Արշակ Հակոբյանին ընտանիքով կանչել են Գլխավոր դատախազություն

Արշակ Հակոբյանին ընտանիքով կանչել են Գլխավոր դատախազություն

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի դուստրերը՝ Քրիստինե եւ Արմինե Հակոբյանները, նրա եղբայրը՝ Սարգիս Հակոբյանը, ինչպես նաեւ Արշակ Հակոբյանը հրավիրվել են Գլխավոր դատախազություն։

Անհատապես նրանց ուղարկված ծանուցման մեջ նշված է․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»։

Արշակ Հակոբյանի փաստաբան  Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ծանուցումները նոր են ստացել, չի կարող ասել, թե ինչ գույքերի մասին  է խոսքը․ «Նյութերը մի քանի օրից տրամադրվելու են, կհասկանանք։ Մի հատ ծանուցում են ստացել>։

Հարցին, թե արդյոք Հակոբյաններն ունեն գույք, որոց ծագումը կարող է կասկածներ առաջացնել,փաստաբանը պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ։ Այս եւ ԱԱԾ-ում քննված քրեական գործով արդեն 4 տարի է՝ ուսումնասիրում են եւ որեւէ հանցավոր բան չեն հայտնաբերել։ Սա մարդկանց զբաղեցնելու հերթական հիմարությունն է»։

Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով։