Ինչ տեղի կունենա, եթե Իսրայելը սկսի ցամաքային ռազմական գործողություն 

Ինչ տեղի կունենա, եթե Իսրայելը սկսի ցամաքային ռազմական գործողություն 

Իսրայելական Զինուժի՝ Գազայի սեկտոր ներխուժման մասին դեռեւս պաշտոնական հայտարարություն չկա, սակայն այն, որ Իսրայելը 300 հազար ռեզերվիստների է մոբիլիզացնում, վկայում է այն մասին, որ նախապատրաստվում է ծավալուն ցամաքային ռազմական գործողություն։ Իսկ դա նշանակում է, որ Իսրայելն իր առաջ դրել է որոշակի նպատակներ։ Փորձենք հասկանալ դրանք։ 

Ներկայումս իսրայելական ավիացիան հարվածներ է հասցնում Գազայի սեկտորի այն թիրախներին, որոնք կարծում է, որ կապ ունեն ՀԱՄԱՍ-ի հետ։ Սակայն «գետնի վրա» իրավիճակի փոփոխություն, կարելի է ասել՝ չկա։ ՀԱՄԱՍ-ի ո9 մեծաթիվ խմբերը վերահսկում են կամ ներկա են բավականին ընդարձակ տարածքում՝ Բնեյ-Նեցերիմից մինչեւ Օֆակիմ-Նեթիվոտ-Թիֆրախ եռանկյունին, որը Գազայի սեկտորից 27 կմ է հեռու։ ՀԱՄԱՍ-ի կողմից ամբողջապես, կամ մասնակի վերահսկվում է 20-25 բնակավայր։ Դրանք մեծամասնաբար փոքր գյուղեր են, որտեղ տիրապետողը ոչ բարձրահարկ շինություններն են։ Հենց դրանք էլ աստիճանաբար դառնում են պաղեստինցիների համար հենակետեր։ Զինյալների առաջին էշելոնի «ժամանումից» ու «դիրքավորումից» հետո պաղեստինցի զինյալները ծանր զինտեխնիկա են տեղափոխում այդ բնակավայրերը, ներառյալ նաեւ զենիթահրթիռային համակարգեր, որպեսզի օդային հարվածներին հակազդեն։ Գազայի սեկտորի սահմաններին մոտենալու համար իսրայելական զինուժը, հետեւաբար նախ պետք է կուտակի զորք եւ ապա դրանց ցրի ողջ սահմանի երկայնքով։ Դա աննկատ անելը դժվար կլինի։

Պաղեստինցիները ակտիվորեն օգտագործում են կվադրոկոպտերներ եւ դրոն-կամիկաձեներ, որոնց հետ իսրայելական հետեւակը մարտում դեռ չի բախվել։ Իսրայելական զինուժի 130 հազարանոց անձնակազմը մեկուսացման մեջ է հայտնվել հիմնական շրջաններից, որտեղ կարողացել են հասնել պաղեստինյան ուժերը, եւ հակամարտության էսկալացիայի մեկնարկից 60 ժամ անց, դեռ չեն կարողացել այն շրջաններին մոտենալ, որոնք պետք է ազատագրեն։ 
Իսրայելական զինուժի եւ պաղեստինյան զինյալների միջեւ փոխհրաձգությունը ներկա պահին դեռ սահմանափակ եւ լոկալ բնույթի է, եւ տեղի է ունենում վիզուալ կոնտակտից հետո։ Անուղղակի կերպով դա խոսում է այն մասին, որ կողմերից եւ ոչ մեկը դեռեւս չունեն օպերատիվ հետախուզական տվյալկներ հակառակորդի ակտիվության մասին եւ գործում են կռահման սկզբունքով։ Առաջին խոշոր սխալը որ իսրայելական բանակը թույլ տվեց, դա ուշացած գործել սկսելն էր։ Այն, որ 300 հազար ռեզերվիստների մոբիլիզացիա է իրականացվում, վկայում է այն մասին, որ մարտական փորձ ունեցող մարդկային ուժի լուրջ պակաս ունի իսրայելական կողմը, սակայն թե մոբիլիզացվածներն իրենց ինչպես կկարողանան դրսեւորել, դեռ պարզ չէ։ 

Ուշագրավ է այն, որ իսրայելական կանոնավոր կամ մշտական բանակը, որը ցամաքային ուժերի հետ հաշվվում է 130 հազար մարդ, չի կարողացել վերացնել սպառնալիքը։ Սա ակամա հիմք է տալիս կարծելու, որ կասկածելի ռազմական փորձով 300 հազարի հասցված անձնակազմը արդյոք կկարողանա հասնել լուրջ հաջողությունների։ Իսրայելական կողմի համար պարզվել է, որ առկա է նաեւ զենք զինամթերքի, հանդերձավորման, պաշտպանական միջոցների պակաս։ Ենթադրվում է, որ առկա պակասորդը լրացնելու եւ մոբիլիզացվածներին զորաշարային վիճակի բերելու, ապա նաեւ՝ արդեն ճակատ ուղարկելու համար կպահանջվի որոշակի ժամանակ։ Այսինքն՝ պաղեստինցիների գրաված տարածքների ազատագրումը միանգամից չի լինի։ 

Պաղեստինցիների համար հիմնական խնդիրը իսրայելական զինուժի թվային գերակշռությունը կարող է լինել, սակայն ամենայն հավանականությամբ ՀԱՄԱՍ-ում դրան նախապատրաստվել են արդեն։ Այստեղ հնարավոր է, որ ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար հյուսիսից երկրորդ ճակատ բացի «Հըզբոլլահ» խմբավորումը, որը ունի եւ օպերատիվ տակտիկական հրթիռային սպառազինություններ, եւ հակատանկային զենք, եւ հրետանի, եւ մահապարտ-դրոններ։ «Հըզբոլլահին» հյուսիսից զսպելու համար, Իսրայելը ստիպված կլինի իր զորքերի զգալի մասը տեղակայել հյուսիսում։ Արեւելքից-արեւմուտք ճակատում էլ իսրայելական զինուժը կբախվի ՀԱՄԱՍ-ի՝ գրավված տարածքներում ստեղծած հենակետային ցանցի հետ։ Այս ամենը հանրագումարի բերելով, կարելի է ասել, որ ցամաքային գործողությունը կարող է լինել չափազանց բարդ եւ արյունալի։