Հայաստանում քրիստոնեության ընդունման օրը

Հայաստանում քրիստոնեության ընդունման օրը

Հայաստանում քրիստոնեության ընդունման տարեթիվը գիտեն համարյա բոլորը` Հայաստանի սահմաններից ներս թե դուրս` 301թ.: Մինչդեռ գիտական շրջանակներում պարզվում է ոչ միայն քրիստոնեության ընդունման տարին, այլեւ անգամ օրն է որոշակի ու հայտնի` հունիսի 24: Դա այն օրն է, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս է եկել Խոր Վիրապի զնդանից, ուր բանտարկված էր Տրդատ արքայի հրամանով: 

Այս տարի լրանում է Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի հիմնադրման 50 տարին, եւ զուգադիպությամբ, թե մտածված՝ ինստիտուտի 50-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը կազմակերպվել էր հենց հունիսի 24-ին, որտեղ առիթ ունեցա լսելու օրվա պատմական խորհրդի մասին: Քանի որ Արեւելագիտության ինստիտուտի հոբելյանն էր, սպասելի էր միջոցառմանը տեսնել հյուրեր Արեւելքի երկրներից, մանավանդ՝ Մերձավոր Արեւելքից, Իրանից, Եգիպտոսից, սակայն, հավանաբար, COVID-ով պայմանավորված վիճակը թույլ չէր տվել գիտաժողովին աշխարհագրական ընդգրկվածություն ապահովել: Ինչպես ինստիտուտի տնօրեն պրն Ռոբերտ Ղազարյանը հայտնեց՝ Հայաստանում հավատարմագրված արեւելյան երկրների դիվանագիտական առաքելություններին հրավեր ուղարկված եղել էր: Որոշ դեսպանատների (Իրանի, Չինաստանի եւ այլն) ներկայացուցիչներ գիտաժողովի բացմանը ներկա գտնվել էին, բայց մասնակցությունն այդքանով սահմանափակվել էր: 

Գիտական շրջանակներից առավել հեղինակավոր անձինք, որոնք մասնակցում էին գիտաժողովին, Ռուսաստանից եւ Վրաստանից ժամանած հյուրերն էին` ՌԴ ԳԱ Հեռավոր Արեւելքի ինստիտուտի տնօրենը` Ալեքսեյ Մասլով, Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրենը` Ալեքսանդր Սկակով, Վրաստանի Հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող Խաթունա Գապրինդաշվիլի, ով իր զեկույցը հայերեն էր ներկայացրել, ինչն առանձնակի հաճելի էր եւ ընդգծվեց գիտաժողովի ամփոփման խոսքում: 

Փոխարենը՝ գուցե ինչ-որ նպատակահարմարությունից ելնելով, մեր Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատողներից ոմանց զեկույցները ռուսերեն էին ներկայացվել: Այդ թվում Ալեքսան Հակոբյանի զեկույցը, որը դասական հայերեն ուղղագրությամբ վերնագրված էր՝ «ԿՈՎԿԱՍԵԱՆ ԱՂՈՒԱՆՔԻ ԹԱԳԱԻՈՐՈԻԹԻՒՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԹՈՒԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ (313-315 Թ.Թ.)»:

Իսկ բովանդակությունը գիտաժողովում ներկայացվում էր ռուսերեն, գուցե այն պատճառով, որ այն վերաբերում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում հին ժամանակներում գոյություն ունեցած Աղվանքի (լատիներեն` Ալբանիայի) թագավորությունում քրիստոնեության տարածմանը (որ, ինչպեսեւ պետք էր սպասել, տարածվել էր Գրիգոր Լուսավորչի հովանավորությամբ եւ ձեռնադրված եպիսկոպոսի կողմից): Գուցե որպեսզի ադրբեջանցիներն էլ տեղեկանան այն տարածքի պատմությանը, որի հետ մեծ առնչություն չունեն, բայց այս պահին զբաղեցնում են: 

Նոր ժամանակներին վերաբերող զեկույցներն այնքան հետաքրքիր չէին, որքան հին ժամանակների մասին պատմողները, գուցե այն պատճառով, որ նոր ժամանակներում կատարվող իրադարձությունները բոլորին են հայտնի: Զեկույցներն ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան նոր գիտելիք տալիս:

Ասենք՝ Չինաստանի եւ Թուրքիայի ներկա փոխհարաբերությունների մասին զեկույց կար, ու այնպիսի վարդագույն պատկեր էր ներկայացվում, որ ակամա ցանկանում էիր զեկուցողին հարցնել` ներեցեք, իսկ ույգուրների ընթացող ցեղասպանությունը թուրք-չինական հարաբերություններում խնդիր չի՞ ստեղծում: Կամ՝ Ճապոնիայի 2015թ. անվտանգության օրենքի մասին զեկույցում զեկուցողը մի բառ չասաց այն մասին, թե Հարավային Կորեայից ինչ սուր արձագանք եղավ այդ օրենքին, դա ինչ նշանակություն ուներ QUAD-ի ամրապնդման համար (որը հավակնում է դառնալ ՆԱՏՕ-ի հեռավորարեւելյան անալոգը), եւ այլն: 

Ամեն դեպքում, կարեւորը՝ մեր Գիտությունների ակադեմիայի ամենահայտնի ինստիտուտներից մեկի 50-ամյակն է, որի կադրերից շատերը բառացիորեն կանգնած են եղել Հայաստանի անկախության եւ երրորդ հանրապետության հիմնադրման ակունքներում: Դա թե՛ պարտավորեցնող իրողություն է, թե՛ հուսադրող` որ ապագա 50 տարիներին էլ Արեւելագիտության ինստիտուտն իր բարձրության վրա կլինի եւ Հայաստանի պետականաշինության առաջնագծում: