Ես Փաշինյանին աջակցել եմ մեկ տարի, հետո նկատեցի, որ կեղծիք է

Ես Փաշինյանին աջակցել եմ մեկ տարի, հետո նկատեցի, որ կեղծիք է

Ամերիկահայ սրտաբան, ազգային գործիչ Հակոբ Այնթապլյանն այն սփյուռքահայերից է, ով 2018-ին հավատացել է Նիկոլ Փաշինյանին եւ հույս ունեցել, որ նրա իշխանությունը Հայաստանում դրական փոփոխություններ է բերելու: «Ես Փաշինյանին աջակցել եմ 2018-ին, հավատացել եմ մեկ տարի,  մարդկանց կոչ եմ արել՝ ընտրել նրան: Սակայն հետո հասկացա, որ նա ստախոս է, խաբեբա է, ապազգային է, կեղծիք է: Ու քանի որ ես ազգային մարդ եմ, պարտավոր եմ ժողովրդին ասել, որ մենք խաբվել ենք, որ Նիկոլի իշխանությունը չարիք է մեր ազգի ու հայրենիքի համար: Նա չպետք է առաջնորդի հայ ազգը, քանի որ ո՛չ կարողություն ունի, ո՛չ պատրաստություն, ո՛չ դիվանագիտություն: Նա լրագրող է, ով ժողովրդին ոտքի հանեց ուրիշների օգնությամբ եւ դրամական միջոցներով: Ներկայում տիրացել է խորհրդարանին եւ իշխանությանը: Փաշինյանն Ադրբեջանի հետ պատերազմ դրդեց, պարտվեց այդ պատերազմը, ահագին հայկական հողեր կորցրեց, ենթակառուցվածքներին 10 մլրդ-ի վնաս հասցրեց, արցախահայության մեծ մասին տեղահանել տվեց, 5 հազար հայ երիտասարդի մահվան պատճառ դարձավ, 7 հազար հաշմանդամ, գերիներին չկարողացավ ետ բերել։ Երկիր ղեկավարելու կարողություն չունի: Սխալը սխալի ետեւից, սուտը ստի ետեւից, մեղքը գցում է նախորդների վրա: Ես բժիշկ եմ, հիվանդը գալիս է ինձ մոտ եւ ասում՝ նախորդ երկու բժիշկներն ինձ սխալ են բուժել, այնպիսի դեղեր են տվել, որ վնասել են: Ես էլ եմ տալիս, որ ավելի եմ վնասում: Ես ավելի՞ վատ բժիշկ չեմ, քան նախորդները: Նույնը Փաշինյանն է անում, եթե նախորդները սխալ բաներ են արել, դու պետք է շտկես, դու խոստացել ես, որ կշտկես: Եթե չես կարողանում շտկել, հեռացիր, ազնիվ եղիր, ժողովրդին ասա. «Ես այդ կարողությունը չունեմ: Ես խոստացա, որ կհաղթենք, բայց այդ կարողությունը չունեցա»:

Հրաժարվիր: Այս վարչակարգն ազգային ոգի չունի, հեռատես չէ, հինգ մետրից հեռու չի տեսնում: Ավելորդ քայլեր ու հայտարարություններ են անում, որ վնասում են: Ես փորձել եմ միջնորդավորված, գրությամբ՝ խորհուրդներ տալ, ուղղություն տալ: Բայց՝ անարդյունք: Ինքը սփյուռքի թելադրանքին որեւէ կարեւորություն չի տալիս: Մենք այս իրավիճակում մի բանի կարիք ունենք՝ խելացի առաջնորդի ու ազգային գաղափարախոսություն ունեցող վարչակարգի…»։ 

ՀԳ․ Հակոբ Այնթապլյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել «Հրապարակ TV»-ի եթերում: