Արցախում ապրողները հայ են, չի կարելի բաժանարար գծեր քաշել

Արցախում ապրողները հայ են, չի կարելի բաժանարար գծեր քաշել

Հարցազրույց 44-օրյա պատերազմի խորհրդանիշ Ալբերտ Հովհաննիսյանի հորը` Արտակ Հովհաննիսյանի հետ:

- Արդեն 9 օր է՝ Արցախը թշնամու կողմից շրջափակման մեջ է հայտնվել: Ադրբեջանցի իբր բնապահպանները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Տպավորություն է, թե Արցախն այսօր անտերության է մատնված: Արցախցիների վերջին հույսը մնացել են ռուս խաղաղապահները:

- Ագրեսոր Ադրբեջանը որեւէ մեկին չի ենթարկվում: Պետական որեւէ կառույց փաստացի չի կարողանում ազդեցություն ունենալ թշնամու վրա: Ադրբեջանն այսօր առավել, քան երբեւէ, իրեն սանձարձակ է պահում:

- Ամեն անգամ, երբ թշնամին սադրանքի է դիմում, Հայաստանում առավել ցայտուն են դառնում հայաստանցի-ղարաբաղցի բաժանարար գծերը: Ինչո՞ւ:

- Ինձ համար այդ ամենն անընդունելի է: Չի կարող լինել հայաստանցի, չի կարող լինել առանձին ղարաբաղցի: Անընդունեկի է։ Իմ տղան զոհվել է Արցախի համար: Ինչպե՞ս կարող եմ ընկալել այդ բաժանումը: Հայաստանում կան տարբեր մարզեր` Տավուշ, Արմավիր, Սյունիք, Արարատ, Գեղարքունիք եւ այլն: Արցախն էլ այս մարզերի նման մերն է: Այնտեղ ապրողները հայ են, չի կարելի բաժանարար գծեր քաշել:

- Այս օրերին արցախցիները մեղադրում են հատկապես Հայաստանի իշխանություններին՝ անտարբերության մեջ: Նրանցից շատերը պնդում են, թե Հայաստանն ընդունել է կրավորական կեցվածք, չի միջամտում, քայլեր չի ձեռնարկում:

- Ես ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում այս իշխանություններին: ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացվում, կարծում եմ` պետական մակարդակով ամեն բան արվում է այս առումով: Ինձ համար միայն այս իշխանությունները չէ, որ իշխանություն են, ինձ համար ընդդիմությունը եւս իշխանություն է կամ իշխանության մի մաս: Երկուստեք հասարակության կողմից ընտրված ուժեր են: Ժողովուրդը նրանց բոլորին մանդատ է տվել: Մենք շատ բան կարող ենք անել որպես ժողովուրդ, սակայն մեր քայլերն իրավական առումով ազդեցություն չեն կարող ունենալ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը կարող են համախմբվել: Հարցին լուծում տալու համար միասնականություն է պետք: Ընտրազանգվածը եւս պառակտված է: Բոլորն էլ հայ են:

- Իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունն այսօր: Ի՞նչ լծակներ ունի՝ փոխելու իրավիճակը:

- Ընդդիմության ձեռքին կա պարտադրելու լծակ: Այն, ինչ իշխանությունը չի արել կամ գուցե հասու չի եղել, որպեսզի անեն, կարող են անել ընդդիմադիրները: Թեկուզ իրենց խորհուրդներով կարող են օգտակար լինել: Նրանք ունեն 30 տարվա քաղաքական փորձ:

- Կարծում եք՝ այս իշխանությունները լսո՞ւմ են ընդդիմության խորհուրդները կամ, առհասարակ` լսո՞ւմ են որեւէ մեկի խորհուրդը:

- Ինչքան էլ որ չընդունեն, ամեն դեպքում՝ իշխանության ներքին համոզմունքների վրա կարող է այդ ամենն ազդեցություն ունենալ: Գուցե բացահայտ կերպով ցույց չտան, սակայն նստվածք կտա:

- Ինչո՞ւ ամեն ինչ այսպես սխալ դասավորվեց: Տղաները զոհվեցին, Արցախի 75 տոկոսը կորցրինք, այժմ անգամ այդ փոքրիկ հատվածը պաշտպանել չենք կարողանում:

- Ցավոք, ես այդ հարցի պատասխանը չունեմ: