Հիմա դու ո՞ր Նիկոլն ես՝ մահացա՞ծը թե՞․․․    

Հիմա դու ո՞ր Նիկոլն ես՝ մահացա՞ծը թե՞․․․    

Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպմանը  Նիկոլն ասում է․  
«Ես վերջին հինգ տարիներին հարյուրավոր անգամ մահացել եմ ու հարություն առել՝ ի մեռելոց, եթե կարելի է այդպես ասել։ Հիմա էլ չասեն, թե ինքս ինձ աստվածացնում եմ, մարդկային իմաստով եմ սա իհարկե ասում»։ 

Եթե մարդկային իմաստով է ասում, չնայած մարդկայինից բացի էլ ի՞նչ իմաստ կարող է լինել,  փորձեմ բացատրել, թե ինչ է նշանակում հարյուրավոր անգամ մեռնելը։ Դա պարզ փոխաբերություն է։ Ժողովրդական մի լավ խոսք ունենք․ «Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը հազար ու մեկ»։ Ստով իշխանության գալ ու կործանել սեփական երկիրը․ նման մարդը կարո՞ղ է վախ, սարսափ չունենալ ու «չմեռնել»։  Միայն թե շատ քիչ է ասում, հինգ տարվա մեջ ինքը ամեն օր, օրվա մեջ 24 ժամ մեռել ու «գոյություն է ձգել»՝ իբր կամ։ Ոստիկաններով, թիկնապահներով, դիպուկահարներով, ուժայիններով տնից աշխատավայր գնալը մահ չի՞․․․ Սեփական ժողովրդի հետ չառերեսվելը, շրջիկ հանդիպումներ կազմակերպելը մահ չի՞։ Դավաճան, թուրք բառը բառը սովորական ընդունելը մահ չի՞․․․ Արցախը հանձնելը մահ չի՞․․․ Հինգ հազար զոհ տալը մահ չի՞․․․ Հազարավոր երիտասարդների խեղանդամ, գերի դարձնելը մահ չի՞։ Թշնամուն Հայաստանում բնավորելը մահ չի՞։ Մահ է, իհարկե, առանց ֆիզիոլոգիական ավարտի։ Մահն առանց ֆիզիլոգիաական ավարտի՝ մահվան սարսափն է, սպասումը,  որն ավելի դաժան ու սոսկալի է։ Այդ առումով հավատում եմ, երբ ասում է, որ մեռել է հարյուրավոր անգամ, չնայած քիչ է ասում՝ ավելի շատ է մեռել։ Կարող է նույնիսկ բանաստեղծություն գրել, այդ «արհեստին» տիրապետում է․

Օրվա մեջ մեռնում եմ 24 անգամ 
Ու նույնքան անգամ հարություն առնում։
 Ակամայից մի անեկդոտ եմ հիշում, որն իր բովանդակային պրիմիտիվությամբ նույնանում է Նիկոլ Փաշինյանի «հարություն առնելու հետ»։ 
«Մարդամեկը հանդիպում է իր հայրենակցին, որին տասնյակ տարիներ չէր տեսել։ Հարցնում է․ 
-Դուք, ինչքան հիշում եմ, երկու եղբայր էիք չէ՞։
- Այո,- պատասխանում է հայրենակիցը,- մեկը մահացավ։ 
- Հիմա դու ո՞րն ես,- հարցնում է»։ 
Հիմա Փաշինյան Նիկոլն է՝ հիմա դու ո՞ր Նիկոլն ես՝ մահացա՞ծը թե՞․․․