Արդեն միջազգային շուկայում ենք․․․ կեղծիքի

Արդեն միջազգային շուկայում ենք․․․ կեղծիքի

Հայտնի ֆիլմի («Երջանկության մեխանիկա») հերոսի նման՝ չբավարարվելով տեղականով՝  անցել ենք միջազգային մասշտաբների․ մանիպուլացիան ու կեղծիքը, ներքին քաղաքական շահախնդրության միջոց դարձնելուց բացի, իբրև աննախադեպ պրոդուկտ արտահանում ենք արտաքին քաղաքական շուկա։ Իսկ «շուկայում» ՆՓ-ն սխալ է հանում ՌԴ նախագահ Վ․ Պուտինին։ Վերջին իրադարձություններից հետո դա, անտարակույս, երախտամոռության այնպիսի վկայություն է, որի համար ցանկացած բարոյական մարդ գետինը կմտներ, սակայն Նիկոլը ոչ միայն գետնի վրա է, այլև սկսել է ավելի ինքնավստահ քայլել։ Եվ չնայած հայրենի ԱԺ գնում է զրահաբաճկոնով  (վերջապես աննախադեպ մի բան), բայց նույնիսկ այդ հանգամանքը չի սեղմում-զսպում նրան՝ չկեղծելու։ 

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, դա միֆ է: Միֆ է նաեւ, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք արել»,- ԱԺ-ում հայտարարում է մեր կեղծաբանը:

Ահա այսպես վարչապետը «միֆ» է որակում մի բան, ինչը Պուտինի պնդմամբ՝ պարզ իրականություն է։ Վերջինս ժամանակ առաջ հայտարարել էր, որ պատերազմի թեժ շրջանում, երբ ամեն ինչ վերջնականապես կորած չէր (հոկտեմբերի 19-ին), ինքն առաջարկել է ՆՓ-ին՝ պատերազմը դադարեցնելու։ «Մենք կպատերազմենք»՝ հրաժարվել է մեր ռազմաշունչը և պատերազմն անմռունչ հասցրել մինչև նոյեմբերի 9-ի ազգային խայտառակությունը։
Ու հիմա պարզվում է՝ պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու, դրանով իսկ՝ կյանքեր ու տարածքներ փրկելու հնարավորությունը, որ հավաստում է Պուտինը, «միֆ» է։ 

Ասացինք, չէ՞, դուրս ենք եկել կեղծիքի միջազգային շուկա։ 

Եվ այս ամբողջ պատմության մեջ ամենաստորացուցիչն ու ողբերգականն այն է, որ մենք հավատում ենք ոչ թե յուրային ՆՓ-ին, այլ օտար Պուտինին։