Իմ առաջարկը Մարգարիտա Սիմոնյանին

Իմ առաջարկը Մարգարիտա Սիմոնյանին

Օգոստոսի 10-ին լրանում է Խորհրդային Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության միջեւ Թիֆլիսում կնքված Զինադադարի համաձայնագրի 100-ամյակը:  Ըստ այդմ,  Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ճանաչվել են Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված: Այդ տարածքների վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր կողմերի (Խորհրդային Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի Հանրապետության) միջեւ խաղաղության վերջնական պայմանագրով: Նման պայմանագիր չի կնքվել:

Խորհրդային Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից Նախիջեւանը 1921թ. մարտի  16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով անցել է Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, Զանգեզուրը, շնորհիվ կազմակերպված ինքնապաշտպանության, մնացել է Հայաստանի կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ մարզային լայն ինքնավարությամբ հանձնվել է դարձյալ Ադրբեջանին: Եկող տարի լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի եւ Կովբյուրոյի որոշման 100-ամյակը: Հարց. ինչպե՞ս հնարավոր եղավ, որ անկախ Հայաստանի Հանրապետությունից օկուպացված Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին:

Առաջարկում եմ, որ Մարգարիտա Սիմոնյանը եւ նրան միացած ռուսաստանաբնակ հայ մտավորականները դիմեն Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի երկու պալատներին՝ Պետական դումային եւ Դաշնային խորհրդին՝ քննարկելու 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրի եւ Կովբյուրոյի  1921թ. հուլիսի 5-ի որոշման օրինականության եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության հարցը: Ինչպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարը քաղաքական կամք դրսեւորեց եւ ապօրինի, միջազգային իրավունքին հակասող ճանաչեց Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովը կարող է իրավական առումով առ ոչինչ ճանաչել ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը եւ Լեռնային Ղարաբաղի մասին Կովբյուրոյի որոշումը: Դաշնային ժողովը կարող է պարզել՝ ռուս-թուրքական պայմանագրին կից գաղտնի արձանագրություն կա՞:

Դաշնային ժողովը հնարավորություն ունի հայ-ռուսական հարաբերությունները վերադարձնել Զինադադարի մասին վերոնշյալ համաձայնագրի սահմանած իրավական հարթություն, այն է՝ երկողմ բանակցություններ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի կարգավիճակի մասին, տարածքներ, որ Խորհրդային Ռուսաստանը զենքի ուժով օկուպացրել է անկախ Հայաստանի Հանրապետությունից: Եթե մոսկովաբնակ հայ մտավորականները, գործարարները, քաղաքագետներն ու վերլուծաբանները մտահոգ են հայ-ռուսական հարաբերություններով, ապա պետք է նախաձեռնեն Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցով Դաշնային ժողովին դիմելու ստորագրահավաք եւ հետամուտ լինեն հարցը սահմանված ընթացակարգով քննարկելուն: Շատ կուզենայի այդ հանրագրի տակ առաջինը տեսնել Մարգարիտա Սիմոնյանի ստորագրությունը: