Ախ, Սերժ, Սերժ, ո՞նց չէիր կարողանում ընդդիմության դեմ ակցիաներ կազմակերպել 2018-ին

Ախ, Սերժ, Սերժ, ո՞նց չէիր կարողանում ընդդիմության դեմ ակցիաներ կազմակերպել 2018-ին

Պարզ է, որ փողոցով ու երկիրը պարալիզացնելով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հազար ու մի հնար կգտնի ժամանակին իր բանեցրած մեթոդների դեմն առնելու համար։ Հեղափոխական մեթոդներ կիրառողները նաեւ հակահեղափոխական մեթոդներին են լավ տիրապետում։

Բացի ոստիկանությանն օգտագործելուց, որի թվաքանակը այս 4 տարում բազմապատկել են՝ աշխատավարձերը նույնպես։ Արդեն գրել ենք, որ քրեական հետապնդման եղանակն են լիարժեք կիրառում՝ մի քանի օր է Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն գործի է անցել՝ քրեական գործեր են հարուցում փողոց փակողների դեմ, ոչ մի հայհոյանք, ոչ մի քաշքշուկ «չի վրիպում» իրավապահների աչքից։ Եւ վերջին երկու օրվա նորամուծությունը՝ գործի են դրել իրենց տասովշչիկներին, իրենց ծառայող «անձնակազմին»։ 

Եթե առաջին օրերին միայն ստատուսներ էին գրում սրանք (Հովհաննես Ազոյան, ՔՊական ուսապարկեր եւ այլն), ապա վերջին օրերին, հավանաբար, զգալով, որ երկրում մթնոլորտ է փոխվում, գործի դրեցին սադրիչների համակարգը։ Իշխանական մի քարոզիչ, որը ողջ օրն իրենց ալիքներից մեկով «ազատ շփում» է ապահովում զոմբիների համար, փորձեց հանրահավաք կազմակերպել Սասունցի Դավթի արձանի մոտ։ Ճիշտ է՝ հազիվ 200 հոգի էին մասնակցում, բայց սիվիկները լայնորեն լուսաբանեցին։ 

Վանաձորում մի քանի սադրիչ ուղարկեցին, որ հանրահավաքը խափանի եւ նրանք Արթուր Ղազինյանին ռեպլիկներ ուղղեցին, իսկ թփի տակից հայտնված սիվիկ․ամ-ն անմիջապես նկարեց ու տարածեց։ Փորձում են տպավորություն ստեղծել, որ վանաձորցիները դեմ են ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանի կողմից են, ինչը կարող է հոգեբանորեն ազդել ժողովրդի վրա։

Իսկ այսօր որոշել են Շիրակի մարզ մեկնող ընդդիմության մուտքը խոչընդոտել՝ զոհվածների ծնողներին նորից ասպարեզ բերելով։ Նենգ որոշում է։ Գիտեն, որ ծնողներին ձեռք չի տա ընդդիմությունը եւ այդ ակցիան էլ կարող է տպավորություն գործել հասարակության վրա։ Բայց հենց նման քայլերի պատճառով են մարդիկ մտածում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի արգելակ ու սրբություն չունի՝ իշխանությունը պահելու համար ամեն ինչի ընդունակ է։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասացին, որ զոհվածների ծնողների՝ Հոռոմի մոտ ճանապարհը փակելու ակցիայի կազմակերպիչը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, որը վերջերս խռովել էր՝ դիմում էր գրել ավագանու անդամությունից դուրս գալու համար, որովհետեւ կնոջն ազատել էին աշխատանքից, ապա դիմումը հետ է վերցրել։

Ախ, Սերժ, Սերժ, լավ՝ 2018 թվականին դու հեչ կողմնակիցներ չունեի՞ր, որ հակընդդեմ ակցիաներ կազմակերպեիր, ցույց տայիր, որ դուք էլ մարդիկ ունեք եւ կարող եք ճանապարհը փակողների ճանապարհը փակել։ Ու դա անեիր՝ մինչեւ այն պահը, երբ Նիկոլի շարժումը դեռ շատ չէր աճել։ Ասենք՝ երբ որ քայլելով 100 հոգով եկել հասել էին Աբովյանի մոտ։ Ուղղակի մի խումբ ՀՀԿ-ականներ չթողնեին քայլոներին քաղաք մտնել։ Տեսնում ե՞ս՝ ինչպես են իշխանությունը պահում․ ոչ մի զազրելի քայլից ձեռնպահ չմնալով, անգամ իր իսկ մեղքով զոհված երիտասարդների հարազատներին է օգտագործում, նրանց չքավորությունից օգտվում, պետության տված կոպեկի դիմաց ծառայեցնում։ Բա իշխանությունը քաղցր բան է՝ հո՞ չի թողնելու, որ մի 10-100-1000, թեկուզ 100 հազար հոգով որոշեն ու խլեն իրենից։ Սովորեք Նիկոլից՝ իշխանությունը պահելը։