Դու հո ափի մեջ բախտ նայող ցիգա՞ն չես․․․

Դու հո ափի մեջ բախտ նայող ցիգա՞ն չես․․․

Կառավարության նիստում Լյուսյա Հակոբյանի բախտագուշակությանը  համազոր գուշակություններ են արվում։ ՀՀ հանրապետության գլխավոր գուշակը այսպես է կարծում․ «Վիզուալ տեղեկությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է ահաբեկչությունը»։ Խոսքը Սուրմալուի ողբերգության մասին է։  Մարդիկ էլ սոցիալական ցանցերում իրար հարցնում են՝ վիզուալը ի՞նչ է, ժողովուրդ։ Վիզուալը երաժշտության մեջ որպես ածական  օգտագործվում է երևակայական, տեսողական իմաստով։ Երաժշտության մեջն էլ եմ բացատրում, որովհետև Փաշինյանը գուցե վիզուալը օգտագործել է պայթյունի վայրում քանոնահարուհու համերգի կատարելությունը։ Իսկ սովորական խոսքում նշանակում է աչքաչափական դիտում։ Այսինքն կառավարության նիստում մի ողջ ողբերգություն դիտարկվում է աչքաչափով։ Ստացվում է՝ մոտավոր ուղղություն է տրվում, թե քննչական փորձաքննություններն ինչի վրա պիտի կանգ առնեն։ Ելնում եմ Ջհանգիրյանի «վզին դնելու» թեորեմից։ 

Ինչևէ, ցնցող է գլխավոր գուշակի մեկնաբանությունը․ «Տեսագրություններն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, քանի որ «ծուխ կա, ու փախնող մարդիկ կան»։ Էն մարդը, որ գնում է բախտագուշակի մոտ դյուրահավատ է լինում, ինչ ասում, էլ չի վերլուծում, այլ տեղից վեր է թռնում՝ վայ, որտեղի՞ց իմացաք, որ բաժանված եմ ու մարդս էլ շատ վատն է։ Հիմա գուշակին հավատացողները միասին վեր կթռնեն՝ էս մարդը դուզա ասում էլի՝ ծուխ կար ու փախչող մարդիկ։ 
Ողբալի վիճակ է։