Ով է փոխարինում տեսչական մարմնի ղեկավարին

Ով է փոխարինում տեսչական մարմնի ղեկավարին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ սեպտեմբերի 29-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային տեսչական մարմնից մեզ ասացին, որ լուրեր են շրջանառվում, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վարորդն է։ Մենք կապ հաստատեցինք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի հետ, ով ասաց, որ տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է պետի տեղակալը։

«Այս պահի դրությամբ ոչ մի թեկնածության մասին տեղյակ չենք։ Իր պարտականությունները ժամանակավորապես կատարում է տեղակալ Արազ Պապիկյանը»,-ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ Հարությունյանի վարորդի թեկնածության մասին որևէ տեղեկություն չունի։

Մեզ պատմեցին նաեւ, որ տեսչական մարմինը, Սուրմալուի պայթյունից հետո, հրահանգ է ստացել ստուգել հնարավորինս բոլոր շենք-շինությունները և հիմա շատ ծանրաբեռնված է աշխատում։ Հարցն ուղղեցինք տեսչության հանրային կապերի բաժնի պետին, նա ասաց, որ վարչապետը, Քննչական կոմիտեն ու Դատախազությունը հանձնարարական են տվել տեսչական մարմնին, ցանկ է ներկայացվել պայթյունավտանգ օբյեկտները ստուգելու եւ այժմ այդ աշխատանքներն են ընթանում։