Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն հանրահավաքին

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն հանրահավաքին

Մոտ տասն օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր մարզային այցելությունների շարքում Կոտայքի մարզի կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում է հանրահավաք անցկացնելու։ Հանրահավաքի թեման կրթական չափորոշիչներն են, որոնց դեմ են շատերը, այդ թվում՝ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն։ Թե երբ է տեղի ունենալու հանրահավաքը, ինչ ձեւաչափով, որտեղ, առայժմ հայտնի չէ։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց․ «Քանի որ բոլոր մարզային կառույցների հետ հանդիպումների շարքը դեռ ընթացքի մեջ է, եւ դեռեւս երկու մարզերի հետ են հանդիպումները տեղի ունեցել, եւ Կոտայքի մարզին հաջորդել է Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ հանդիպումը, այս շաբաթ էլ այլ մարզի հետ է լինելու հանդիպումը, եւ երբ բոլոր մարզերի կուսակտիվի հետ հանդիպումների շարքը կավարտվի, այդ ժամանակ մենք հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք, որովհետեւ պետք է ամբողջական պատկեր ունենանք հանրապետության մասշտաբով»։

- Ինչի՞ ամբողջական պատկերը պետք է ունենաք՝ հանրության տրամադրությունների՞, մտահոգությունների՞։

- Այո, եւ այն օրակարգի հետ կապված, որն այս պահին մեր ազգաբնակչությանը հուզում է։

- Իսկ այս նախնական հանդիպումներով ի՞նչ տրամադրություններ եք նկատում հանրության շրջանում, եւ որքանո՞վ են աջակցում Ծառուկյանի բարձրացրած մտահոգություններին։

- Մենք հանրային աջակցության բավականին մեծ ցուցանիշ ունենք, որեւէ մեկի համար դա գաղտնիք չէ, եւ բազմաթիվ խնդիրներ են բարձրաձայնվում այդ հանդիպումների ընթացքում՝ բացի կրթական չափորոշիչներից, նաեւ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին են խոսում, առողջապահական ոլորտում առկա խնդիրներ, նաեւ՝ ուսանողությանն առնչվող խնդիրներ, մի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են։ 

- Տեղեկություն կա, որ հնարավոր է՝ հանրահավաքը հոկտեմբերի կեսերին լինի։

- Ես որեւէ հստակ ժամկետ այս պահին չեմ կարող մատնանշել, ավելի շատ հակված եմ ճշգրիտ տեղեկատվություն հայտնելուն։

- Որտե՞ղ է լինելու, դա՞ էլ հայտնի չէ։

- Ոչ, որովհետեւ մենք բոլոր տեխնիկական հարցերին՝ թե՛ ժամկետների, թե՛ վայրի հետ կապված, կանդրադառնանք այն ժամանակ, երբ որ արդեն մեր համապետական այցելությունները կավարտվեն։

- Այս օրերին խոսվում է այն մասին, թե ձեր հանրահավաքին կմասնակցե՞ն արդյոք եռյակի մաս կազմող «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները։ Նաեւ գրվեց, որ Ծառուկյանը չի ցանկանում, որ մասնակցեն։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Ես լրատվության իմ բոլոր գործընկերներին հորդորում եմ տուրք չտալ նմանատիպ հրապարակումներին, որոնք անհայտ աղբյուրներին հղում անելով են արվում։ Ես նախօրեին առիթ ունեցել եմ նշելու, որ եռյակի ձեւաչափում մենք ունենք շատ ակտիվ եւ արդյունավետ գործակցություն, որը շարունակվել է ամռան ամիսներին, այժմ էլ ակտիվորեն շարունակվում է։ Այս պահին մենք համատեղությամբ օրենսդրական նախաձեռնության մշակման աշխատանքներ ենք իրականացնում, որը վերաբերելու է արտակարգ դրության ժամանակահատվածում ազգաբնակչության տուգանքներին։

- Իսկ հանրահավաքի մասով ի՞նչ կասեք։

- Մենք որեւէ խնդիր չունենք եռյակի մեր գործընկերների հետ եւ մենք առանձին այդ հարցը չենք քննարկել, որովհետեւ, կրկնում եմ, հանրահավաքի անցկացման օրակարգի, ժամկետների առումով հստակություն դեռ չկա։ Սակայն եռյակի ձեւաչափում մեր գործընկերների հետ մենք որեւէ խնդիր չունենք։

- Այսինքն՝ չի բացառվում, որ ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» եւս մասնակցեն հանրահավաքին։

- Իհարկե, չի բացառվում, որովհետեւ, կրկնում եմ, մենք ունենք ակտիվ գործակցություն։

- Իսկ քաղաքական դաշտի մյուս ուժերի հետ համագործակցություն հնարավո՞ր է, օրինակ՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի։

- Այս պահին մենք ունենք գործակցություն վերը նշված եռյակի ձեւաչափով, եւ որեւէ այլ քաղաքական ուժի հետ կապված որեւէ այլ տեղեկատվություն չունեմ։ Եթե ընթացքում, մինչեւ հանրահավաքի անցկացումը, որեւէ այլ քաղաքական ուժի հետ կլինեն քննարկումներ, հանդիպումներ կամ միասնական օրակարգ, վստահաբար՝ մենք կներկայացնենք հանրությանը։

- Հանրահավաքին որեւէ պաշտոնյայի հրաժարականի պահանջ հնչելո՞ւ է, օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

- Որեւէ դեպքում մենք կաշկանդված չենք որեւէ մեկի հրաժարականը պահանջելու հարցում։ Հանրահավաքի օրակարգը կկազմվի ըստ հանրության տրամադրությունների եւ մտահոգությունների։

- Այսինքն՝ այս պահին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց դրվա՞ծ չէ ձեր օրակարգում՝ հանրահավաքի մասով։

- Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, եւս մեկ անգամ վերահաստատեմ՝ մենք խոսել ենք, խոսում ենք բոլոր այն մտահոգությունների մասին, որոնք հուզում են մեր ազգաբնակչությանը։ «Բարգավաճ Հայաստանը» շատ հստակ դեռեւս հունիսի 5-ին հայտարարել է կառավարության 100 տոկոս փոփոխության անհրաժեշտության մասին, եւ մեր քաղաքականության մեջ որեւէ հետքայլ մենք չենք արել։

- Տիկին Տոնոյան, ինչո՞ւ եք խուսափում ուղիղ հայտարարելուց՝ այո, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Ես որեւէ դեպքում եւ երբեւէ որեւէ հարցից չեմ խուսափել եւ պատասխանում եմ հստակ բոլոր հարցերին, այս դեպքում եւս կարծում եմ, որ ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի։

- Բայց հստակ չեք ասում՝ պահանջո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հենց անձամբ վարչապետինը։

- Ինձ թվում է՝ ես պատասխանեցի Ձեր հարցին։ Հունիսի 5-ին, կրկնում եմ, մենք նշել ենք կառավարության 100 տոկոս փոփոխության անհրաժեշտության մասին։ Կարծում եմ, որ սա առավել քան հստակ պատասխան է։