Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը»՝ պարսկերեն

Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոմանը»՝ պարսկերեն

Հայ ժողովրդի պատմության 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մի շարք կարեւորագույն իրադարձություններ արգելյալ նյութեր էին Խորհրդային Հայաստանի գրեթե ամբողջ գոյության ընթացքում: Օրինակ` Կ. Պոլսի Օսմանյան բանկի գրավման եւ դրան հաջորդած՝ քաղաքում տեղի ունեցած հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը: Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով անդրադարձավ մեր պատմության այդ կարեւոր էջերից մեկին:

Հայաստանի եւ Սփյուռքի մամուլը բարձր գնահատեց այդ երկը` մասնավորապես նշելով, որ դա նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ: Մեկ տարի չանցած՝ 2009թ., վեպը` դասական ուղղագրությամբ, վերահրատարակվեց Բեյրութի «Արծիվ» հրատարակչության կողմից, միաժամանակ, 2010թ․ հունվար-մարտ ամիսներին ամբողջությամբ, շարունակելի լույս տեսավ նաեւ «Երկիր» թերթում: Քիչ ավելի ուշ` դարձյալ 2010թ., թարգմանվեց ռումիներեն, այնուհետեւ՝ ֆրանսերեն եւ ռուսերեն: Սրանց ավելացավ չորրորդ թարգմանությունը` պարսկերեն, որը լույս տեսավ բոլորովին վերջերս՝ Թեհրանում: 

Ալ. Թոփչյանը մեզ պատմեց, որ թարգմանչի` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհի հետ ծանոթացել է 2016թ. աշնանը, Երեւանում: Դրդապատճառը եղել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ»` ցեղասպանությանը նվիրված ծավալուն վեպը, որն իրանցի հյուրը թարգմանել էր պարսկերեն եւ ցանկություն հայտնել գրքի ընծայագրված օրինակը նվիրել իր հայ գործընկերոջը, որը նույնպես այդ վեպը թարգմանել էր հայերեն եւ լույս ընծայել Երեւանում` 1999թ.:
«Բանկ Օտոմանի պատմությունը նրան ծանոթ էր,- ասում է Ալ. Թոփչյանը:- Չէ՞ որ Վահե Քաչայի վեպում ընդարձակ մի գլուխ կա, որտեղ նկարագրվում են այդ դեպքերը: Ուստի իմանալով, որ ես մի ամբողջ վեպ եմ գրել` նվիրված այդ իրադարձություններին, ինձնից խնդրեց ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանությունները: Պարզվեց, որ նա ոչ միայն ֆրանսերենից, այլեւ ռուսերենից է թարգմանում եւ արդեն ռուս մի շարք դասականների գործեր է թարգմանել»:

Դոկտոր Ռազավիզադեհը Թեհրան վերադառնալով՝ մի քանի օր անց համացանցով հեղինակից արտոնություն է խնդրել՝ «Բանկ Օտոման»-ը թարգմանելու պարսկերեն, եւ, ահա, վեպի չորրորդ թարգմանությունն արդեն սեղանին է:

Հեղինակը մեզ հայտնեց, որ սպասվում են նաեւ երկու նոր թարգմանություններ, որոնցից մեկը, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի մինչեւ ամռան սկիզբը: Այսպիսով, «Բանկ Օտոմանը» դարձավ անկախությունից հետո գրված ստեղծագործություններից, թերեւս, ամենաշատ տարածվածը եւ թարգմանվածը: Իմիջիայլոց, այս տարի լրանում են Ալ. Թոփչյանի ծննդյան 80 եւ գրական գործունեության 60-ամյակները: Նա ասաց, որ իր վեպի պարսկերեն թարգմանությունը համարում է իր տարեդարձների լավագույն նվերը: