Տխուր ենք ապրում, պարոնայք

Տխուր ենք ապրում, պարոնայք

Հայոց աշխարհում մե՜ծ իրարանցում է: Խորհրդարանի արտահերթ ընտրություններից հետո ի՞նչ է լինելու՝ հարցում է անում լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը: Եւ այդպես էլ պատասխան չի տալիս: Ոմանք խոսում են հանրային աննախադեպ կոնսոլիդացիայից, ուրիշներն՝ ապատիայից եւ հիասթափությունից: Քաորզարշավի մեծ հեռուստաբանավեճից էլ պարզ դարձավ, որ քաղաքական կոչվող շատ ուժեր առհասարակ պետական կյանքից, մասնավորապես՝ երկրի մարտահրավերներից շա՜տ մակերեսային պատկերացում ունեն: Եւ սա դեռ մեղմագույն բնորոշում է: Իրականում ոմանք ընտրապայքարի մեջ են մտել ինքնահաստատման մղումներով:

Եւ դժվար չէ պատկերացնել, թե ընտրողների բավարար քվե ստանալու դեպքում(а чем черт не шутит?) ի՜նչ էկզոտիկ առաջարկություններ կշրջանառեն նրանք խորհրդարանում: Պատկերացնում ես եւ, բանաստեղծի ասած, տխրությունդ կամաց-կամաց փոխվում է լացի: Որովհետեւ այդ մարդկանց չի հերիքում ամենակարեւորը՝ պատկերացումն այն երկրի մասին, որի օրենսդիրն են ուզում լինել: Տխուր է, անսահմանորեն տխուր: Մարդիկ հեռուստաէկրանից մատ են թափ տալիս աշխարհի վրա, չեն թաքցնում, որ, ներողություն, թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա, իրենց չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում հարեւան երկրներում, տարածաշրջանում, աշխարհում՝ առհասարակ:

Իրենք ունեն փրկչական ծրագիր, կարող են, խոստանում են եւ ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնել, եւ բանակը հզորացնել, եւ տնտեսությունը ոտքի կանգնեցնել, եւ սոցիալական արդարություն հաստատել, եւ պահպանել ազգային -ավանդականը, քրիստոնեականը, առաքելականը: Ինչպե՞ս: «Հարուստներից խլելով եւ պետությանը վերադարձնելով անցած քսան-երեսուն տարում ժողովրդից կողոպտածը» - հանգերգի նման կրկնում են բոլորը: Մի անգամ արդեն ասել եմ՝ նման դեպքերում հիշվում է «Ալպիական մանուշակի» գյուղացին, որին երբ ասում են, թե օտար մարդիկ եկան, փորփրեցին, գտան ու տարան Սյունաց Բակուր իշխանի գանձարանը, ներսում ատելությունից եռում եւ դառնաղի մտորում է՝ քանի՜ անգամ է նստել այդ քարերին, եթե իմանար՝ ինքը կփորեր, կհաներ ոսկիները եւ քանի՜ կով կառներ:

Ահա այդպես է արմատավորվել այն առասպելը, որ բավական է գողացածը վերադարձնել, եւ երկիրը կդառնա դրախտ: Կողոպտածն, ինչ խոսք, օրինական ճանապարհով պետք է վերադարձվի պետությանը եւ ժողովրդին: Բայց նաեւ հարկ է գիտակցել, որ այդ հինգ կամ տասնհինգ միլիարդ դոլարը մեծ հաշվով շատ քիչ բան կարող է փոխել: Որ հրաշապատում հեքիաթները մանուկների համար են, իսկ հասուն մարդիկ պետք է ունենան կայուն աշխատատեղ եւ երաշխավորված եկամուտ: Որ Հայաստանն արտաքին ներդրումների համար մեծ գրավչություն չունի: Եւ չի ունենալու, որքան էլ օրենսդրությունը բարելավվի եւ ստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Որ բանավեճի մասնակիցները խելամտորեն կամ նենգամտորեն շրջանցում են հիմնական՝ պատերազմի եւ խաղաղության, փակ եւ բաց սահմանների հարցերը:

Այլ մարտահրավեր Հայաստանը չունի: Որովհետեւ մի բան ակնհայտ է՝ երբ երկիրը շրջափակված է, տնտեսական ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել: Պաշարված երկրում գործում է գոյատեւման ռեժիմը: Եւ հենց դրանից էլ ածանցվում են մենաշնորհները, անհավասար մրցակցությունը: Վերջապես՝ կոռուպցիան: Դերակատարների փոոխությունը դրամայի սյուժեն չի փոխում:Հայաստանի զարգացման հեռանկարն իրական կարող է լինել միայն եւ միայն խաղաղության, բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների պայմաններում:

Ոչ ոք, ցավոք, չի խոսում, թե ինչպե՞ս է Հայաստանը տանելու խաղաղության եւ բարիդրացիության: Իսկ եթե նման դիսկուրս չի բացվում, մնացած ամեն ինչ արժեզուրկ է, ժամավաճառություն, մանիպուլյացիա: Եթե կուզեք՝ աճպարարություն: -Տխուր ենք ապրում, պարոնայք: