Արժանապատի՞վ խաղաղություն

Արժանապատի՞վ խաղաղություն

Նախկինների օրոք համարյա չեմ հետաքրքրվել թշնամի պետության ղեկավարի խոսույթով: Իմ խնդիրն էի համարում իմ ուժերի ներածի չափով աջակցել, որպեսզի  մեր երկիրը վերածվի նորմալ պետության, իսկ այդ առումով Իլհամ Ալիեւի ասածները հեչ կարեւոր չէին: Սակայն Նիկոլի հրամանատարությամբ 44-օրյա պատերազմում Հայաստանի խայտառակ պարտությունից հետո համարյա թե բաց չեմ թողնում Իլհամ Ալիեւի ասուլիսները եւ հայտարարությունները: Որովհետեւ մեր երկրի ու ժողովրդի գլխին գալիքը մենք իմանում ենք ոչ թե, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի  «ճարտարապետի» եւ նրա ենթակաների, այլ Ադրբեջանի ղեկավարի խոսույթից:

Մի երկու օր առաջ վերջինս հերթական անգամ ներկայացրեց խաղաղության պայմանագրի իր տեսլականը, հերթական պահանջներն ու սպառնալիքներն ուղղեց Հայաստանին: Շոշափեց անկլավների հարցը, Հայաստանի Հանրապետությունն անվանեց «Արեւմտյան Ադրբեջան», չհիշատակեց Նիկոլի խնդրած 29 800 քառ/կմ-ն, պահանջեց «Զանգեզուրի միջանցքը», ինչը չտրամադրելու դեպքում սպառնաց փակ պահել նիկոլական խաչմերուկը եւ այլն, եւ այլն: Ինչպես երեւում է, սա հենց այն է, ինչ կոչվում է պարտվողական խաղաղություն: Որից, ինչպես բազմիցս եմ ասել, ռուս-ուկրաինական պատերազմում անընդհատ հրաժարվում է Ուկրաինայի ղեկավարը՝ աջակցություն գտնելով (դեռեւս) արեւմտյան երկրների ղեկավարության կողմից: 

Բայց, զարմանալիորեն, Հայաստանի առումով պարտվողական այդ խաղաղությունն ամերիկյան կողմից (պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն) վերջերս բնորոշվեց որպես «երկարատեւ ու արժանապատիվ»: Վերջինս ավելացրեց նաեւ, որ այդ խաղաղությունը «երկու կառավարությունների համար էլ լավ հնարավորություն է՝ ավելին անելու հանուն իրենց ժողովուրդների»: Իմ համեստ կարծիքով, Իլհամ Ալիեւը հենց հիմա էլ փորձում է ավելին անել ադրբեջանական ժողովրդի համար՝ ի տարբերություն Փաշինյան Նիկոլի: Դիվանագետի հեռավար ճեպազրույցից շատ չանցած՝ Պետքարտուղարության մեկ այլ պաշտոնյա (մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը) կրկին խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հնարավորությունից: Սակայն, որքան հասկանում եմ, գիտակցել է, որ Հայաստանի համար այդ խաղաղությունը ոչ մի ձեւով չէր կարող դիտարկվել որպես արժանապատիվ: Ու, բնականաբար, բաց է թողել այդ բառը, ինչի համար կարելի է շնորհակալություն հայտնել նրան:

Անկեղծ ասած, դժվարանում եմ ասել` վերը նշված առաջին դիվանագետն իր կողմի՞ց էր ավելացրել, թե՞ ոչ «արժանապատիվ» բառը: Եթե երկրորդի խոսքում դա կրկնվեր, ապա կմտածեի, որ Պետքարտուղարությունում որոշում է կայացվել հայ-ադրբեջանական 30-ամյա հակամարտության այսօրվա փուլում օգտագործել տխրահռչակ դոկտոր Գեբելսի մեթոդը: Այսինքն՝ մեծ սուտը ներկայացնել որպես ճշմարտություն: Բայց եթե նույնիսկ իռլանդական ծագումով ամերիկացի դիվանագետը սխալվել է, ապա այդ առումով ոչինչ տեղի չի ունենա. այդ փաստն ընդամենը կմոռացվի: Որովհետեւ նիկոլական Հայաստանն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ այլ շարունակություն լինի: Իսկ ես երազում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլին հեռացնելուց հետո կերտենք այնպիսի Հայաստան, որ նման «սխալների» դեպքում, բնականաբար, լրիվ այլ համատեքստում ներողություն խնդրեն Հայաստանից: