Այս նոր տարին կարող ենք դարձնել բեկման տարի, կան նպաստավոր բոլոր պայմանները

Այս նոր տարին կարող ենք դարձնել բեկման տարի, կան նպաստավոր բոլոր պայմանները

Սիրելի հայրենակիցներ

Անցած այս տարին էլ ևս ցավալի, ծանր կորուստներով ավարտվեց: Եւ նորից ոչ մի առաջընթաց: 2 տարուց ավելին է անցել Արցախյան այս վերջին պատերազմից, սակայն մինչ այժմ էլ մենք չենք կարողանում իրավիճակի շտկմանը նպաստող որեվե լուջ խնդիր լուծել: Իսկ կշեռքի նժարին արդեն ոչ միայն մեր երկրի, այլ ողջ Հայ ժողովրդի լինել չլինելու հարցն է դրված:

Ի հարկէ սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ քայքայված տնտեսությամբ այս երկիրը, միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանա այդ պատերազմի պատճառով առաջաած վերքերը բուժել, 25 միլիարդ դոլարից ավելի իր կորուստները հետ բերել, արդիականացնել, կարգի բերել իր պաշպանական համակարգը, դուրս գալ ահավոր այս կախվածությունից:

Բայց փրկության, ելքի հնարավորություն աժմ էլ դեռ ունենք:

Ցավալի, իրոք շատ ցավալի է, որ մենք այդպես էլ չեք կարողանում հասկանալ, որ մեր ուժը համագործակցության, մեր համախմբման մեջ է միայն: Որ առանց փոխըմբռնման, հարգանքի, ներողամտության՝ սև ու սպիտակի բաժանելով, նախորդներ, նորեր, Արցախցի, Հայաստանցի, նարինջ ուտող աղբարներ ասելով մենք հոժարակամ մեր հույսի վերջին թելն էլ ենք կտրում:

Այս նոր տարում գոնե պետք է վերջապես հասկանանք, որ այդպես շարունակել այլևս չի կարելի: Որ ճգնաժամային այս ծանր իրավիճակը կարող ենք հաղթահարել միայն ու միայն աշխարհասփյուռ ողջ հայության ջանքերի համատեղմամբ: Որ մեծ Սփյուռք ունենալը մեզ համար իրոք մեծ առավելություն է: Որ մենք կարող ենք, պետք է, պարտավոր ենք օգտվել այդ առավելությունից:

Հասկանանք վերջապես, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռակապի, հեռահաղորդակցման, աշխատանքների հեռավար կազմակերպման կատարյալ գործիքակազմ տրամադրող 21-րդ այս դարում, մենք բոլոր հնարավորություններն էլ ունենք: Եւ կարող ենք ի մի բերելով աշխարհասփյուռ 10 միլիոնից ավել հայության գումարային ողջ ներուժը և կազմավորել՝

նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր միաձույլ, կարող, գործուն համակարգը՝ մեր Հայ ազգ կազմակերպությունը՝ իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով:

Համագործակցության, փոխօգնության ոգով՝ առանց լուջ խոչընդոտների, առանց լուրջ ծախսերի ձևավորել ինքնակառավարվող, գործադիրի, ուղղորդման, ծառայությունների մատուցման լայն ցանց, լայն կարողությույներ ունեցող մի այնպիսի գործուն համակարգ, որը ոչ միայն ի վիճակի կլինի նպաստել, որ կարգի բերվեն, աւդիականացվեն մեր զինված ուժերը, դուրս գանք վերջապես այս ահավոր կախվածությունից, այլ պայմաններ կստեղծի նաև, որ մեր ազգակիցները ամենուր կարողանան ապրել ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:

Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ.

Այս նոր տարին կարող ենք իրոք դարձնել բեկման տարի:

Կան իրագործելի ծրագրեր: Կան նպաստավոր բոլոր պայմանները: Պակասում է միայն խնդրի կարևորության գիտակցումը, միասնակամությունն ու մեր հաստատակամությունը:

Իսկ այդ բացը շատ հեշտությամբ կարող ենք լրացնել: Հանրությունն էլ դեռ իր որոշ լծակները ունի: Մենք բոլորս էլ մեր պատասխանատվության բաժինը ունենք:: Մենք Կարող ենք, պետք է, պետք է վերջապես կարողանանք պահանջել, ստիպել, պարտադրել, որ խելքի գան մեր իշխանությունները, մեր քաղաքական ուժերը: Վերջ տան փոխադարձ, անիմաստ մեղադրանքներին, գզվռտոցին: Մի կողմ թողնելով ընթացիք հարցերում իրենց տարաձայնությունները, մեր փրկության, մեր ապագայի կերտման այդ խնդրում գոնե լինեն միակամ:

Եւ ներգրավելով նաև Արցախի, Սփյուռքի կարող ուժերին, ազդեցիկ կառույցների ներկայացուցիչներին հրավիրեն համազգային հավաք՝ տան վերջապես վերը նշված այդ համակարգի կազմավորման մեկնարկը:

Մենք կարող ենք: Այս նոր տարին մերը պետք է լինի: Լինի Հույսի, փրկության, շրջադարձի տարի:

Հարգանքով՝

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյան