Առողջապահական տեսակետից ցանկալի չէ, որ ծաղկման շրջանում մարդիկ լողան
Սեւանա լիճը, որը մեծությամբ Հայկական լեռնաշխարհում՝ երրորդ, իսկ Կովկասում՝ ամենամեծ լիճն է եւ Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը, դարձյալ սկսել է կանաչել: Լճի մակարդակը կրկին սկսել է իջնել. 2021թ․ հունվարի 8-ին Սեւանա լճի մակարդակը 1900.52 մետր էր, եւ լիճն ուներ դրական հաշվեկշիռ՝ 2020թ․ նույն օրվա նկատմամբ բարձր լինելով 9 սանտիմետրով: Մինչդեռ 2021թ․ դեկտեմբերի 3-ին լճի մակարդակը կազմում էր 1900.46 մ: Իջել է ոչ միայն ջրի մակարդակը, այլեւ որակն է փոխվել։ Զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի հետ։
«Այս տարի ծաղկումը մի փոքր ուշացավ։ Նախանցած տարի՝ ամենաուժեղ ծաղկման ժամանակ, հունիս ամսից սկսեց ծաղկումը։ Այն շատ ուժեղ էր անգամ այս տարվա համեմատ, թեպետ դեռ չգիտենք, թե հետո զարգացումներն ինչպես կընթանան։ Համենայնդեպս, շատ վատ էր այդ տարի վիճակը, նաեւ ջրի ջերմաստիճանն էր շատ բարձր՝ մինչեւ 24-24.5 աստիճան։ Անցած տարի համեմատաբար ավելի թույլ դրսեւորվեց ծաղկումը եւ շատ կարճատեւ եղավ, ընդամենը առանձին գոտիների ձեւով։ Ընդ որում՝ այնքան կարճաժամկետ էր, որ երբ մոտենում էինք ջուրը վերցնելու, քամու ազդեցության տակ ինքը սուզվում էր հատակը, ու համարյա չէինք կարողանում որսալ այդ ծաղկման պրոցեսը։ Այս տարի ավելի ուշացած տեղի ունեցավ ծաղկումը եւ նույն տիպի ջրիմուռներով է: Դրանք կապտականաչ ջրիմուռներն են, անաբենան է, ակվա տեսակն է, որոնք տոքսիկ նյութեր են արտադրում։ Իհարկե, որ ասենք՝ մահացու է, նման բան չկա, բայց ալերգիկ ռեակցիաներ, նյարդային համակարգի վրա ազդեցություն… ամեն դեպքում՝ ցանկալի չէ, որ լողալու պրոցեսում ջուր ընկնի բերանի խոռոչը։ Առողջապահական տեսակետից էլ ցանկալի չէ, որ այս ծաղկման շրջանում մարդիկ լողան»,- ասաց Էվելինա Ղուկասյանը։
Նրա խոսքով, ծաղկման շրջանը կարող է տեւել մի քանի օր, ջուրը մաքրվելուց հետո նոր կարելի է լողալ։
«Պարզապես պրոցեսներն այնքան փոփոխական են։ Այս պահին լճում ջուրը դառնում է կաթնագույն, դա էլ կապված է կալցիումի լուծելիության հետ, եւ եթե այդ նստեցման պրոցեսը շարունակվի, իր հետ նաեւ ջրիմուռներին կարող է նստեցնել։ Բայց դեռ դժվար է ասել, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում, այսօր Սեւանում մենք փորձեր ենք կատարում։ Նյութեր ենք ակտիվացնում, որոնցով կարելի է նստեցնել ջրիմուռները։ Պարզապես այնքան մեծամասշտաբ է այդ պրոցեսը, որ այդ սարքերով նման մաքրում կատարելը հնարավոր չէ։ Իհարկե, եթե արտադրական նշանակության շատ մեծ նավեր պատրաստեն, որ այդ մաքրող սարքերն ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնեն, գուցե դա արդարացվի։ Առաջին քայլը ասել ենք ու շարունակում ենք պնդել՝ ջրհավաք ավազանից կենսածին նյութերի մուտքն արգելելն է, սահմանափակելն է, որովհետեւ, քանի դեռ լիճը պարարտացվում է այդ ազոտի եւ ֆոսֆորի միացություններով, գնալով մեծանալու է խնդիրը, ջրիմուռների ծաղկումն էլ օրգանական լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնելու լճի համար, եւ վիճակը չի բարելավվելու։ Կլիմայական պայմաններն էլ են նպաստում այդ ամեն ինչին։ Դրա համար դեռեւս ծաղկումը շարունակվում է, տեսնենք, թե որքան կերկարի։ Մեծ Սեւանում նկատելի է, որ ավելի ուժեղ է ընթանում ծաղկման պրոցեսը, իսկ փոքր Սեւանում՝ համեմատաբար թույլ։ Քանի որ նաեւ լիճն է ավելի խորը այս մասում, ու ջերմաստիճանի տատանումներն այդքան ուժեղ չեն, այսինքն՝ ջրի տաքանալու պրոցեսն այդքան ուժեղ չէ, դրա համար ծաղկումը համեմատաբար թույլ է։ Ամեն դեպքում, այսօր փորձանմուշները տանում ենք հետազոտության։ Ամենաուժեղ ծաղկման ժամանակ՝ հուլիսի 14-ին, մեծ Սեւանից վերցրել էինք փորձանմուշներ, այսօր պտտվում ենք փոքր Սեւանում ու չափումներ ենք կատարում»,- ասաց Ղուկասյանը։
Թունավոր ջրիմուռներըը կվնասե՞ն Սեւանա լճի կենդանական աշխարհը։ «Ձկները բավականին խելացի կենդանիներ են, մանավանդ, որ ունեն արագ տեղաշարժվելու հնարավորություն, իսկ ջրիմուռները ծածկում են հիմնականում մակերեսային շերտը՝ մինչեւ 10-15 սմ, դրանից ներքեւ ջուրը համեմատաբար մաքուր է։ Պարզապես ջրիմուռների քայքայման ժամանակ թթվածին նրանք շատ են խլում, ու թթվածնային պայմաններն են անբավարար դառնում։ Առայժմ ոչ մի խիստ իրավիճակ չենք գրանցել, որ թթվածինը վատ է, որովհետեւ լիճը նոր է սկսել ծաղկել։ Համոզված ենք, որ ձկների վրա էական ազդեցություն չի կարող ունենալ։ Հիմնականում մեծ ազդեցություն է ունենում հատակային կենդանիների վրա, որովհետեւ այդ մահացած ջրիմուռները նստում են հատակին եւ օրգանական նյութով են հարստացնում հատակը։ Այնտեղ թթվածնի քանակները սկսում են կլանել, ու դառնում են աներոբ պայմաններ։ Խեցգետնի համար դա շատ վատ է, որովհետեւ տարբեր տիպի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ։ Իսկ մնացած ձկների համար այդքան էլ վտանգավոր չէ։ Սկսել ենք տոքսիկոլոգիական հետազոտություններ իրականացնել։ Դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը»։
Արդյոք բավարար քանակի ձկնային պաշարներ ունի՞ Սեւանը։ «Սովորաբար, ձկնային պաշարների գնահատականը տալիս ենք տարվա վերջին՝ վերջնական մնացորդը գնահատելով։ Նախորդ տարվա նոյեմբեր ամսից գնահատել ենք, որ քանակը մի փոքր բարձրացել է։ Բայց սա դեռ չի նշանակում, որ դա բավարար է պաշարները լրիվ վերականգնելու համար։ Թույլտվություն է եղել մինչեւ 300 տոննայի որս կատարելու, բայց բնապահպանության նախարարության հետ պայմանագիր ունենք, որ հաջորդ քանակը կսահմանվի արդյունքը գնահատելուց հետո։ Մեզ մոտ պետք է նորից ձկնաբանական մեծ գիտարշավ լինի, որպեսզի նորից գնահատենք ընթացիկ իրավիճակը, դրանով հանդերձ էլ կորոշվի` թույլտվությունները կտրվե՞ն, թե՞ չեն տրվի»։
Կարծիքներ