Ոստիկանության բաժին ներխուժածներից Արթուրը կալանավորվել է

Ոստիկանության բաժին ներխուժածներից Արթուրը կալանավորվել է

Մարտի 24-ին մի քանի անձանց հետ ՆԳՆ ոստիկանության Երեւան վարչության Նոր Նորքի բաժանմունք էր ներխուժել նաեւ  րթուր Մովսիսյան անունով անձը. նա «Սասնա ծռերի» համակիրներից է։

Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Արթուր Մովսիսյանի նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը։ Մեղադրվում է ահաբեկչության կատարման մեջ»։

Նշենք, որ մարտի 24-ին երեք անձ զինված փորձել էին ներխուժել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժանմունք, որի ընթացքում նրանցից մեկի մոտ եղած նռնակի պայթյունի հետևանքով ներխուժել փորձողներից երկուսը վիրավորվել և տեղափոխվել էին հիվանդանոց։ Երրորդ անձը՝ նռնակներով զինված՝ մնացել էր ոստիկանության բաժանմունքի շենքի դիմաց՝ սպառնալով պայթեցնել նռնակները։ Նրա հետ երկարատև բանակցություններից հետո ՀՀ ոստիկանության ծառայողներին և ԱԱԾ աշխատակիցներին, ի վերջո, հաջողվել էր վնասազերծել տղամարդուն և բերման ենթարկել։ Վնասազերծելուց հետո նրա մոտ հայտնաբերվել էր 4 նռնակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը հաստատել էր, որ ոստիկանության բաժանմունք ներխուժելու փորձ կատարած 3 անձինք Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության համակիրներ են։