Գար մեկը եւ ասեր` ես տեր եմ Նիկոլի ստորագրածին

Գար մեկը եւ ասեր` ես տեր եմ Նիկոլի ստորագրածին

Նոյեմբերի 9-ի գիշերը եռակողմ ստորագրած զինադադարի հայտարարության մեջ սեւով սպիտակի վրա նշված է, որ հակամարտող կողմերը մնում են այդ պահին զբաղեցրած դիրքերում: Գրված է նաեւ, որ կողմերը ռազմագերիներին փոխանակելու են բոլորը բոլորի դիմաց, կամ գերիների վերադարձ է լինելու, եւ դրա դիմաց նշված չէ որեւէ նախապայման ու փոխհատուցում: 

Հայկական կողմը չմնաց հիշյալ օրը զբաղեցրած դիրքերում, նահանջեց ե՛ւ Արցախի Հանրապետությունում, ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում: Արցախում հանձնեցին Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը, որոնք ստորագրելու պահին մեր մարտական ուժերի հսկողության տակ են եղել: Հանձնեցինք գյուղերը եւ նրանց հետ՝ մեր դիրքապահներին, որոնց գերեվարեց ադրբեջանական կողմը եւ հրաժարվեց վերադարձնել` համարելով ռազմական հանցագործներ, իսկ հետագայում դատեց որպես սահմանախախտների:

Եթե Պաշտպանության բանակի վերահսկողության տակ չէին այդ տարածքները, ինչո՞ւ էինք դիրքապահներ տարել: Եթե հետո հավելյալ պայմանավորվածությամբ հանձնելու էինք, ինչո՞ւ դիրքապահներին նախապես դուրս չենք բերել: Ուրեմն նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրման պահին մեր վերահսկողության տակ են եղել, այդ պատճառով էլ դիրքապահներ ենք տեղակայել Հին Թաղերում եւ Խծաբերդում, ոչ թե Շուշիում:     

Նույն համաձայնագրում նշված չի եղել, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին վերադարձնելու է Արցախի ականապատված տարածքների քարտեզների դիմաց` մաս առ մաս, թե որ քարտեզը որքան մարդկային կյանք արժի, ինչ գին ունի: Հայաստանն անհապաղ պետք է պահանջեր գերիների վերադարձ, հակառակ դեպքում որեւէ նոր գործարք չպետք է կնքեր Ադրբեջանի հետ, ինչպես արեց հունվարի 11-ին Մոսկվայում` ստորագրելով նոր եռակողմ համաձայնագիր: 
Հայաստանը տարածք առ տարածք հանձնում է ականապատման քարտեզները եւ դիմացը մաս առ մաս ստանում ռազմագերիներ: Քարտեզներ` մարդկային կյանքերի դիմաց: Սա առեւտուր է, որի վճարած գինը մարդն է, թրաֆիքինգ: Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները՝ որպես միջազգային կառույցների անդամ, փոխարենը Հայաստանն օգնում է Ադրբեջանի հեղինակության բարձրացմանը նույն կառույցներում` որպես մարդասիրական երկրի: 

Մեր վարչապետը հայտարարում է, որ կառուցողական է Ադրբեջանը` այդպես ոչ միայն արդարացնելով մարդու առեւտուրը, այլեւ բարձրացնելով մարդասիրական բարձր աստիճանի: Նախորդ անգամ ԱՄՆ-ն էր թրաֆիքինգի միջնորդը, այս անգամ` Ռուսաստանը: Բայց թրաֆիքինգ նշված չի եղել նոյեմբերի 9-ի համաձայնագրում: Բոլորն աշխատում են հանուն Ադրբեջանի եւ Հայաստանի դեմ, Հայաստանը` նույնպես: 

Հայաստանն ընդամենը մեկ հարց պետք է ուղղեր. Պուտին, դու տե՞ր ես քո ստորագրածին, Ալիեւ, դու տե՞ր ես քո ստորագրածին... ես էլ տեր եմ Նիկոլի ստորագրածին: Ուրեմն վերադարձ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր: Չենք զիջում Հայաստանից տարածքներ, եւ չկա մարդու առեւտուր: Եթե Նիկոլը չի կարողանում տեր լինել իր ստորագրածին, ուրեմն պետք է գար իշխանափոխություն, նոր վարչապետ, որ ոչ թե բռունցքը խփեր սեղանին կամ պատերազմ աներ, այլ ընդամենն ասեր` ես տեր եմ Նիկոլի ստորագրածին:

Հուսիկ Արա