Հենց տեսնեն, թե տոկոսային որքան է իրենց ներուժը, կխուսափեն ընտրություններից

Հենց տեսնեն, թե տոկոսային որքան է իրենց ներուժը, կխուսափեն ընտրություններից

Հարցազրույց նոր ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ

- Պարոն Հակոբյան, Ձեր կուսակցությունն արդեն գրանցե՞լ եք, թե՞ գրանցված կուսակցություններից մեկն եք վերցրել եւ ռեբրենդինգ արել։

- Վաղուց կար մեր կուսակցությունը գրանցված, պարզապես անվանումը փոխեցինք, որպեսզի ավելի համահունչ լինի էսօրվա իրականության հետ։

- Ի՞նչ ֆորմատով եք մասնակցելու ընտրություններին, մամուլում երկու օր է՝ գրվում է, որ Քոչարյանի մատնանշած երկու ուժերից մեկը հնարավոր է դուք լինեք։

- Քանի որ դեռ չկա հստակեցում, թե երբ են լինելու այդ ընտրությունները, քանի որ Նիկոլի գրառումն իր ֆեյսբուքյան էջում դեռ չի նշանակում, որ մենք գնում ենք ընտրության։ Երբ որ կլինի հստակեցում, էդ ժամանակ էլ կհասկանանք, թե ինչ ֆորմատով ենք գնում։

- Դուք եւ ընդդիմության Ձեր շատ գործընկերներ միաժամանակ ասում եք, որ վստահ չեք՝ ընտրություններ կլինե՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կխաբի բոլորին, մյուս կողմից ակտիվ նախընտրական եռուզեռի մեջ են այդ նույն ընդդիմադիր ուժերը։

- Ես կարծում եմ, որ Նիկոլն իր թիմով պատրաստվում է, համենայնդեպս, ընտրությունների, իրենք հիմա փորձում են հասկանալ իրենց ուժերը, միջոցները եւ վերածեն տոկոսային միավորի, թե ինչքան դա կստացվի, եւ ես համոզված եմ, որ հենց իրենք հստակ տեսնեն, թե տոկոսային առումով որքան է իրենց ներուժն էսօր Հայաստանում, ամեն ինչ կանեն, որ խուսափեն ընտրություններից։

- Իսկ Դուք ի՞նչ եք անելու այդ դեպքում։

- Էդ դեպքում, ես կարծում եմ, պետք է էս պայքարը տրանսֆորմացիա լինի այլ ձեւաչափի, ես կարծում եմ՝ պետք է ժողովուրդը նորից դուրս գա փողոց, բայց արդեն ոչ 30-40 հազարով, այլ շատ ավելի շատ մարդկանցով միտինգներ պետք է լինեն։

- Փորձենք հստակեցնել․ Դուք չեք հերքել, որ հնարավոր է Քոչարյանի հետ դաշինքով հանդես գաք Դուք եւ ՀՅԴ-ն, այսինքն՝ Քոչարյանի մատնանշած այդ երկու ուժերի մեջ Դուք էլ լինեք։

- Մենք չենք բացառում առողջ ուժերի հետ համագործակցություն՝ դաշինքի տեսքով, եթե նրանց օրակարգում առաջին եւ գլխավոր խնդիրն է Նիկոլի հեռանալը։

- Իսկ ինչո՞ւ ոչ ՀՀԿ-ի հետ, նրանց օրակարգում էլ է Նիկոլի հեռանալը, Դուք էլ Սերժ Սարգսյանի օրոք եք մարզպետ եղել, ինչո՞ւ ոչ Արթուր Վանեցյանի կամ Միքայել Մինասյանի հետ, որոնց հետ ընկերական հարաբերություններ ունեք։

- Այո, Ձեր բոլոր թվարկած մարդկանց օրակարգում կա Նիկոլի հեռանալը, բայց հոգեհարազատ չէ, էսպես ձեւակերպեմ, մոտեցումները Ձեր մատնանշած մարդկանց։ Մենք, էսպես ասած, շտապում ենք, լավ առումով եմ ասում, մենք շտապում ենք վայրկյան առաջ Նիկոլից ազատվել։

- Հնարավո՞ր է բոլորիդ մի դաշինքում տեսնենք։

- Ռեալ եթե խոսենք՝ չեմ կարծում։ Ոչինչ բացառված չէ, բայց մի քիչ տարբեր են, էլի, բեւեռները։

- Դուք ընդդիմադիր ուժերով ունե՞ք մշակած մարտավարություն, թե ինչպես եք պայքարելու Փաշինյանի դեմ, եւ չե՞ք կարծում, որ տարբեր թեւեր ձեւավորելով, ապակենտրոն պայքար մղելը նաեւ ձեր դեմ կաշխատի՝  կփոշիացնեք մեկդ մյուսի ձայները, իրարից ձայն կխլեք։

- Ես չեմ կարծում, որ ապակենտրոնացված կլինի պայքարը, կոնկրետ իմ կարծիքով՝ մեր քարոզարշավը պետք է ուղղված լինի ոչ թե նրան, թե մենք ինչքան լավն ենք, այլ մենք պիտի մատնանշենք Նիկոլի թերությունները։ Ու քանի որ ինքն ամբողջովին թերություններից է կազմված, պետք է հակաքարոզչություն բրթենք առաջ։

- Թեեւ բոլորիդ նպատակն իշխանության գալն է, բայց չի բացառվում, որ դուք փոքր տոկոսով անցնեք խորհրդարան, չկարողանաք կոալիցիա ձեւավորել ու գալ իշխանության։ Ի՞նչ եք անելու այդ դեպքում, գնալու եք Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում ընդդիմությո՞ւն աշխատեք։

- Ես բացառում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կհավաքի բավականին ձայներ, որ վերընտրվի։ Ես պարզապես բացառում եմ, եւ դա, ինձ թվում է, իրենք էլ են պատկերացնում։ Իսկ եթե ինքը չհավաքի մեծամասնություն, կունենա իր հետեւից շարունակական ու աճող խնդիրներ։

- Ընդդիմադիր ուժերը 5-6 ամիս շարունակ կուրծք էին ծեծում, թե Նիկոլը պետք է վայրկյան առաջ հեռանա, ասում էին՝ դավաճան է, իրենք դավաճանի հետ որեւէ կոմպրոմիսի գնալու միտք չունեն, բայց այսօր այդ նույն ընդդիմադիր ուժերը նրա հետ գնում են նրա թելադրած օրակարգով ընտրությունների՝ միաժամանակ պնդելով, որ նա կկեղծի ընտրությունները։ Նոնսենս չկա՞։

- Մասամբ՝ այո, բայց ես, ինչքան գիտեմ, նույն Դաշնակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ ինքը, առհասարակ, մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ, ՀՀԿ-ն էլ իր դիրքորոշումը դեռ չի արտահայտել՝ գնո՞ւմ են ընտրությունների, թե՞ ոչ, մյուս ուժերն էլ։ Ինչ վերաբերում է շարժումը մարելուն, ես կարծում եմ՝ ինքը չի մարել, պարզապես թայմ աութ են վերցրել, որովհետեւ ես, ինչքան գիտեմ, հիմա մարզային այցելություններ են սկսել, ու քանի որ հայտարարվել է Նիկոլի կողմից, որ, այո, ինքը տալու է հրաժարական, եւ գնալու են ընտրությունների, գուցե այդ թայմ աութը դրանով է պայմանավորված։

- Դուք Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ եք, իսկ սեփականատերերը հիմա ովքե՞ր են, եւ իրենք հետաքրքրվա՞ծ են մեր ներքաղաքական անցուդարձով։

- Բացարձակ, 3 սեփականատեր է հիմնականում, բաժնետոմսերի 75 տոկոսն առայժմ գերմանական է, իրենք գերմանացի են, իրենք իրենց ակտիվի տերն են եւ մեր շատ լավ բարեկամներն են։

- Տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը որոշել է խլել հանքը ձեզնից, փակել այն, չեզոքացնել։

- Այո, ինքն ամեն ինչ փորձում է անել, բայց ես համոզված եմ՝ իր մոտ չի ստացվելու․ ցանկացած ոտնձգություն կոմբինատի նկատմամբ կանխվելու է շատ կոշտ եւ վճռական ձեւով։