Ընտրություններից հետո անցումային արդարադատություն կլինի՞

Ընտրություններից հետո անցումային արդարադատություն կլինի՞
Ընտրություններից հետո անցումային արդարադատություն կլինի՞

Դեռևս իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքի հարթակից վարչապետի այժմյա պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հնարավոր է անցումային արդարադատության մարմիններ ձևավորվեն։ Թեմայի շուրջ իրավաբանական հանրության շրջանում տարբեր մեկնաբանություններ ու սահմանումներ եղան, թե ի՞նչ է անցումային արդարադատությունը, որքանով է դրա կիրառությունը անհրաժեշտություն և թե ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել։ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանին խնդրեցինք, բացատել, թե ինչ ասել է անցումային արդարադատություն՝ նկատի ունենալով, որ տարբեր իրավաբաններ և դատական իշխանության ներկայացուցիչներ տարբեր սահմանումներ են տալիս․

«Անցումային արդարադատության տարբեր ընկալումներ կան, անցումային արդարադատությունը այսօր շատերը պատկերացնում են, որ նախկինում քննված բոլոր գործերը պետք է վերանայել, վեր հանել բոլոր մեղավորներին, պատժել, և դրանով իսկ անցումային արդարադատություն իրականացնել։ Թե ո՞վ է դա իրականացնելու և ի՞նչ եղանակներով, ես շատ դժվար եմ պատկերացնում։ Շրջանառության մեջ դրված է նախագիծ՝ անցումային արդարադատության հետ կապված, որը դեռ տեսանելի չէ, և որին ծանոթանալուց հետո երևի ավելի նպատակահարմար կլիներ այդ հարցին անդրադառնալ։ Եթե ես չեմ պատկերացնում, թե ինչ է նախատեսվում, ապա դրա մասին խոսելը իմ կողմից, կարծում եմ, ժամանակավրեպ կլինի»,- ասավ Սերգեյ Առաքելյանը։ 

 

 

Հարցրինք նաև, թե, ըստ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այդ նախագիծը կմնա՞ ուժի մեջ, քանի որ տևական ժամանակ է, որ այլևս այդ թեմայով չի խոսվում, և տպավորություն կա, որ վարչապետը ԺՊ-ն իր այդ մտադրությունից ետ է կանգնել․

«Կարծում եմ՝ եթե նման մտադրություն և վճռականություն կա, ապա, այնուամենայնիվ, շրջանառության մեջ կմնա, և չեմ բացառում, որ կլինեն նաև կոնկրետ քայլեր։ Վերջերս հյուրընկալել էինք Ուկրաինայի մեր գործընկերներին՝ մեր կառույցին համանման կառույցի ղեկավարների, ովքեր նաև դասախոսությամբ մեր լսարանում հանդես եկան, և ներկայացրին ուկրաինական փորձը։ Այնտեղ բնականաբար դատավորների թիվը անհամեմատ շատ է՝ հաշվի առնելով բնակչության քանակը և երկրի մասշտաբները, 7 հազարից ավել դատավորի մասին էր խոսքը։ Եվ այնտեղ էլ նմանատիպ գործընթացների շրջանակներում շատ վճռական որոշում էին կայացրել, որ պետք է հրաժարվեն նախկինում եղած բոլոր դատավորներից, նոր դատավորների հավաքագրեն, նոր դատական համակարգ ձևավորեն։

Փառք Աստծո, որ հետո կարողացել էին խելացի մարդիկ հիմնավորել իրենց կարծիքը, որ դրանով կքանդվի արդարադատության ամբողջ համակարգը։ Այնտեղ անցումային արդարադատության տիպի գործընթաց իրականացվեց այն տարբերակով, որ անցկացրին գործող դատավորների ատեստավորում, որպեսզի տեսնեին, թե որքանով են համապատասխանում, և, պատկերացրեք, 1.5 հազարից ավել գործող դատավորներ կային, ովքեր այդ ատեստավորումը չէին անցել, և այնտեղ առնվազն այդքանով արդեն բաց էր առաջացել։ Սա շատ նուրբ խնդիր է, շատ զգույշ է պետք այս խնդրին անդրադառնալ, ու պետք չէ առաջնորդվել այն կանխավարկածով, որ դատավորները բոլորը վատն են, անհրաժեշտ է կտրուկ անցում կատարել նոր դատական համակարգի։ Այդպես չէ, չեմ բացառում՝ կան նաև հարուցված քրեական գործեր, գուցե կան դատավորներ, ովքեր ոչ այնքան պարկեշտ են, բայց այդ մի քանիսով ամբողջի մասին դատել ու դա դնել նման վճռական որոշում կայացնելու հիմքում, որ պետք է եղածը քանդել ու նորը կառուցել, և դա ավելի հեշտ է, կարծում եմ՝ մեր պարագայում ևս չի կարելի։ Դատական համակարգը շատ զգայուն է։

Օրինակ ԱՄՆ-ը, կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, շատ առաջ է ամբողջ աշխարհից, գլխավոր գրավականը այն է, որ այնտեղ գործում է դատական համակարգը։ Որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ ամերիկյան օրենսդրությունը ավելի լավն է, քան՝ մերը, բայց օրենքները լավի և վատի բաժանելը ճիշտ չէ, շատ ավելի կարևոր է այդ օրենքների պահպանման խնդիրը։ Եթե մենք ապահովում ենք այդ օրենքները պաշտպանելու՝ մեր առջև դրված խնդիրը, ապա շատ հարցեր լուծվում են, և բազմաթիվ այլ հարցերի լուծման հիմքում ընկած է արդարադատության համակարգը։ Եթե երկրում նորմալ գործում է արդարադատություն, բոլոր խնդիրները հաղթահարվող են, հակառակ պարագայում՝ ես դժվար եմ պակերացնում որևէ պետության զարգացում։ Ձեր մատնանշած գործընթացների համար ևս մեկ անգամ կուզեմ կրկնել, որ պետք չէ առաջնորդվել հույզերով, զգացմունքներով, մակերեսային պակերացումներով։ Երբեմն կարծիքներ են հնչում, և ակնհայտ է դառնում, որ տվյալ կարծիք հնչեցնողը մակերեսային պատկերացում ունի տվյալ երևույթի մասին։ Եվ շատ նուրբ ու զգայուն այս համակարգի հետ պետք է շատ զգույշ վարվել, եթե մենք ուզում ենք Հայաստանի արագ տեմպերով զարգացում»։