Էխ, Միշել, Միշել․ Հին մայրցամաքն էլի «հին մասնագիտությա՞մբ» է զբաղվում

Էխ, Միշել, Միշել․ Հին մայրցամաքն էլի «հին մասնագիտությա՞մբ» է զբաղվում

Մեծ քաղաքականությունը, այդ թվում՝ բարձր դիվանագիտությունը, նման է աշխարհի հնագույն մասնագիտությանը՝ հազար ներողություն, պոռնկությանը։ Սա, իհարկե, չափազանցված է, որովհետեւ ամենուր կարելի է գտնել անբարոյականներ եւ բարոյականներ, բարոյական եւ անբարո վարքեր։ Բայց, կարծես, Հին մայրցամաքում՝ Եվրոպայում, այս ծայրահեղական բնորոշումները հեռու չեն իրականությունից։ «Եվրոպա՜ն` այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե…»․ անցյալ դարասկզբին մարգարեաբար ահազանգում էր մեր դասականը՝ Ռուբեն Սեւակը (1885-1915 թթ.), ով զոհ գնաց թուրքերի իրականացրած ցեղասպանությանը։

Ինչպես հայտնի է, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգել եւ շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։ Միշելը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացրել է, որ Ալիեւի հետ քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորումը․ «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։ Նրա խոսքով, անդադարձ է եղել նաեւ ԵՄ-Բաքու համագործակցությանը՝ հատկապես կարեւորելով էներգետիկ ոլորտում կապերը։

Ադրբեջանում անակնկալ են համարել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի շնորհավորական հեռախոսազանգը, քանի որ Եվրոպայի ու Բաքվի ջրերըն, ինչպես ասում են, մեկ առվով չեն գնում։ Իհարկե, ալիեւյան քարոզչամեքենան հասցրել է այդ փաստը ներկայացնել իբրեւ Միշելի «զինաթափում մեծն առաջնորդի գերազանցության դեմ» կամ, հայտնի ժանրով ասած՝ ԵՄ խորհրդի նախագահը «պառկել է Ալիեւի տակ»։

Բանն այն է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո Բաքուն բոյկոտել է հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան հարթակները, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի միջնորդությամբ։ Եվ վերջինիս զանգը, իսկապես, տարակուսելի է ոչ միայն հարեւան թշնամական երկրի դիտանկյունից, այլեւ բոլոր առումներով։ Ընդհանրապես, Միշելն այս համաեվրոպական ամորալ բարքերի ֆիգուրներից մեկն է․ չմոռանանք, թե 2 տարի առաջ Բաքու ժամանելուց հետո ինչ ասաց եվրոպական մեկ այլ կարեւոր կառույցի՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը․ «Ադրբեջանն էներգակիրների անվտանգությունն ապահովելու գործում կդառնա մեր առանցքային գործընկերը»։ Բաքվին համարելով ԵՄ վստահելի գործընկեր (հատկանշական է, որ այդ հայտարարությունն արվել է արցախյան 44-օրյա ողբերգական պատերազմից հետո)՝ ֆոն դեր Լայենը նշեց, որ «Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները»։ 

Բայց Միշելի պահվածքն իսկապես տարօրինակ է, եթե նույնիսկ հաշվի առնենք ԵՄ-Բաքու սուվերեն հարաբերությունների բնույթը, դրանց տնտեսական ասպեկտները։ Եթե հանրագումարի բերենք հավաքական Եվրոպայի վերջին շաբաթների վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, նախ, հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն դիտորդներ չուղարկեց Բաքու՝ արտահերթ նախագահական ընտրությունների համար, կազմակերպությունում չհաստատեցին ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ընթացիկ նստաշրջանում, ինչից հետո Ադրբեջանը հայտարարեց կառուցը լքելու որոշման մասին։

Փետրվարի 7-ին կայացած ընտրություններից հետո եվրոպական քաղաքական ընտանիքի մյուս ներկայացուցիչները՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր զեկույցում փաստեց, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով եւ հակասել են ժողովրդական չափանիշներին։ Ընդգծվել է նաեւ, որ Ադրբեջանն անտեսել է կազմակերպության՝ ավելի վաղ արված դիտողություններն ու մտահոգությունները, իսկ բուն ընտրական գործընթացն անցկացվել է իրական մրցակցության բացակայության եւ սահմանափակ պայմաններում (լրագրողների, դիտորդների բռնաճնշումներ, բազմակի քվեարկություն եւ այլն)։ Ու չնայած սրան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհավորել է նախագահ Իլհամ Ալիեւին՝ արտահերթ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անբարոյականության եւս մեկ դրսեւորում։ Ի դեպ, այս տարվա հունվարի սկզբին Շառլ Միշելն ուշագրավ հայտարարություն արեց, ինչը կարող է որոշակի լույս սփռել նրա վարքագծի ու քայլերի վրա։ Եվրոպացի պաշտոնյան ազդարարեց, որ մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, ուստի կարող է թողնել իր պաշտոնը հուլիսի կեսերին։ 

Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Միշելի լիազորություններն ավարտվում են 2024 թվականի նոյեմբերին, բայց, ինչպես նկատել է քաղաքական գործիչը, «երկու պաշտոն միաժամանակ զբաղեցնել հնարավոր չէ»։ «Սա նշանակում է, որ ես կկատարեմ Եվրոպական խորհրդի նախագահի իմ պարտականությունները մինչեւ հուլիսի 16-ի Եվրախորհրդարանի անդամի պաշտոնավարման արարողությունը»,- պարզաբանել է նա։

Բացառված չէ, որ Միշելը պաշտոնը վաղաժամ թողնելուց առաջ, հեռացողի թեթեւությամբ (կամ թեթեւամտությամբ), մտադիր է չփչացնել հարաբերությունները բոլորի, այդ թվում՝ Բաքվի հետ։ Բայց նույնիսկ այս դեպքում նրա զանգն Ալիեւին ստորացուցիչ էր թե՛ անձնապես, թե՛ բարոյապես եւ թե՛ քաղաքականապես, մանավանդ որ Բաքուն ցինիկաբար հայտարարել է՝ Եվրոպայից ոչ մի ակնկալիք, հետեւաբար՝ կորցնելու ոչինչ չունենք․․․