Ահա այսպես էլ ապրում ենք…

Ահա այսպես էլ ապրում ենք…

Անդրադառնալով կամավորների աշխատանքին՝ ԱԻՆ նախկին խոսնակ Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պրոֆեսիոնալ նախարարների կողմից ԱԻՆ-ի ղեկավարման տարիներին Փրկարար ծառայությունը համագործակցում էր հատուկ կամավորական ջոկատների հետ, որոնց հետ նաեւ վարժանքներ էին անում, եւ դա ամերիկյան մոդելի գործարկումն էր: Փաստորեն, 2018-ի մայիսից այս կողմ մենք հետընթաց գրանցեցինք նաեւ այդ հարցում, քանի որ փոխանակ գործի դրվեին այդ ջոկատները, կոչով դիմեցին հանրությանը:

Իհարկե, արձագանքողներին պետք է շնորհակալ լինենք: Բայց խնդիրն այլ է՝ եթե տարիներով կոնկրետ մոդել է գործարկվել, ինչո՞ւ դա չի աշխատում այսօր: Հատկապես որ գործարկված մոդելը խորհրդային կամ ռուսական չէր, որպեսզի նորերի կողմից մատնվեր անուշադրության: Այսօր մենք նմանվում ենք 100 տարի առաջվա ռուս բոլշեւիկներին, որոնք անծայրածիր երկրում իշխանություն գրավեցին հաց եւ խաղաղություն խոստանալով, բայց զրկանքներ բերեցին: Այսօր Հայաստանում կրկնվում է ռուսական պատմության բոլշեւիկյան փուլը: Արեւմտյան բարեփոխումների խոստումներով իշխանություն գրավելով՝ Նիկոլն ու իր ուսապարկերն արեւմտյանից պահեցին միայն փիառվելը: Մնացածը (կառավարման առումով) մնաց խորհրդային:

Նույնիսկ ավելին՝ ասիական ու վայրենի: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրել է ճգնաժամային կառավարման, աղետների ռիսկի կառավարման, հանրային իրազեկման, կառավարման մարմինների եւ բնակչության պատրաստվածության սկզբունքները: Ընթերցելով գեներալի հաղորդումը եւ այն համեմատելով այսօրվա իրականության հետ՝ կրկին անգամ ստիպված ենք արձանագրել, որ կոնկրետ այդ ոլորտում նախկինների արվածին մի քար ավելացնելու փոխարեն նորերը զրոյացրին այն: Ի դեպ, զրոյացրին նաեւ նախկինների օրոք տասը տարի ամերիկացիների հետ մշակված ու կյանքի կոչված միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնի գաղափարը: Երբ, ինչպես գրում է գեներալը, «արտակարգ իրավիճակում, ճգնաժամի ժամանակ երկիրը խոսում է մեկ ձայնով»:

Ի դեպ, լրատվամիջոցները գրել էին, որ 2021 թվականի ապրիլին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքը դեռեւս քննվում է ՀՀ քննչական կոմիտեում: Հրդեհի բռնկման պատճառների մասին փորձագիտական եզրակացությունն էլ ստացվել է երկրորդ դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ: Ինչպես նախորդի դեպքում, այս անգամ եւս չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության մի շարք նորմեր: Բայց եթե 2021-ին մարդկային զոհեր չեն եղել, ապա այսօր արդեն ունենք 16 զոհ: Ահա այսպես էլ ապրում ենք… Մեզ ընդամենը մնում է ցավակցել զոհերի հարազատներին: