Մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս՝ ինչքան ուզում են, խփեն

Մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս՝ ինչքան ուզում են, խփեն

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը՝ 100 «հեղափոխական» փաստով, բավականին զվարճալի մեկնաբանությունների առիթ տվեց։ Ծառերը ծաղկեցին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ գարունը բացվեց, երեխաները ծնվեցին, եւ, վերջապես, ամուսինները սկսել են ավելի քիչ դավաճանել իրենց կանանց, քան առաջ, եւ դա էլի մեր սիրելի վարչապետի շնորհքն է, դրա համար էլ 17 տոկոսով նվազել է ամուսնալուծությունների թիվը եւ այսպես շարունակ։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ եւ այսպիսի «ձեռքբերումներով» երեկ վարչապետն ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին։ Իսկ ապերախտ մարդիկ շարունակում են դժգոհել, որ Փաշինյանն իր խոստումների մեծ մասը չի իրականացրել։ 

Վարչապետի թիմակից, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, սակայն, բնական է համարում, որ մարդիկ դժգոհում են։ «Բնական է, որ մշտապես, բոլոր երկրներում, բոլոր հասարակարգերում կան ու կլինեն մարդիկ, որոնք դժգոհ են, եւ կլինեն մարդիկ, որոնք գոհ են»,-տիպիկ ՀՀԿ-ական պատասխան տվեց Սիմոնյանը՝ նոստալգիա առաջացնելով մեզ մոտ։ ՀՀԿ-ականներն էլ էին նույնն ասում, որ իրենց աշխատանքից բոլորը չէ, որ դժգոհ են։ Շարունակելով հին ոճով պատասխանը՝ Սիմոնյանը մի միտք էլ արտահայտեց, որը դարձյալ կրկնում էին նախկին իշխանավորները, որ մարդկանց գոհ ու դժգոհ լինելու չափանիշն ընտրություններն են։ Ապա արտաբերեց մի «մեգահեղափոխական» միտք, որպիսին առաջին անգամ արտահայտել էր «Իմ քայլի» պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին հարց ուղղելիս։

«Ես կարծում եմ՝ պարոն Փաշինյանը կարող էր ընդհանրապես որեւիցե բան չնշել, այլ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ ազատ ընտրություններ են տեղի ունենում, եւ մարդը դրանով իսկ ինքն է որոշում, թե էդ 100 բանը կլինի, չի լինի, լավն է, վատն է, կլինի դա 100, 110, թե 20, ծառերը կծաղկեն, թե չեն ծաղկի։ Միայն այդ փաստի բերումով արդեն իսկ հեղափոխությունն առաջին փուլի մասով կայացած է։ Ինչ վերաբերում է մնացածին, Դուք շատ լավ գիտեք, որ թե՛ գումարի միջոցով եւ թե՛ շահագրգիռ տարբեր անձանց կողմից այդ դժգոհությունը ձեւավորվում է, հաճախակի շինծու ձեւով է ձեւավորվում, ինչպես նաեւ խրախուսվում եւ ֆինանսավորվում է։ Դրա համար շատ դժվար է տարբերել Ձեր հարցին պատասխանելու համար, թե մենք ինչի մասին ենք խոսում»,- ծեծված ակնարկներ արեց Ալեն Սիմոնյանը՝ հավանաբար նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին եւ նրան վերագրվող լրատվամիջոցները։

- Քանի որ իմ հարցը չի ֆինանսավորվում, ես Ձեզ այս հարցերն ուղղում եմ առանց որեւէ ֆինանսի։

- Ես չեմ մեղադրում Ձեզ։ Դուք ասում եք՝ մարդիկ, դրա համար ես ասում եմ, որ մարդիկ կան, որոնք․․․

- Ես Ձեզ, ամեն դեպքում, հարց եմ տալիս չֆինանսավորվող մարդկանց կողմից, օրինակ՝ Վարդաբլուր գյուղի բնակիչները երեկ եկել էին Ձեզ մոտ ու դժգոհում էին, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրենց գյուղի ճանապարհները նորոգել, բայց խոստումը չի կատարել։

- Եկել էին մեզ մոտ, հիմա մենք դրանով զբաղվում ենք, եւ այդ խոստումը եթե եղել է, բնական է՝ կկատարվի, ինչպես կատարվել են բոլոր խոստումները՝ տրված վարչապետի կողմից։

