1988-ի սերունդը պետք է հեռանա

1988-ի սերունդը պետք է հեռանա

Այո, 88-ի սերունդը, որը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ անգամ` Նիկոլ Փաշինյանի սերունդն է, պետք է հեռանա: Այդ սերունդը պետք է հեռանա, որովհետեւ դա են պահանջում սերնդափոխության ամենապարզ կանոնները:

Այդ կանոններն ասում են, որ այլեւս Հայաստանում եկել է 88-ի սերնդի հեռանալու եւ երկրի համար պատասխանատվությունը երիտասարդներին զիջելու ժամանակը: Տեսեք` եթե այսօր այդ երիտասարդներն են իրենց ամենօրյա աշխատանքով երաշխավորում երկրի տնտեսության գոյությունն ու աճի տեմպերը, եթե նրանք են կռվում ու մեռնում այս երկրի սահմաններում, եթե նրանք են ապահովում երկրի ներքին կարգուկանոնը, ուրեմն բնական է նաեւ, որ երկրում իշխանություն ձեւավորելու իրավունքը հենց այդ սերնդին էլ պետք է տրվի:

Այս երկիրը, այս առումով, այլեւս երիտասարդների երկիրն է: Եվ, անկախ ամեն ինչից, նրանք, միեւնույն է` վերցնելու են երկիրն ու նրա համար պատասխանատվությունը: Նրանք այն կվերցնեն առանց ցնցումների, եթե, իհարկե, 88-ի սերունդն իմաստնություն ցուցաբերի եւ կամովին զիջի երկիրը: Բայց նրանք դա կանեն նաեւ, եթե 88-ի սերունդը շարունակի ամեն գնով իշխանությունը չփոխանցելն ու իր կարծրատիպերի եւ բարդույթների գերին մնալը: Նրանք դա կանեն բոլոր դեպքերում եւ ցանկացած եղանակով:

Այս իմաստով 88-ի սերունդը, որը բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի սերունդը լինելուց, նաեւ մեզ նման տասնյակ հազարավորների սերունդն է, ի վերջո, պետք է հասկանա, որ եթե այսօր իրեն անգամ հաջողվի ճնշել փողոց դուրս եկած տարբեր երիտասարդական խմբերի՝ «պետությունն ու արժանապատվությունը» խորհրդանշող պայքարը, ապա դրանով ամեն ինչ չէ, որ կվերջանա: Դրանով չի վերջանա ոչինչ, որովհետեւ տեղի տվողների փոխարեն կգան նորերը, որովհետեւ ընկրկողներին կփոխարինեն ավելի համարձակները: Նրանք կգան բոլոր դեպքերում: Կգան նորից ու նորից: Կգան, որպեսզի մի օր ի կատար ածեն պատմության անբեկանելի դատավճիռը: Դատավճիռ, որն 88-ի սերնդի հեռանալու եւ երիտասարդ սերնդի գալու մասին է: Խնդիրն այստեղ սերնդափոխության գնին եւ երկրի վրա նրա ազդեցությանն է վերաբերում:

Իհարկե, բաներ էլ կան, որոնք ավելի շատ ոչ թե «գնացողներին», այլ «եկողներին» են վերաբերում: Նրանք՝ «եկողները», որոնք նաեւ 2018 թվականի ականատեսներն են եղել, պետք է միշտ հիշեն, որ այս երկիրն այսօր ոչ միայն «ոչ բռնի», այլ նաեւ «չմերժող» հեղափոխության կարիք ունի: Այս առումով, եթե մի քանի բառով ձեւակերպելու լինենք, ապա այս երկրի ուզածն այսօր ոչ թե «դեմի», այլ «հանունի» հեղափոխությունն է:

Այդ ցանկությունը, անշուշտ, արդարացված ցանկություն է: Արդարացված է, որովհետեւ այն Նիկոլի ու նրա «մերժիր»-ների հետեւանքները կրողի ցանկությունն է, որովհետեւ այն արժանապատիվ պետություն ունենալուն վերաբերող ցանկություն է:

Այսպիսով ստացվում է, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհը նաեւ երկկողմանի ճանապարհ է: Այդ ճանապարհի մի կողմում զիջելու լայնախոհությունն է, իսկ մյուս կողմում՝ հանդուրժելու խոհեմությունը: Մի կողմից երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ գնահատելին ոչ միայն այն է, ինչն իրեն չի փոխանցվել, այլ նաեւ այն, ինչը որ երկրի հետ կփոխանցվի իրեն, իսկ մյուս կողմից կարեւոր է, որ 88-ի սերունդն իշխանության զիջումը ոչ թե որպես իր պարտության, այլ իր լայնախոհության վկայագիր ընկալի:

Այս իմաստով Նիկոլի ու «իր հեղափոխության» փորձը ցույց է տալիս, որ պետությունն արդյունավետ պետություն է դառնում ոչ թե բաժանարար գծերը խորացնելով, այլ համերաշխությամբ ու համախոհությամբ, ոչ թե իրար մերժելով, այլ իրար ընդառաջ գնալով: 88-ի սերնդի կողմից իշխանությունն առանց ցնցումների փոխանցելու կարողության դրսեւորում, նոր եկողների կողմից բոլորին ընդառաջ գնալու վճռականության ցուցաբերում` ահա այսօրվա Հայաստանի հզորության եւ հավերժության բանաձեւի երկու ամենակարեւոր բաղադրիչները: Մենք երեսուն եւ ավելի տարիներ անտեսեցինք բանաձեւի այդ երկու բաղադրիչները եւ կործանեցինք Արցախի Հանրապետությունը, եթե շարունակենք այսպես, կկործանենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Շատ բան, այս առումով, մեզանից է կախված:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