Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ

Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ

Այս տարվա օգոստոս, սեպտեմբեր ամիսներին «Կարմիր խաչ»-ն այցելել է Ադրբեջանում գերեվարված հայերին, ասաց «Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ի թիվս մյուս հայերի՝ «Կարմիր խաչ»-ը կարողացել է այցելել նաև ՀՀ ԶՈւ սպա, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Ալավերդյանին․ այցելությունը նախկինում չէր ստացվում ադրբեջանական իշխանությունների կողմից ձգձգումների պատճառով։

Բացի Ալավերդյանից Ադրբեջանում են Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանը, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկի բնակիչ, անասնապահ Նարեկ Սարդարյանը։ 

Ամատունին ասաց, որ «Կարմիր խաչ»-ի միջոցով Գուրգեն Ալավերդյանը կարողացել է կապ հաստատել ընտանիքի հետ, այլ մանրամասներ «Կարմիր խաչ»-ի գրասենյակի ներկայացուցիչը չասաց, քանի որ իրավասություն չուներ։ Ալավերդյանի կինը՝ Աննա Ալավերդյանը, նույնպես չցանկացավ որևէ բան խոսել։ Գուրգեն Ալավերդյանի մայրն ասաց, որ իրենց նամակ է փոխանցվել որդուց։

Զառա Ամատունուն նաև հարցրինք, թե բացի 5 հոգուց էլի հայ կա՞, որ Ադրբեջանակյան գերության մեջ է, պատասխանեց, որ «Կարմիր խաչ»-ին հայտնի է միայն այս 5-ի մասին։

«Հրապարակ»-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ քայլեր են կատարվում Ադրբեջանում հայտնված հայերին վերադարձնելու ուղղությամբ։ Ստեփանյանը հաստատեց, որ հնարավոր է եղել այցելել Գուրգեն Ալավերդյանին։ «Հրապարակելու ենթակա որևէ բան չկա այս պահին»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Արայիկ Ղազարյանի մայրն ասաց, որ «Կարմիր խաչ»-ից միայն իրեն հայտնել են, որ այցելել են Արայիկին, սակայն որևէ նամակ որդուց չեն փոխանցել։ «Հունվարից այս կողմ Արայիկից նամակ չենք ստացվել»,- նշեց Կարինե Բաղդասարյանը։

Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Կարմիր խաչ»-ը մի քանի օր առաջ իրենց տեղեկացրել է, որ այցելություն է եղել, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ 2014թ դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, և ադրբեջանական կողմի նշած «դիվերսիոն խմբի» անդամներից ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։ Իսկ ահա 2015 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե իբր 2014թ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում հայտնված ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ, չի ցանկանում վերադառնալ Հայաստան, ցանկանում է տեղափոխվել 3-րդ երկիր։  Որից հետո ՊԲ մամուլի ծառայությունը հերքել էր հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ Բաղդասարյանը, լինելով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: 2015 թվականին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման շինծու մեղադրանքով։

Բաղդասարյանը մեղադրվում էր 2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձի, ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանության, Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու մեջ։


Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանում  հայտնվելու մասին հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն՝ նշելով, որ իբր 2018 հուլիսի 15-ին Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: ՀՀ ՊՆ-ից և Ոստիկանությունից հերքել էին Կարեն Ղազարյանի՝ դիվերսանտ լինելու հանգամանքը՝ նշելով, որ նա չի ծառայում, երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Ղազարյանը հոգեկան առողջության խնդիրներ ունի։

2019- փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Բերդավանի բնակչին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում», «Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ», «Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ», «Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ» շինծու մեղադրանքներով։

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում է հայտնվել 2019 թվականի օգոստոսի 12-ին։

Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը 2020-ի հուլիսի 10-ին ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր, իսկ հուլիսի 15-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրեցին, որ Սարդարյանը հատել է ադրբեջանական սահմանը։ Իսկ հուլիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Ըստ ԱԱԾ-ի՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

ՀՀ ՊՆ ԶՈՒ սպա, Մարտունի քաղաքի բնակիչ Գուրգեն Ալավերդյանն ադրբեջանական կողմում հայտնվել է այս տարվա օգոստոսի 22-ին։ Ըստ ՊՆ-ի՝ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել, մոլորվել է, և գերեվարվել Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանական կողմը հայ սպային ներկայացրել էր որպես դիվերսանտ։

Սերգեյ Առաքելյան