Քննիչների թիվը չի ավելացել

Քննիչների թիվը չի ավելացել

Դեռեւս անցյալ տարի, կառավարության որոշմամբ, փոփոխվել էին Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը։ Եվ, ահա, կրկին Քննչական կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում։ Այսինքն՝ փոփոխություններ են մտցվում անցյալ տարվա գարնանն ընդունված որոշման մեջ։ Կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանն ասում է, որ հաստիքներ չեն ավելացվել։ Չնայած, եթե ավելացվեին, հասկանալի կլիներ․ քննչականի աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեր օրերում, երբ բոլորին համատարած քննում են ու բռնում, մի քանի անգամ ավելացել է։ «Կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն եւ որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված եւ առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն»,- ներկայացված է որոշման մեջ։

Թռուցիկ ծանոթանալով նոր կառուցվածքին՝ տեսնում ենք, որ մարդկանց թրաֆիքինգի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության անվանման մեջ ավելացել են նաեւ անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները։ «Հիշյալ փոփոխությունը անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննության կենտրոնացումն է մեկ ենթաստորաբաժանումում»,- ասված է ՔԿ տարածած գրության մեջ։ Կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է որպես առանձին ստորաբաժանում, ենթադրաբար՝ այդ հանցագործությունների աճի պատճառով։ Կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոբերտ Ադիլխանյանը։ Նախկինում նա «կիբերգործեր» է քննել։ Իսկ նրա գլխավորած քրեական գործերի քննության աջակցության վարչության աշխատանքից դժգոհություններ կային։ Այդ վարչությունը չէր կարողանում աշխատանքը կազմակերպել։

Կադրային փոփոխություններից ուշագրավ է Արթուր Մելիքյանի՝ քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելը։ Արթուր Մելիքյանին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն էր զինդատախազությունից տեղափոխել տարածքային վերահսկողության գլխավոր վարչության պետ։ Նա շատ կարեւոր պաշտոն էր զբաղեցնում։ Փաստորեն, պետք է ամբողջ մարզերի քննչականները վերահսկեր, նրանց մեթոդական օգնություն ցուցաբերեր։ Այս պաշտոնի համար անհրաժեշտ էին ինքնուրույն մտածողություն, արարքներին որակումներ տալու ունակություն։ Սակայն Մելիքյանը, որը համակարգում հայտնի է որպես լավ կատարող, հավանաբար, չի համապատասխանել այս որակներին, եւ նրան որոշել են նոր, նվազ «ծանր» պաշտոն տալ։ Բայց շան գլուխն այլ տեղ է թաղված։ Բանն այն է, որ ՔԿ-ն եւ ՀՔԾ-ն մեր երկրում նախաքննություն իրականացնող մարմիններ են, ոչ թե փորձաքննություն, եւ քրեագետների հաստիքներ ՔԿ-ում ի սկզբանե նախատեսված չեն եղել։ Քննչականը, ըստ գործող օրենքի, փորձաքննություն անցկացնելու իրավունք չունի, մինչեւ  օրենքը չփոխեն։

Քննիչը, եթե անգամ իր սարքով հետազոտի, միեւնույն է, պետք է փորձաքննություն նշանակի, որ կարողանա դրա եզրակացությունը որպես ապացույց օգտագործել։ Այս պահի դրությամբ եւ գործող օրենքով՝ Քննչական կոմիտեում կարող են աշխատել քննիչներ եւ պետծառայողներ։ Եթե քննիչ պետք է ընդունեն, որ կատարի քրեագետի գործառույթ, դա այլ բան է, բայց տարածքներում ամեն մի քննիչի մոտ 30 վարույթ կա, քննիչի հաստիքները պետք է ոչ թե կրճատել, այլ՝ ավելացնել։ Բացի այդ, եթե պետծառայողը պետք է կատարի քրեագետի ֆունկցիա՝ առաջատար, գլխավոր մասնագետը, ապա պետք է ասեն, թե ինչ կարգավիճակ է ունենալու նրա տված փաստաթուղթը, դա որպես ապացույց կարո՞ղ է կցվել, թե՞ ոչ, եւ արդյոք ոստիկաններին չե՞ն դիմելու, որ քրեագետ գնա դեպքի վայր։ Քրեագիտական վարչությանը, անշուշտ, նաեւ թանկարժեք տեխնիկա պետք կլինի, քրեագետների հաստիքներ, ինչը փողերի վատնում է լինելու։ Եվ ամենակարեւորը՝ նման փորձաքննությունն անկախ չի լինելու։