Մենք ենք մեր թշնամին

Մենք ենք մեր թշնամին

Քծնանքն ու ստորաքարշությունը մարդկային ամենավատ որակներն են, որոնք նաեւ խանգարում են պետություն կառուցելուն: Վստահ եմ, որ մենք շատ ավելի լավ պետություն կունենայինք, եթե մեր ժողովուրդն այդքան հակված չլիներ քծնանքին ու ստորաքարշությանը: Նայեք ձեր շուրջ` եթե ձեր շրջապատում կա որեւէ մեծահարուստ կամ բարձր պաշտոնյա, ուշադրություն դարձրեք, թե նրան ինչպես են վերաբերվում մարդիկ` հարեւանները, բարեկամները, ընկերները:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ քծնանքի, շողոքորթության, ստորաքարշության, կեղծ մեծարանքի մթնոլորտում են ապրում այդ մարդիկ: Ինչքան կեղծ, սուտ գովեստներ են լսում իրենց հասցեին, ինչպես են նրանց ծառայում ու հաճոյանում, ինչ արտոնություններ ու ջերմոցային միջավայր են ստեղծում նրանց համար բոլորը: Այդ քծնանքին ու ստորաքարշությանը գրեթե ոչ մեկը, առավել եւս` չկայացած ու անարժան մեկը, չէր կարող դիմանալ: Եվ պատահական չէ, որ ցանկացած միջին կալիբրի չինովնիկ, պատահականորեն մանդատ ու կարգավիճակ ստացած մեկն արագությամբ կտրվում է գետնից, իրեն Նյուտոն ու Դը Գոլ երեւակայում: Իսկ մեծամտացած, օդում սավառնող, իրենց արժեքը չգիտակցող պաշտոնյաները միմիայն վնաս կարող են տալ այն հասարակությանը, որին կոչված են ծառայելու:

Ուստի պետք չէ զարմանալ, որ իրենից ոչինչ չներկայացնող մի պատանյակ մեծ-մեծ փրթում է, մյուսը հեգնում եւ վիրավորում է իր հոր տարիքի մարդկանց, երրորդը դատողություններ է անում այն թեմաներից, որոնցից կատարելապես բոբիկ է, չորրորդը փիլիսոփայում է եւ դասեր տալիս լրագրողներին: Նրանք մեղավոր չեն, մեղավորը հասարակությունն է. վարչապետ տեսնելու հաճույքից նվաղող տնօրենը, պատգամավորի հետ սեղան նստելու պատվից հուզված գիտնականը, նախարարի հետ շփվելու փաստից ոգեւորված մտավորականը: