Ես խնդրեցի՝ համբերեն, մինչեւ ավարտեմ այս երկու ամիսը

Ես խնդրեցի՝ համբերեն, մինչեւ ավարտեմ այս երկու ամիսը

Արդարադատության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նա արդեն 20 տարի է՝ զբաղեցնում էր այս պաշտոնը, եւ երկու ամիս էր մնացել պաշտոնավարման ավարտին՝ կենսաթոշակի տարիքին, սակայն նախարար Ռուստամ Բադասյանը չհամբերեց ու ժամանակից շուտ ազատեց նրան։

Որպես հիմնավորում՝ ԱՆ-ն բերում է ՊԵԿ կատարած իր հարցումների արդյունքում ստացված տեղեկությունները, համաձայն որոնց՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, ինչի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։

Ամատունի Վիրաբյանն ինքն էլ հաստատեց, որ աշխատանքից հեռացվել է արխիվի կողմից հարկեր չվճարելու համար։ «2016 թվին օրենքում կատարվել է փոփոխություն, որ ՊՈԱԿ-ները պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ։ Սակայն բյուջեն չի ապահովել այդ գումարը, ու 2016, 2017, 2018 թվերի համար տուգանքներով կազմել է մոտ 800 մլն դրամ։ Հետո Պետեկամուտների կոմիտեն եկել ստուգել է, ակտ են կազմել, մենք դիմել ենք կառավարություն, կառավարությունը պահուստային ֆոնդից այդ գումարը տվել է, մենք էլ վճարել ենք»,- բացատրեց Վիրաբյանը։

- Այսինքն՝ դուք բյուջեի սղությո՞ւն եք ունեցել, որ չեք կարողացել վճարել հարկերը։

- Ոչ միայն մենք, տարբեր ՊՈԱԿ-ներ։ Ու ոչ միայն մեզ, այլեւ տարբեր ՊՈԱԿ-ների կառավարությունը պահուստային ֆոնդերից 2018-19 թթ․ համար գումարներ է փոխանցել, որ այդ հարկերը վճարվեն։

- Իսկ Դուք այդ ամենը չե՞ք բացատրել նախարարին կամ նախարարությանը։

- Դե, չէ, ի՞նչ իմաստ կար էլ․․․ ինչ-որ մի պատճառ պետք է գտնեին։

- Լարվա՞ծ էին Ձեր դեմ, ինչ-որ խնդի՞ր կար Ձեզ հետ։

-Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ։

- Իսկ կարո՞ղ է այլ թեկնածու ունեն, որով ուզում են փոխարինել Ձեզ։

- Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, այսօր պարզ կլինի՝ ում եմ հանձնելու գործերը։

- Դուք 19 տարի է՝ պաշտոնավարում էիք։ Ձեր գնահատմամբ՝ այս տարիների ի՞նչ եք արել ազգային արխիվի համար, ի՞նչ ժառանգություն եք թողնելու Ձեզ փոխարինողին։

- Արխիվն ամբողջովին փոխվել է, ամբողջովին։ Բոլոր շենքերը վերանորոգվել են, էլեկտրոնային ծրագրեր, համակարգիչներ, թվայնացում, պահոցներ, դարակաշարեր, ամբողջ հանրապետության բոլոր արխիվային շենքերը վերանորոգված են, ուրիշ ի՞նչ ասեմ։

- Կարծում եք՝ այդ ամենը չի՞ գնահատվել։

- Դե, ինչպես տեսնում եք։

- Նեղսրտա՞ծ եք նախարարի այս որոշումից, թե՞ սպասելի էր Ձեզ համար։

- Չէ, չէ, ինձ մնացել էր երկու ամիս պաշտոնավարման, ուղղակի ես խնդրեցի՝ համբերեն, մինչեւ ավարտեմ այս երկու ամիսը, բայց իրենք երեւի այլ պատճառներ ունեին եւ չհամբերեցին։

- Այս թեմայով խոսե՞լ եք նախարարի հետ։

- Չէ, ցանկություն էլ չունեմ, ինքն ինձ չի էլ ընդունել։ Նա իր խորհրդականների միջոցով էր ինձ հետ խոսում։

- Ինչի՞ց սկսվեցին Ձեր եւ նախարարի միջեւ հակասությունները։

- Չգիտեմ, անկեղծ ասած։

- Պարոն Վիրաբյան, քանի որ ազատվել եք աշխատանքից, երեւի ավելի անկաշկանդ կարող եք խոսել կառավարության աշխատանքից․ որպես քաղաքացի, որպես տնօրեն՝ գո՞հ էիք,  արդարացնո՞ւմ էին նոր իշխանությունները Ձեր սպասումները։

- Ես կատարել եմ իմ աշխատանքը։ Եվ էս պահին, գիտե՞ք ինչ, ինձ համար դժվար է էդպես խոսել, դրա համար ժամանակ է պետք, որոշ ժամանակից հետո, խնդրեմ, զանգահարեք, ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։

- Դուք սպասո՞ւմ էիք հեղափոխությանը, գո՞հ եք այն ամենից, ինչ եղավ 2018 թվականին։

- Իշխանափոխություն պետք է լիներ։ Այն ժողովուրդների մոտ, որտեղ իշխանափոխություն չի լինում, նրանք դատապարտված են։ Այո, իշխանափոխությունն անհրաժեշտություն էր։

- Իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն:

- Հեղափոխություն չէր դա, ի՞նչ հեղափոխություն։ Ես պատմաբան եմ, գիտեմ, թե ինչ է հեղափոխությունը։ Որեւիցե օրենք փոխվե՞լ է, Սահմանադրության որեւիցե մի տող փոխվե՞լ է։ Ի՞նչ հեղափոխություն, սովորական իշխանափոխություն էր։ Բայց իշխանափոխություններ միշտ պետք են։