Աչքը սարքելու փոխարեն ունքն են հանում

Աչքը սարքելու փոխարեն ունքն են հանում

Էջմիածնի քաղաքապետն ու ավագանին, գլխավոր հարցերը թողած՝ «թիթեռ են նկարում»: Փոխանակ հարթեցնեն քայքայումից անանցանելի դարձած երկրորդական փողոցներն ու ջրափոսերով լի շենքերի բակերը, նորոգեն բազմաբնակարանների ծակ ու կաթացող տանիքները, ավերակ հիշեցնող շքամուտքերը կարգի բերեն, անցել են շենքերի ճակատային մասի գեղարվեստական ձեւավորմանը: Այն էլ ոչ թե հայկական մշակույթին բնորոշ ձեւավորմանը, այլ՝ ռուսաֆիկացմանը։ Եվ դա սկսել են Մայր Աթոռի հարեւանությամբ գտնվող տուֆակերտ շենքից՝ հայկական պատշգամբներին վրաքաշ անելով ռուսական «տերեմոկը»:

Սա էլ դեռ քիչ է՝ փայտով ընդգծված պատշգամբներից արհեստական ծաղիկներ են կախել, իբր՝ տրամադրություն ստեղծելու համար: «Լավ է, որ տապանաքար չեն դրել»,-կատակեց Էջմիածնի բնակիչ Արման Հովհաննիսյանը: Երիտասարդի կարծիքով՝ քաղաքին նորություն ու թարմություն պետք է, բայց ոչ դիմագիծը փոխելու հաշվին: «Եթե ուզում են գործ անեն, թող մայթերի վրա կառուցված կրպակներն ու խանութները հետ տանեն, քաղաքի կենտրոնն ազատեն Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «լեժանկեք» կոչվող շուկայից, զուգարանի վերածած զբոսայգին կարգի բերեն, մայթերը հավասարեցնեն ու սալարկեն, որ քայլելիս գլուխկոնծի չտանք..․ Իսկ այն, ինչ անում են, հրատապ չէ, եթե չասեմ՝ ավելորդ է»:

Գեղամ Մարտոյանին էլ զայրացրել է տեղի իշխանության վերաբերմունքն իրենց՝ էջմիածինցիների նկատմամբ: «Լավ, ենթադրենք՝ հանրային քննարկում չարեցին, մեր կարծիքն արհամարհեցին, բայց կարող էին, չէ՞, հաշվի առնել հոգեւոր քաղաքի կարգավիճակն ու ինքնագլուխ որոշում չկայացնեին: Չէ՞ որ այս շենքն ուղիղ Մայր Աթոռին է նայում, այստեղով լիքը տուրիստներ են անցնում, բա չե՞ն ասի՝ էս ի՞նչ անճաշակություն է, էս քաղաքում մի խելքը գլխին մարդ չկա՞ր, որ արգելեր էս խեղկատակությունը»։

Երիտասարդներն ավելի քան համոզված են, որ հայկական պատշգամբների ռուսական երիզներն ապամոնտաժվելու են: «Առանց այն էլ՝ բնակիչներն այնքան դժգոհ են քաղաքապետարանի աշխատանքից, որ եթե սա էլ գումարվի, Դիանա Գասպարյանի վիճակը կվատանա»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են դժգոհ: «Էջմիածնի գրեթե բոլոր դպրոցներն առեւտրականների գայթակղության թիրախ են դարձել: Դպրոցների կողքն ինչ ասես սարքում են, քաղաքապետն էլ չի արգելում: 1-ին դպրոցի շուրջբոլորն այնքան առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ կան, որ դպրոցի շենքը չի երեւում: 4-րդ դպրոցի մուտքն էլ շուտով կփակվի՝ սուպերմարկետի ու հացի արտադրամասի պատճառով: Նույն վտանգի առաջ է հայտնվել 2-րդ դպրոցը. այստեղ էլ վարսավիրանոց են սարքել ու դեռ շարունակում են կից կառույցներ անել»,- ասաց Արման Հովհաննիսյանը:

1-ին եւ 4-րդ դպրոցների «շրջափակումը», պարզվեց, նախկին իշխանությունների օրոք է եղել: Շուկայի հարեւանությամբ գտնվող 1-ին դպրոցն առեւտրականներին է «նվիրել» Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկը՝ Երվանդ Աղվանյանը: 4-րդ դպրոցը, որի հարեւանությամբ գտնվող «փող բերող տարածքը» վարձակալել է Մանվել Գրիգորյանի քենակալը, Էջմիածնի 4-րդ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օրոք է եղել: Իսկ 2-րդ դպրոցի «աշխատող մասը», գործող ավագանու որոշմամբ, հանձնվել է Դիանա Գասպարյանի ընկերուհուն:

Քաղաքապետ Գասպարյանի հետ զրուցել չհաջողվեց՝ հեռախոսն անհասանելի էր: Անպատասխան մնացին նաեւ քաղաքի ճարտարապետին ուղղված մեր զանգերը: