայն ռազմավարական գործակցության, այլեւ լավ անձնական հարաբերությունների հետ կապված։ Ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները շատ ավելի իմաստուն են իրենց դրսեւորում, քան Հայաստանի իշխանությունները այս ժամանակահատվածում, բայց Նիկոլ Փաշինյանը չպետք է ունենա գայթակղություն՝ պարբերաբար չարաշահելու այդ իմաստնությունը ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանում առողջ ուժերի հետ կապված։

- Արցախում նախագահական ընտրություններ են սպասվում, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-  Չեմ մեկնաբանի այս պահին, կարծում եմ՝ Երեւանը հնարավորինս պետք է չմիջամտի Արցախի ներքին գործերին, եւ Արցախի ժողովուրդն ինքը պետք է ընտրի։ Ունենալ «любимчик » թեկնածուներ կամ հակաարշավ անել ինչ-որ մեկ այլ թեկնածուի դեմ` նորից հանցավոր գործելաոճ եմ դիտարկելու։

- Երեկ հերթական աղմկոտ նշանակումը եղավ, ՊԵԿ 27-ամյա փոխնախագահը նշանակվեց արդարադատության նախարար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ նշանակումը, ի՞նչ արդյունքներ եք սպասում նրանից։

- Դե, երբ ես այդ նշանակումը տեսա, մտքումս մի պահ սատանան ասաց, որ եթե ինքը կարող է արդարադատության նախարար դառնալ, ուրեմն ես էլ կարող եմ Հռոմի պապ դառնալ։