Կառավարությունից չեն արձագանքել, եկել էին Ալեն Սիմոնյանի մոտ (տեսանյութ)

Կառավարությունից չեն արձագանքել, եկել էին Ալեն Սիմոնյանի մոտ (տեսանյութ)

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներն այսօր եկել էին Ազգային ժողով և պահանջում էին հանդիպում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում: Սիմոնյանն իջավ, ու պարզվեց՝ վարդաբլուրցիները եկել են իրենց ճանապարհի խնդրով:

Ասացին, որ 1.2 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում, շտապօգնությունը 30 րոպեում հազիվ է հասնում, դիմել են կառավարությանը, բայց ոչ մի արձագանք: Ստիպված դիմել են Սիմոնյանին, որ նա դիմի կառավարությանն այն հարցով, գուցե իր խոսքն ավելի ազդեցիկ լինի:

Ալեն Սիմոնյանը լսեց խնդիրը, ապա զանգահարեց տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանին: Վերջինիս հետ զրույցից հետո եկավ և հայտնեց, որ նախարարը հանձնարարել է այս խնդրով մասնագետներ ուղարկել Վարդաբլուր, որ գնահատեն ճանապարհի վիճակը: Hraparak.am-ի հարցին, թե գնահատումից  միջոցներ կգտնվե՞ն այդ ճանապարհը նորոգելու, Սիմոնյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ դա հետո նախարարությունը կորոշի՝ ինչ միջոցներով, երբ, ինչպես:

Վարդաբլուրցիներն ասացին, որ այս ճանապարհի նորոգումը Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից էր, նա դեկտեմբերի քարոզարշավի ժամանակ է իրենց խոստացել, որ կլուծի այս խնդիրը, սակայն խոստումը չի կատարվել, հիմա եկել են ԱԺ փոխնախագահի մոտ, որ նա այս հարցը բարձրացնի: