Մերժել բռնապետներին

Մերժել բռնապետներին

Ես դեմ եմ մերկապարանոց, ինքնանպատակ քննադատությանը։ Անգամ եթե դու ընդդիմություն ես եւ մերժում ես գործող իշխանությունների քաղաքական կուրսը, չի կարելի ձվի մեջ մազ գտնել եւ քննադատել ամեն ինչ։ Չի կարելի առաջնորդվել «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով։ Պետք է փորձել պահել օբյեկտիվությունն ու ողջախոհությունը։ Ինձ համար անընդունելի է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ սուբյեկտիվ մոտեցումը, որը դրսեւորում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները՝ ելնելով նրանից, որ բռնակալները նախընտրելի են փողոցից եկած իշխանությունից։ Ժողովրդի ազատ կամարտահայտության վրա բռնանալը պետք է բոլոր նորմալ մարդիկ մերժեն, եւ ճիշտ ժամկետում իշխանությունների հեռանալու կանոնը պետք է գործի միշտ։ 26 տարի իշխանության գլխին կանգնած անձը նոնսենս է 21-րդ դարում։ Լուկաշենկոյի՝ բռնությամբ իշխանությանը տիրապետելու փաստն ընդունելի չէ ոչ մի տեսանկյունից։ Անգամ եթե դու 100 տոկոսով համոզված ես, որ 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունը չարիք էր, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ վնասակար մեր երկրի համար, չի կարելի ողջունել Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու ջանքերը։ 10 տարին լրացրած ղեկավարը պետք է հեռանա՝ օրենքով սահմանված կարգով։ Մեկ բացառություն, եւ օրենքը սկսում է չգործել, բացառությունները դառնում են օրինաչափություն։ Ընդդիմախոսների նկատմամբ պուտինյան մեթոդներն էլ են մերժելի, եւ դրանք ոչ մի բացատրություն ու արդարացում չունեն։ Այն, ինչ կատարվել է Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստանի գրեթե միակ հայտնի ընդդիմադիրի հետ, չի կարելի արդարացնել եւ առհասարակ՝ Պուտինի հանդեպ դրական դիրքորոշում հայտնել չի կարելի, անգամ եթե ձեր կողմից մերժելի Փաշինյանի հանդեպ նրա վերաբերմունքը ձեզ դուր է գալիս։