- Ո՞ր խոստումները, օրինակ՝ արագաչափերը, կարմիր գծերը հանվե՞լ են։

- Ներողություն եմ խնդրում, բայց արագաչափերի տրամաբանությունն է փոխվել, արագաչափերը՝ ոչ գումարով քաղաքացիները եւ ոչ «մտահոգ» քաղաքացիներն իրենք են դիմում, որ, օրինակ, Սարալանջի փողոցում, որտեղ ժամանակին երկաթգիծ էր անցնում, արագաչափ տեղադրվի, որովհետեւ մեր վարորդները շատ հաճախ այնտեղ շատ արագ են վարում, եւ եթե Դուք դիմեք ոստիկանություն, կտեսնեք, որ մահացության դեպքերով ճանապարհային միջադեպերի մեծ մասն արագության պատճառով է։ Փոխվել է տրամաբանությունը, այսինքն, եթե ժամանակին թե՛ կարմիր գծերի, թե՛ տեսախցիկների տրամաբանությունը մարդկանցից գումար շորթելն էր, ապա հիմա յուրաքանչյուր վարորդ կարող է պնդել, որ եթե համեմատական է անցկացվում նախկինի հետ, տասնապատիկ, հարյուրապատիկ տուգանքների քանակն իջել է։

- Բայց երբ ես Սերժ Սարգսյանի օրոք էլ էի արագ վարում, տուգանվում էի, հիմա էլ։

- Չէ, Դուք Սերժ Սարգսյանի օրոք ավտոն նոր էիք առել, ես Ձեզ լավ եմ ճանաչում, մի՛ սկսեք։ Եթե Ձեր անձն ենք քննարկում, Ձեր անձն օրինակ մի՛ բերեք, զրուցեք տաքսու վարորդների հետ, զրուցեք այդ մարդկանց հետ, թող իրենք ասեն այդ տարբերությունը, թե որքան քիչ են իրենք վճարում։ Ես նույնպես վարորդ եմ, ես նույնպես հաճախակի տուգանքներ եմ ստացել եւ ես գիտեմ, որ եթե օրենք եմ խախտում, ես էդ խնդիրը չեմ ունենում։

- Դուք ասացիք՝ կարելի էր 100 փաստի փոխարեն միայն մեկը նշել, որ ազատ ընտրություններ են անցկացվում երկրում։ Հիմա դա թո՞ւյլ է տալիս ՀՀ հպարտ քաղաքացուն երջանիկ զգալ, սոցիալապես ապահով ու անվտանգ զգալ, լավ ճանապարհներով երթեւեկել եւ այլն։

- Ներողություն, էդ որ ասում եք՝ լավ ճանապարհներով, ճանապարհները վերանորոգվում են, նույն Վրաստան-Հայաստան ճանապարհի հատվածը վերանորոգվում է, եւ տարբեր մարդիկ արձագանքում եւ խոսում են դրա մասին, մարդիկ ամեն տեղ զբաղված են նրանով, որ հասկանան՝ ինչ բիզնես դնեն, մարդիկ վերադառնում են Հայաստան ապրելու․․․

- Քանի՞ մարդ, 20 հազար մա՞րդ, ինչպես Դուք նշել էիք եթերում։

- Ես 20 հազար մարդ ասել էի՝ այդքան ավել մարդ է եկել։ Ես ուզում եմ հասկանալ՝ մենք հիմա զբաղվում ենք իմ ասածներո՞վ, թե՞․․․ մոտավորապես 5 հազար մարդ մշտապես վերադարձել է, իսկ 20 հազարով աճել է մեր երկիր եկող տուրիստների քանակը։

- Վերադառնանք նախորդ հարցին՝ միայն ազատ ընտրությունները բավարա՞ր են Հայաստանում երջանիկ, ապահով եւ հարուստ ապրելու համար։

- Նախեւառաջ հարուստ եւ երջանիկ ապրելու համար մնացած բոլոր պայմանները ստեղծված են, իսկ ազատ ընտրությունները դրա հիմնաքարն են։ Երբ որ դու ունես ազատ ընտրություններ, կարելի է ասել՝ դա Սահմանադրությունն է, հիմնաքարն է ամեն ինչի, որովհետեւ դու միշտ կարող ես ՏԻՄ ղեկավարին փոխել, եթե դու դժգոհ ես քո համայնքի վիճակից, դու կարող ես մարզպետի նկատմամբ ազդեցություն ներգործել, չնայած նրանք ընտրովի չեն, նշանակովի են, բայց, այնուամենայնիվ, նրանք բարձրագույն իշխանության կողմից են նշանակվում, որին դու ընտրում ես։

- Հիմա, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լինի, ձեր թիմը նորից նույն բարձր տոկոսնե՞րը կխփի։

- Այո։ Մենք չենք խփում, մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս՝ իրենք ինչ ուզում են, ում ուզում են, խփեն։ Այ, դա է մեր տարբերությունը։