Ամենայն հավանականությամբ պիկետ եմ անելու Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց

Ամենայն հավանականությամբ պիկետ եմ անելու Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց

Հավանաբար շատերն են ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում փնտրել քաղաքացիական ակտիվիստ, Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի անունը եւ չգտնելով այն՝ անակնկալի եկել։ Ինչո՞ւ մշտապես ակտիվ, հանրային տարբեր վայրերում իր բողոքը պառկելով արտահայտող Վարդգես Գասպարին տեղ չի գտել «Իմ քայլը» դաշինքում։

«Առհասարակ հեղափոխությունից հետո ինձ դիմեցին իշխանությունից, թե արդյոք ցանկանո՞ւմ եմ մասնակցել լինել նոր կառավարության կազմում։ Ես ասացի, որ 62 տարեկան եմ, կարծում եմ, որ ճիշտ է երիտասարդներին այնտեղ ընդգրկելը, որպեսզի նրանց կուտակած փորձն էլ հետագայում պիտանի լինի։ Որոշեցի, որ չլինեմ նոր իշխանության մեջ՝ գործադիր, թե օրենսդիր»,- մեր հարցին այսպես արձագանքեց Վարդգես Գասպարին։

Հարցին, թե շարունակելո՞ւ է արձանագրել կառավարության սխալները, բացթողումները, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Անպայման։ Դեռ երկու-երեք շաբաթ առաջ կար հակահեղափոխության վտանգ։ Ես այն ժամանակ գրեցի, որ ԱԺ ընտրություններից հետո պատրաստվում եմ քննադատել իշխանություններին։ Առաջինը վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ անձնագիր տալուն (հուսով եմ, որ Ժիրայր Սեֆիլյանն անձնագիր կստանա ԱԺ ընտրություններից առաջ): Ունեմ այլ բողոքներ, ես բավարարված չեմ հեղափոխության պահանջների ընթացքից։ Կան բացթողումներ, կա դանդաղկոտություն։ Ենթադրում եմ, որ ԱԺ ընտրություններից հետո պիկետ եմ անելու Ռոբերտ Քոչարյանի առանձնատան դիմաց եւ պահանջելու եմ, որ ավելի արդյունավետ ձեւով քննեն իր գործը եւ արագ կերպով իրականացնեն նրան պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ամենայն հավանականությամբ առաջին գործս կլինի այդ պիկետը, սակայն այլ անելիքներ էլ ունեմ»։