Ալիեւի շանտաժը, ԱՄՆ-ի «մուտիլովկան» եւ Փաշինյանի «խիզախ քայլը» 

Ալիեւի շանտաժը, ԱՄՆ-ի «մուտիլովկան» եւ Փաշինյանի «խիզախ քայլը» 

Այս տարվա նոյեմբերի կեսերին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում ԼՂ հարցով լսումների ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է Ադրբեջանին ռազմական եւ այլ օգնության տրամադրումը, չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցելությունները։
Պետդեպի աշխատակցի պնդմամբ, ադրբեջանական կողմին հասկացվել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, մինչեւ Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Նա նաեւ ընդգծել էր, որ իրենց համար Հայաստանի դեմ ուժի որեւէ կիրառում անընդունելի է, եւ ցանկացած միջանցք պետք է ստեղծվի միայն Հայաստանի համաձայնությամբ։ 

Դրանից հետո Բաքուն հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչների բարձր մակարդակի այցերն Ադրբեջան տեղին չեն, որից հետո որոշակի լարվածություն էր առաջացել երկու երկրների հարաբերություններում։ Հենց այս պատճառով Ադրբեջանը հրաժարվեց Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ նոյեմբերին նախատեսված հանդիպումից: Ադրբեջանի ԱԳՆ-ում կոնգրեսականների արդար պահանջները համարեցին «միակողմանիություն»՝ սպառնալով, որ նման վարքագծի պատճառով «ԱՄՆ-ն կկորցնի միջնորդի իր դերը»: 
Եվ ինչպես ցույց տվեցին հաջորդող իրադարձությունները, ԱՄՆ-ն տեղի տվեց Ալիեւի ու նրա ռեժիմի շանտաժին, իսկ Բաքվի՝ Օ’Բրայենի ելույթից ունեցած վիրավորվածությունը հարթվեց մեկ հեռախոսազանգով։ Նոյեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության վարկածով, զրույցի ընթացքում Բլինքենն Ալիեւին խնդրել է թույլատրել իր օգնական Ջեյմս Օ’Բրայենին՝ դեկտեմբերին այցելել Բաքու՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչին, ըստ ադրբեջանական կողմի, Ալիեւը համաձայնություն է տվել: Ադրբեջանի ղեկավարը պարզ առեւտուր է առաջարկել` համաձայնել է, պայմանով, որ Վաշինգտոնն էլ կվերացնի ԱՄՆ այցելելու արգելքը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար: Բլինքենը, իր հերթին, ընդունել է այս առաջարկը։

Մինչ Հայաստանում (բնավ ոչ իշխանական շրջանակներում) միամտաբար հետեւություններ էին անում ու վերադիրքավորվում՝ ըստ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների նախընթաց զարգացումների, հերթական անգամ ապացուցվեց, որ առեւտրատնտեսական սերտ կապեր ունեցող Վաշինգտոնի ու Բաքվի հարաբերություններում ցանկացած անախորժություն հեշտ կարգավորելի է եւ, ինչպես պարզվում է՝ նաեւ մեկ հեռախոսազանգով։ 
Իսկ այս ընթացքում Փաշինյանը շարունակում է հավատարմության երդումները Միացյալ Նահանգներին (մեծ հաշվով՝ Արեւմուտքին), աստիճանաբար սեղմելով Ադրբեջանի՝ դեմ առ դեմ, առանց միջնորդների բանակցելու առաջարկության համար պարզված ձեռքը։ Մյուս կողմից, Արեւմուտքի «սրտի Փաշինյանը» շարունակում է դեմոնստրատիվ քայլերն ընդդեմ դաշնակից Ռուսաստանի, որտեղից հնչող մեղադրանքները, անկեղծ ասած, միսուարյուն են ստանում։

Բաքու մեկնելու ցանկությունից այրվող Ջեյմս Օ’Բրայանը լրագրողների հետ զրույցում նշել է հետեւյալը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ համարձակ է գործել ու հասկացրել, որ ձգտում է, որ Հայաստանն առաջ շարժվի սահմանների եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների բացման ուղղությամբ՝ չցանկանալով, որ Հայաստանն ամբողջապես կախված լինի Ռուսաստանից, այնպես, ինչպես ձգտում էին դրան նախկին առաջնորդները: Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաեւ համարձակորեն բարձրաձայնել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգային հարաբերությունները եւ ընդլայնել առեւտուրը Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա, եւ այս ամենը մի բան է, որը մենք շատ կցանկանայինք տեսնել»։

Ավելին, ըստ ամերիկյան դիվանագիտության հարավկովկասյան մունետիկի, Հայաստանի ժողովուրդը կարող է օգուտ քաղել Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների քաղաքականությունից։