5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին 

5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին 

Ամիսներ առաջ առաջին լոուքոսթ «RyanAir»-ի՝ Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու օրերին լուրեր շրջանառվեցին, թե ՀՀ կառավարությունը պետական բյուջեից պատկառելի գումար է վճարելու այդ ավիաընկերությանը՝ Հայաստան թռիչքներ իրականացնելու համար։ Սակայն կառավարությունը հերքեց այդ լուրերը՝ վստահեցնելով, որ պետության կողմից սուբսիդավորում չի լինելու, բացառությամբ «օդի տուրքի», որը պարտավորվել են չեղարկել։ Այդ օրերին նաեւ լուրեր շրջանառվեցին, թե Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը, որը լոուքոսթը Հայաստան բերելու հեղինակն ու հերոսն էր, դրամաշնորհ ստանալու հարցով նախապես պայմանավորվել է եվրոպական ինչ-որ ընկերության հետ, որով պետք է փակվեին «RyanAir»-ի վնասները, եւ Հայաստան մուտքը տնտեսապես արդարացվեր։ Սակայն մեզ լուրեր են հասել, որ այդ ծրագիրը չեղարկվել է, եւ հիմա տարեկան 5 միլիոն եվրոյի սուբսիդիան վճարելու հոգսը դրված է Հայաստանի կառավարության ուսերին։ Այս առթիվ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ու ֆինանսների նախարար Ջանջուղազյանն են զրույց ունեցել՝ բյուջեում չկա այդ գումարի հատկացման մասին տող, եւ դա կարող են անել միայն պահուստային ֆոնդից։ 

Երեկ մենք կապվեցինք Տաթեւիկ Ռեւազյանի հետ, նա ասաց, որ ինքն այդ հարցով չի բանակցում։ «Ես նման տեղեկություն չունեմ, ես հիմա որեւէ բանակցություն չեմ վարում, կառավարությունն է բանակցություններ վարում եւ ոչ միայն մի կողմի հետ, այլեւ տարբեր կողմերի հետ, բայց ես չգիտեմ՝ որ կողմերի, որ Ձեզ հիմա հստակ ասեմ, ինձ հետ դա կապված չէ»,- ասաց նա։ Ռեւազյանին հստակ հարցրինք՝ դրամաշնորհի հարցով ինքը  բանակցե՞լ է եվրոպական որեւէ ընկերության հետ, որը պիտի տրամադրվեր «RyanAir» ընկերությանը՝ որպես սուբսիդիա։ «Գյումրիի օդանավակայանի համար այլ խթաններ տրամադրելու ենք, բայց բանակցությունները վարվում են ինձնից ավելի բարձր աստիճանի պաշտոնյաներով, ոչ թե մի կառույցի, այլ տարբեր կառույցների հետ, եւ ընթացքի մեջ է, ես որեւէ բան չեմ լսել, որ որեւէ բան չեղարկվել է, որ հերքեմ կամ հաստատեմ Ձեր ասածը, ինձ նման ինֆորմացիա չի հասել»։

Իսկ կառավարությունը «RyanAir»-ին տարեկան 5 մլն եվրո վճարելո՞ւ է պետական բյուջեից՝ հարցրինք քաղավիացիայի կոմիտեի ղեկավարին։ «Ես չգիտեմ՝ Ձեզ մոտ տվյալները որտեղից են 5 մլն եվրոյի մասին, ես Ձեզ կարող եմ ասել, որ այլ խթաններ տրամադրվելու են Գյումրիի օդանավակայանին, որովհետեւ այն երկրորդական օդանավակայան է, ու լրիվ ընդունված տարբերակ է ամբողջ աշխարհում՝ երկրորդական օդանավակայանների զարգացման համար խթաններ տրամադրել։ Ավել բան Ձեզ չեմ կարող ասել»։